ՊՂԾՈՒՄ ԵՆ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

tumanyan

Մարդիկ ավելի լուրջ գործերով են զբաղված

Մոտ երկու շաբաթ առաջ Հ2-ի «Լրաբեր» ծրագրով ներկայացված ռեպորտաժում Հ.Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, խոր ափսոսանք հայտնելով, տեղեկացրեց, որ այլեւս կարող ենք կորուսյալ համարել Թբիլիսիի Վոզնեսեցկայա 18 հասցեում գտնվող Թումանյանի տունը, որտեղ Ամենայն Հայոց բանաստեղծն ապրել է շուրջ երկու տասնամյակ։

Թումանյանի թբիլիսյան տան շուրջ ստեղծված իրավիճակը նորություն չէր. այն շուրջ 13 տարվա պատմություն ունի։ Այսինքն՝ Թբիլիսիում հայկական հետքը ջնջել-վերացնելու վրացական կողմի ակտիվ նախաձեռնությունների շարքում հայոց բանաստեղծի տունը «աճուրդի հանելու» մտադրությունը հայտնի էր վաղուց։ Եւ ահա Թբիլիսիի քաղաքապետարանը 25 հազար դոլար պարտքի դիմաց Թումանյանի տունը զիջեց վրացի մի օլիգարխի։
Թվում է, թե լուրն առնելուն պես, թեկուզ աններելի ուշացումով, Հայաստանի գրողների միությունը կփորձի իրավիճակը շտկելու ելք գտնել։ Թվում է, ՀԳՄ-ն հանդես կգա հայտարարությամբ, խնդրելով հայրենի կառավարությանը միջոցներ ձեռնարկել բանաստեղծի տունը վերադարձնելու նախկին կարգավիճակին։ Կամ թեկուզ, օգտագործելով հայ-վրացական կապերը, ինչի մասին շարունակ ազդարարում է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, միության ղեկավարությունը կջանար հանդես գալ ինքնուրույն նախաձեռնությամբ։ Ասենք, կփորձեր համոզել վրաց գործընկերներին իրենց իշխանություններին փոխանցել Հայաստանի գրողների մտահոգությունը կատարվածի վերաբերյալ։
Սակայն ահազանգից հետո էլ Հայաստանի գրողների միությունը մինչ օրս շարունակում է քար լռություն պահպանել։ Կարծես խոսքը ոչ թե Թումանյանի, այլ ինչ-որ անհայտ մեկի մասին է։ Ում է պետք այն միությունը, որը ի վիճակի չէ, ավելին, ջայլամային դիրք ընդունած, չի ցանկանում հանդես գալ պահանջատիրոջ կեցվածքով եւ տեր կանգնել իր մեծությանն ու նրա «ինչքին»։
Լեւոն Անանյանը շատ է սիրում եւ տեղի-անտեղի շարունակ օգտագործում է «զանգահար» բառը։ Բա ո՞ւր էիք 13 տարի։ Այն, որ անցած տարիներին թիֆլիսահայությունը եւ Վրաստանում Հայաստանի դեսպան Խոսրոեւը «քնած» էին ձեւանում, իհարկե, ներելի չէ, բայց ինչ-որ տեղ հասկանալի է։ Բայց որտե՞ղ էր ՀԳՄ-ն, որին դեռեւս 13 տարի առաջ էր հայտնի Թբիլիսիի իշխանությունների կողմից Թումանյանի տունը ծախելու գործընթաց սկսելու մտադրության մասին։
ՀԳՄ նախկին նախագահ Հրանտ Մաթեւոսյանի ընտանիքը զբաղված էր միության վարձակալած տարածքների եւ կից սրճարանի գումարները հավաքելով։ Հասկանալի է՝ Թումանյանի տան 25 հազարանոց պարտքը փակելու գումարը առանձնացնելը անհնար էր։ Բայց ի՞նչն էր խանգարում Մաթեւոսյանին, որին 20 րոպեում Վանոն ՀԳՄ նախագահ կարգեց, վերջինիս անհագստացնել այդ հարցով։ Միթե ամենազոր Վանոյին 25 հազար գտնելը դժվար էր։
Ավելին, Մաթեւոսյանի կինը՝ Վերժինե Մովսիսյանը, շուրջ 10 տարի զբաղեցնում էր Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը եւ ստեղծել էր «Թումանյան» հիմնադրամ։ Ցանկության դեպքում կարելի էր այս հիմնադրամից տարեկան չորս անգամ 25 հազար «քամել» եւ նպատակաուղղել Թումանյանի տան պարտքերի մարմանը։
Թումանյանի թոռնուհու Իրմա Սաֆրասբեկյանի կեցվածքն էլ անհասկանալի է։ Քաջատեղյակ էր Թիֆլիսի քաղաքապետարանի ծրագրած ծածուկ գործարքին։ Սակայն պապենական տունը կորցնելու վտանգն անտեսելով, շարունակ զբաղված էր թանգարանի տնօրենի ընտրություններում իր նախընտրելի թեկնածուին անցկացնելու, ընդհանրապես այդ աթոռի շուրջ տեւականորեն աղմուկ-աղաղակ բարձրացնելու գործով։
Սակայն դառնանք մեր օրերին, այսինքն՝ 2001-ին, երբ ՀԳՄ նախագահ դարձավ Լեւոն Անանյանը։ Եւ ութ տարի անընդհատ հպարտանում է, թե իր ջանքերով կազմակերպած ամենամյա գրական մարաթոնների միջոցով լցրել է ՀԳՄ բյուջեն։ Ընդ որում, խոսում է 300 հազար դոլարի մասին, որը իբր բանկում հաստատուն մնում է, իսկ տոկոսներով ամսական «թոշակ» է տալիս գրողներին։ Նաեւ ազդարարում է, թե ինչ հերոսական ճիգեր գործադրեց գրողների պոլիկլինիկան հետ բերելու համար։
Մինչդեռ այդ ճիգերը պետք էր գործադրել Թումանյանի տունը փրկելու համար։ Կամ գրական դաշտը մակուլատուրայով լցնելու, պահեստներում գրքաթափոնը փտեցնելու փոխարեն կարելի էր գրական ֆոնդից մասնահանումներ կատարել Թումանյանի տան պարտքերի մարման նպատակով։
Ի դեպ, մեր տեղեկություններով, այսօր արդեն նշված 300 հազար դոլարից բանկում մնացել է ընդամենը 80 հազարը։ Սա ի գիտություն միության անտեղյակ անդամների, որոնք վստահ են, թե ՀԳՄ գանձարանը լիքն է։
Այժմ արտառոցի մասին։ Տարիներ առաջ Լեւոն Անանյանը իր ծառայողական «Վոլգան» փոխարինեց արտասահմանյան թանկարժեք մեքենայով։ Եւ գիտեք այդ հարցում ո՞վ օգնեց։ Նույն ինքը, Վրաստանի գրողների միության կին նախագահը։ Նրա ամուսինը, որն զբաղվում է արտերկրից ներկրվող մեքենաների առքուվաճառքով, կնոջ միջնորդությամբ բավարարեց նրա հայ գործընկերոջ խնդրանքը եւ Անանյանին վաճառեց շուկայականից ցածր գնով նշված մեքենան, որի զեղչված գինը Անանյանը տարբեր տեղերում տարբեր կերպ է ներկայացնում՝ 15-25 հազար դոլար։
Իսկ մենք կարծում էինք, թե ՀԳՄ ղեկավարությունը տարիներ առաջ Վրաստանում կազմակերպված պոեզիայի շաբաթվա շրջանակներում քննարկում էր նաեւ Թումանյանի տան խնդիրը լուծելու հարցը։ Կամ երբ ամեն տարի Անանյանի հրավերով Հայաստանի գրական համաժողովներին մասնակցելու նպատակով Երեւան էր ժամանում Վրաստանի գրողների միության պատվիրակությունը՝ նախագահի գլխավորությամբ, մեր գրողները կերուխումի ժամանակ նաեւ Թումանյանի տան շուրջ ստեղծված իրավիճակն էին քննարկում։
Մինչդեռ պարզվում է, հայ-վրացական գրական կապերը շատ պրոզայիկ են եւ սահմանափակվում են ընդամենը մեքենայի շահավետ առքուվաճառքով։
Արդյունքում Թումանյանի տունը «փլվեց»։ «Ի փառս» գրական միջակությունների անձնական բարեկեցության։

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ԱՂԲՅՈՒՐԸ  ԻՆՉՈՒ ՉՓՐԿԵՑԻՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆԸ

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий