Սեյրան Օհանյանի աշխատասենյակում Պավել Մանուկյանի բաժակի մեջ թքել և ջուր էին տվել. ազատամարտիկը դեռևս չի՞ կողմնորոշվել 

pahelohanyan-600x301

Լեռնային Ղարաբաղն ազատագրած ազատամարտիկների` մարտական մեդալները վերադարձնողների շարքը համալրվեց ևս մեկով: Երեկ իր 11 մարտական մեդալները վերադարձրեց պատերազմական թոհուբոհի միջով անցած ազատամարտիկ Պավել Մանուկյանը` իր այս քայլը պատճառաբանելով հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպով, ինչը, նրա խոսքով, իշխանությունների կողմից ծրագրված սադրանք էր: Ավելին, ազատամարտիկը ժամանակին իրեն տրված պարգևը մետաղ է անվանել: «Տեղի ունեցածը հարված էր հայ ժողովրդին: Եթե նույն մետաղը, նույն պարգևը կարող է կրել նույն ազգի և´ ավազակը, և´ զինվորը, արդեն անհամատեղելի է»,- ասել է ազատամարտիկը: Ավելորդ չենք համարում նշել, որ կռված զինվորի հոգեբանությունն ուսումնասիրող մասնագետները փաստում են, որ նրանց մոտ խիստ ընդգծված է պատվի ու արժանապատվության զգացումը: Իսկ կոչումները շնորհվում են ու կարող են հետ վերցվել, բայց իսկական զինվորականն ունի մի բան` արժանապատվություն, որը հնարավոր չէ խլել նրանից: Ինչևէ, թարմացնելով շատերի հիշողությունը` փորձենք հասկանալ` ինչով է հայտնի ԼՂ ազատագրմանը մասնակցած Ապարանցի Պավլիկը Դեռևս 2005 թվականի հունիսի 21-ին`ժամը 12:30-ի սահմաններում, «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» նախընտրական դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության նախկին թեկնածու Պավել Մանուկյանին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սեյրան Օհանյանի սենյակում դաժանաբար ծեծել էին: Պ. Մանուկյանը ջուր էր ուզել, ու նրան բաժակով ջուր էին տվել` մեջը թքած: Այդ ժամանակ ՀՅԴ-ն հանդես եկավ Պավլիկին սատարող հայտարարությամբ: Սակայն դրանից օրեր անց Պավլիկ Մանուկյանը հանդես էր եկել ՀՅԴ-ի հասցեին սուր քննադատությամբ: Ինչո՞ւ եք դուրս եկել ՀՅԴ-ի դեմ. «Ժողովուրդ»-ի` այդ ժամանակ տված հարցին Մանուկյանը պատասխանել է. «Հայ հեղափոխական դաշնակցությունը լռեց այն ժամանակ, երբ իրենց վճարեցին, այսինքն`ՀՅԴ բյուրոն: Նրանց դրա համար առատորեն վարձատրեցին` ԱԳ նախարարի պորտֆել տվեցին ԼՂՀ-ում, ինչպես Գեորգի Պետրոսյանին, որն այժմ բյուրոյի անդամ է, և մեկ էլ քաղաքաշինության փոխնախարարի պորտֆելը ստացան: Եվ ամեն ինչ շրջվեց իմ դեմ: Իրենց գինն այդ էր»: ՀՅԴ-ականներն էլ իրենց հերթին այդ ժամանակ հայտարարում էին, թե Պավել Մանուկյանը ծախվել է իշխանություններին, ու դա է պատճառը, որ քննադատում է իրենց: Այս առիթով ազատամարտիկը վստահեցրել էր` անգամ ԱՄՆ-ն այնքան գումար չունի, որ կարողանա գնել իրեն: Աղմկահարույց դեպքի արտառոց մանրամասները Այդ ժամանակ դեռևս ՀՅԴ-ական Պավլիկ Մանուկյանն ամենասուր քննադատության էր ենթարկել «Հայ հեղափոխական դաշնակցությանը»: Եվ սա այն դեպքում, երբ նույն Պավլիկին ՀՅԴ-ն բավականին «սուր» հայտարարությամբ պաշտպանեց 2005-ին, քանի որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի սենյակում դաժանաբար ծեծվել էր: Մինչ նախարարին տեսնելը, գեներալ Սամվել Կարապետյանը հարվածել էր Պավլիկ Մանուկյանի ծնոտին ու փորին: Այնուհետև երկուսով՝ այսօրվա ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հետ, մտել էին Սեյրան Օհանյանի աշխատասենյակ: Վերջինս բարևելուց անմիջապես հետո հարձակվել էր Պավլիկի վրա. «Ես քու դաշնակ ծնողը… Վիտո՞ եք պաշտպանում (խմբ. նկատի ունեին ազատամարտիկ Վիտալի Բալասանյանին): Կարծում եք` եթե հաղթեիք, հենց էնպես իշխանությո՞ւն էինք ձեզ տալու»: Վիրավորանքների տարափի տակ երկուսով՝ Ս. Օհանյանը և Ս. Կարապետյանը, սկսել էին ոտքով ու ձեռքով հարվածել Պավլիկին: Ու երբ վերջինս ջուր էր խնդրել, Վարդան Բալայանը նրան մի բաժակ ջուր էր բերել՝ մեջը թքած: Այս պատմությունից հետո երկար ժամանակ Պավլիկ Մանուկյանը լռում էր, մինչև Պռոշյանի համայնքապետ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանությունը: Ավելի ուշ Ապարանցի Պավլիկը ՀՅԴ բյուրոյին հայտարարել էր, որ հայտնվել են քաղաքական աղբամանում: Այդուհանդերձ, ազատամարտիկը վստահեցրել էր, որ ինքը մնում է հավերժ դաշնակցական: «Ժողովուրդ»-ի հարցին` նեղացա՞ծ եք, Պավել Մանուկյանը պատասխանել էր. «Հայրենիքից չեն նեղանում, ես ընդհանրապես նեղացկոտ չեմ, ես զայրացկոտ եմ: Զայրանում եմ, բայց հետո իմ մեջ ոչ մի քեն չի մնում»: Ինչպե՞ս էր տարիներ առաջ Պավել Մանուկյանն արձագանքել ազատամարտիկների առաջ քաշած խնդիրներին  Վերը նշված ժամանակահատվածում մի շարք ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց էին անում` պահանջելով սոցիալական արտոնություններ և ապրուստի հնարավորություն: Այս առիթով Պավել Մանուկյանը հայտարարել էր. «Ի՞նչ է նշանակում` ուրեմն մենք սրա՞ համար էինք գնացել… Կարո՞ղ է՝ ինչ-որ թոշակ ստանալու համար էինք գնացել: Մենք ո՞ւմ կամ ինչի՞ համար էինք կռվում: Եթե իմ ժողովուրդը վատ է ապրում, ապա ես էլ կապրեմ այնպես, ինչպես իմ ժողովուրդը: Եթե ժողովուրդն արտագաղթում է, ես ո՞ւմ հերոսն եմ՝ գաղթակա՞ն, թե՞ բարոյալքված ժողովրդի»: Ապարանցի Պավլիկի` քննադատությունների արժանացած հայտարարությունները Տարիներ առաջ Ասկերանում ելույթ ունենալով՝ Պ. Մանուկյանն ասել է. «Լինել զինվորական և չլինել խիստ` նշանակում է լինել այսօրվա զինվորականների պես և բանակը ենթարկել առք ու վաճառքի: Բալասանյան Վիտոն, համայն հայության համար՝ գեներալ Բալասանյանը, եղել է անաչառ. նրա համար չի եղել, այսպես կոչված, «ախպերություն»: Այսօր ախպերությունը քանդեց մեր բանակը: Ախպերությունը «վերևն ա», դրա համար էլ, սնկի պես, եթե տարին անձրևոտ ա լինում, աճում են գեներալներ: Եթե կա մի հերոս, որին կարելի է ասել՝ կրկնակի հերոս, դա Բալասանյան Վիտալիկն է»: Մեկ ուրիշ տեղ նաև ասել է. «Կառավարության և բանակի հրամանատարության տեղը Շուշվա բերդն ա», «այսօր բանակը ոչխարներ են ղեկավարում, բայց պետք է ղեկավարեն առյուծներ` ի դեմս Բալասանյանի»: Այս խոսքերից հետո մամուլում սկսեցին ավելի քչփորել, քննարկման առարկա դարձնել Պ. Մանուկյանին կոչումից զրկելը, ոգելից խմիչք օգտագործելը: Իսկ այս օրերին Պավել Մանուկյանը հանդես է գալիս որպես «ընդդիմություն» և փորձում է պաշտպանել իր հետ կռվածների ոտնահարված իրավունքները: Ազատամարտիկի քայլը, ինչ խոսք, ողջունելի և գովելի է, սակայն ամեն բան ավելի է խճճվում` ի վերջո քաղաքական ի՞նչ կողմնորոշում ունի Ապարանցի Պավլիկը, և ո՞ր «թևին» է նա պատկանում: Հ.Գ. Բերձորյան դեպքից անցել է ավելի քան 3 շաբաթ: Պավել Մանուկյանն ու մի քանի այլ ազատամարտիկներ այսօր միայն որոշեցին անդրադառնալ դեպքին և ինչ-որ կերպ մեկնաբանել տեղի ունեցածը, որն, անկասկած, ոտնահարել է հայրենիքի համար մարտնչած ազատամարտիկների իրավունքները: Որքանով է սա սրտացավության դրսևորման ձև, և ինչու է ազատամարտիկն իր համար ավանդույթ դարձրել ընկերների հետ տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանել այն ժամանակ, երբ մեծ հաշվով ամեն բան ընկել է իր տեղը, թերևս գիտի միայն ինքը` Պավել Մանուկյանը: Եվ թե´ հիմա, թե´ 10 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի ժամանակ որևէ մեկին պետք է ձեռնտու չլիներ այդ տգեղ «ռազբորկան», թե պատերազմում ով որքան արյուն է թափել, ով որքան է կռվել: Կռված տղաների պայքարը չպետք է կշեռքի նժարին դնել: Ե´վ այն ժամանակ, և´ այսօր քաղաքական խաղերի մեջ են ներքաշվում Ղարաբաղյան պատերազմի տղաները, իսկ սա  միանշանակ  անընդունելի է: 

Տաթև Հարությունյան 

Աղբյուրը    http://armlur.am/311794/

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

2 отзыва на “Սեյրան Օհանյանի աշխատասենյակում Պավել Մանուկյանի բաժակի մեջ թքել և ջուր էին տվել. ազատամարտիկը դեռևս չի՞ կողմնորոշվել 

  1. Ազատամարտիկի արժեքը արժեզրկեցին, շատերը գիտեն թե ով դրեց այդ հիմքը, սակայն լռում են, թողնելով որպեսզի արժեզրկվի բանակը ու զինվորը, արժեզրկվի հայրենիքն ու հայրենասիրությունը․․․

  2. ազատամարտիկը առանց զենքի…

Оставьте комментарий