Անասնաֆերմա.  Ջորջ Օրուել

3445879_640pxԳԼՈՒԽ 1

Գիշերվա դեմ «Մենըր» ֆերմայի տեր Ջոնզը կողպեց հավաբները, սակայն չափից դուրս հարբած էր, որպեսզի հիշեր գոմերը փակել։ Շորորալով, լապտերի լույսը դեսուդեն պար տալով, նա ետնամուտքի մոտ դեն շպրտեց սապոգները եւ, լվացքասենյակի տակառից մի վերջին կուժ գարեջուր քաշելով, դիմեց վեր, ուր արդեն խռմփում էր միսիս Ջոնզը։

Ննջասենյակի լույսը մարելուն պես՝ ֆերմայի կառույցներով մեկ իրարանցում սկսվեց։ Ցերեկով խոսք էր տարածվել, թե ծեր Գնդապետը, մրցանակակիր ճերմակ կինճը, նախորդ գիշեր արտասովոր մի երազ է տեսել եւ ուզում է այն հաղորդել մնացած անասուններին։ Որոշվել էր հավաքվել մեծ ամբարում, հենց որ միստր Ջոնզը բարով խերով քաշվի մի կողմ։ Ծեր Գնդապետը (նրան միշտ այդպես էին կոչում, չնայած նա ցուցադրվում էր ուրիշ անվան տակ՝ Վիլինգդոնյան Հրաշք) ֆերմայում այնքան մեծ հարգանք էր վայելում, որ ամեն ոք հոժարաբար զոհեց իր մեկ ժամվա քունը՝ նրա ասելիքը լսելու համար։

Ամբարի մի ծայրում, հեծանից կախված լապտերի տակ, Գնդապետն արդեն թիկն էր տվել ծղոտին, բեմի նման մի հարթակի վրա։ Նա տասներկու տարեկան էր եւ վերջերս բավական գիրացել էր, բայց եւ այնպես դեռեւս սքանչելի տպավորություն գործող մի խոզ էր, իմաստուն ու բարյացակամ տեսքով, չնայած այն հանգամանքին, որ նրա ժանիքները երբեք չէին կտրվել։ Շատ չանցած սկսեցին ժամանել նաեւ մյուս անասունները եւ իրենց հարմար ձեւով տեղավորվել։ Առաջինը երեք շներն էին՝ Զանգակը, Ջեսին ու Փինչըրը, ապա՝ խոզերը, որոնք ծղոտին փռվեցին անմիջապես հարթակի կողքին։ Հավերը թառեցին պատուհաններին, աղավնիները թեւածելով ծվարեցին կտուրի հեղ գերաններին, ոչխարներն ու կովերը պառկեցին խոզերի հետեւում ու սկսեցին որոճալ։ Երկու գրաստները՝ Դմբուզն ու Երեքնուկը, ներս մտան միասին, դանդաղ ու զգուշորեն գցելով իրենց փրչոտ սմբակները, որ հանկարծ հարդի մեջ մի մանր էակի չտրորեն։ Երեքնուկը կյանքի կեսը բոլորող պարարտ մի զամբիկ էր, որն իր չորրորդ քուռակից հետո այդպես էլ չէր վերականգնել նախկին կեցվածքը։ Դմբուզը հսկա մի գազան էր, համարյա տասնութ թիզ բարձրությամբ՝ երկու սովորական ձիու ուժի տեր։ Քթով իջնող սպիտակ բիծը նրան փոքր֊ինչ տխմար տեսք էր տալիս․ ինչեւէ, նա օժտված չէր առաջնակարգ բանականությամբ սակայն համատարած հարգանք էր վայելում որպես կայուն նկարագրի եւ անսահման աշխատունակության տեր։ Ձիերից հետո ներս մտան Մյուրիելը՝ սպիտակ այծը, եւ Բենիամինը՝ էշը։ Բենիամինը ֆերմայի ամենաերկարակյաց անասունն էր եւ՝ ամենադժվարահաճը։ Նա սակավախոս էր, իսկ խոսելիս սովորաբար ցինիկ մի դիտողություն էր անում, օրինակ, ասում էր, որ Աստված իրեն պոչ է պարգեւել ճանճերին քշելու համար, սակայն ինքը կնախընտրեր, որ ոչ պոչը լիներ, ոչ էլ ճանճերը։ Նա միակն էր ֆերմայի անասուններից, որը երբեք չէր ծիծաղում։ Պատճառը հարցնելիս, նա պատասխանում էր, որ ծիծաղելու առիթ չի տեսնում։ Բայց եւ այնպես, առանց բացեիբաց այդ ընդունելու, նա նվիրված էր Դմբուզին, եւ հաճախ երկուսը կիրակիներն անց էին կացնում միասին՝ բոստանի հետեւից փոքրիկ ցանկապատած հողամասում կողք֊կողքի լուռ կանգնելով։

Հազիվ էին երկու ձիերը տեղավորվել, երբ ամբար լցվեց մորը կորցրած բադիկների մի երամ՝ կամացուկ ծվծվալով, նրանք դես ու դեն էին անում, որ ոտքի տակ չընկնեն։ Երեքնուկն իր հսկա ոտքով նրանց պատսպարեց, եւ բադիկները տեղնուտեղը պառկեցին ու քուն մտան։ Վերջին րոպեին, մի կտոր շաքարը բերնին, կոտրատվելով ներս ճեմեց Մոլլին, սիրունիկ ու հիմար զամբիկը, որը քաշում էր միստր Ջոնզի երկանիվ կառքը։ Նա տեղ գրավեց առջեւում եւ սկսեց տարուբերել իր ճերմակ ճերմակ բաշը՝ հուսալով ուշադրություն հրավիրել մազերին հյուսված կարմիր ժապավենին։ Կատուն եկավ ամենավերջում, սովորականի պես նայեց շուրջը՝ ամենատաքուկ տեղը փնտրելով, եւ վերջապես խցկվեց Դմբուզի եւ Երեքնուկի միջեւ, ինքնագոհ մռմռալով Գնդապետի ճառի ամբողջ ընթացքում՝ առանց ականջ դնելու վերջինիս եւ ոչ մի խոսքին։

Հիմա արդեն ներկա էին բոլոր անասունները, բացի Մովսեսից, ձեռնասուն ագռավից, որը քնում էր ետնամուտքի կողքի ցցին թառած։ Համոզվելով, որ բոլորը, հարմար դիրք ընդունած, ուշադիր սպասում են, Գնդապետը կոկորդը մաքրեց եւ սկսեց․

Ընկերներ, դուք արդեն լսել եք անցյալ գիշեր իմ տեսած արտասովոր երազի մասին։ Սակայն դրան ես կանդրադառնամ ավելի ուշ։ Նախքան այդ ես ուրիշ ասելիք ունեմ։ Ես չեմ կարծում, ընկերներ, որ դեռ շատ ամիսներ ունեմ ձեզ հետ անցկացնելու, բայց նախքան մեռնելը ես իմ պարտքն եմ համարում ձեզ փոխանցել ունեցած֊չունեցածս փորձը։ Բավական երկար ապրելով՝ ես շատ ժամանակ եմ ունեցել գոմում մենակ պառկած մտածելու եւ, թերեւս, իրավունք ունեմ հավակնելու, որ աշխարհիս կյանքը հասկանում եմ ցանկացած այլ կենդանուց ոչ պակաս։ Եվ այդ մասին է ահա, որ այժմ կցանկանայի խոսել ձեզ հետ։

Ուրեմն, ընկերներ, ի՞նչ է իրենից ներկայացնում մեր այս կյանքը։ Եկեք ծուռ նստենք, բայց շիտակ խոսենք․ մեր կյանքը ողորմելի է, տքնաջան եւ կարճատեւ։ Մենք ծնվում ենք, մեզ մի բուռ լափ են տալիս՝ ինչ է, թե շունչներս չփչենք, նրանց, ովքեր ընդունակ են, անխնա բանեցնում են, քամելով ուժերի վերջին կաթիլը, եւ այն նույն պահին, երբ մեր պիտանիությունը սպառվում է, մեզ հրեշավոր անգթությամբ մորթում են։ Մեկ տարին բոլորած եւ ոչ մի կենդանի Անգլիայում չգիտե, թե ինչ է երջանկությունը կամ հանգիստը։ Անգլիայում եւ ոչ մի կենդանի ազատ չէ։ Կենդանու կյանքն անցնում է թշվառության եւ ստրկության մեջ՝ ահա զուտ եղելությունը։

Սակայն արդյո՞ք սա է իրերի բնական ընթացքը։ Մի՞թե մեր այս երկիրն այնքան աղքատիկ է, որ ի վիճակի չէ ապահովել իր բնակիչների պատշաճ կյանքը։ Ոչ, ընկերնե՛ր, հազար անգամ ոչ։ Անգլիայի հողը բերրի է, եղանակը՝ նպաստավոր։ Մեր երկիրն այժմ կարող է պարենով լիուլի ապահովել իրեն բնակեցնող կենդանիներից բազմապատիկ ավելիին։ Հենց միայն մեր ֆերման կկերակրեր տասնյակ ձիերի, քսան կովի, հարյուրավոր ոչխարների եւ այն էլ՝ կյանքի այնպիսի հարմարավետ ու արժանավայել պայմաններում, որոնք այժմ գրեթե վեր են մեր երեւակայությունից։ Ապա ինչո՞ւ է, ուրեմն, շարունակվում մեր այս ողորմելի վիճակը։ Որովհետեւ մեր աշխատանքի համարյա ամբողջ արդյունքը բռնագրավվում է մարդկային ցեղի կողմից։ Ահա, ընկերներ, մեր բոլոր հարցերի պատասխանը։ Այն պարփակված է միակ բառի մեջ՝ Մարդ։ Մարդն է մեր ունեցած միակ թշնամին։ Վերացրեք ասպարեզից մարդուն, եւ մեր քաղցի ու շահագործման հիմնական պատճառը կչքվի հավիտյան։

Մարդը միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու։ Նա ոչ կաթ է տալիս, ոչ՝ ձու, նա գութանը քաշելու ուժ չունի, նա անկարող է անգամ ընկնել նապաստակների հետեւից։ Եվ չնայած դրան, նա բոլոր կենդանիների տերն է։ Նա անխնա բանեցնում է կենդանիներին, վերադարձնելով նրանց արտադրածի չնչին մի մասնիկը՝ նվազագույնը սովամահ չլինելու համար, եւ յուրացնում մնացածը։ Մեր ջանքերով հողը մշակվում է, մեր թրիքով՝ պարարտացվում, բայց մեզանից եւ ոչ մեկը չի տիրում ոչնչի, սեփական կաշվից բացի։ Ահա դուք, կովեր, որ նստած եք իմ առջեւ, քանի՞ հազար լիտր կաթ եք տվել թեկուզ հենց վերջին տարում։ Իսկ ի՞նչ եղավ այդ կաթը, որը պիտի ժիր հորթուկներ սներ։ Դրա ամեն մի կաթիլ լցվեց մեր թշնամիների կոկորդը։ Իսկ դուք, հավեր, քանի՞ ձու եք ածել այս տարում, եւ քանիսի՞ց են երբեւէ ճտեր դուրս եկել։ Մնացածը տարվեց շուկա, որ Ջոնզի ու իր մարդկանց համար փող բերի։ Իսկ դու, Երեքնուկ, որտե՞ղ են քո բերած չորս քուռակները, որ ծերության օրոք պիտի քո զորավիգն ու մխիթարությունը լինեին։ Նրանցից ամեն մեկը տարին չբոլորած հանվեց վաճառքի՝ դու նրանց էլ երբեք չես տեսնի։ Եվ ի՞նչ ես դու ստացել քո քուռակի երկունքի ու չարքաշ աշխատանքի դիմաց՝ ոչի՛նչ, չնչին օրաբաժնից ու գոմից բացի։

Ավելին՝ ողորմելի այս կյանքի բնական տեւողությունն իսկ բռնադատվում է։ Ես ինձ համար չեմ տրտնջում՝ ես երջանիկ բացառությունների թվին եմ պատկանում։ Ես տասներկու տարեկան եմ եւ ունեցել եմ չորս հարյուրից ավել զավակներ։ Եվ դա է խոզի բնական կյանքը։ Սակայն ոչ մի կենդանու չի հաջողվում վերջում փրկվել անգութ դանակից։ Դուք, ջահել գոճիներ, որ նստած եք իմ առջեւ, ձեզանից ամեն մեկը մի տարի չանցած վնգստալու է սպանդարանում։ Եվ այդ արհավիրքը վիճակված է բոլորիս՝ կովերին, խոզերին, հավերին, ոչխարներին, բոլորին։ Անգամ ձիերն ու շները չեն արժանանա ավելի լավ բախտի։ Այ դու, Դմբուզ, այն նույն օրը, երբ քո վիթխարի մկանները կորցնեն իրենց ուժը, Ջոնզը կծախի քեզ քերթողներին, որ քեզ կտոր֊կտոր անեն ու խաշեն որսաշների համար։ Ինչ վերաբերվում է շներին՝ երբ ծերությունից նրանց ատամները թափվեն, Ջոնզը նրանց վզից աղյուս կկապի ու կխեղդի մոտակա ջրափոսում։

Մի՞թե պարզից էլ պարզ չէ, ուրեմն, ընկերներ, որ մեր կյանքի բոլոր չարիքները մարդու բռնակալության հետեւանք են։ Վերացրե՛ք մարդուն, եւ մեր աշխատանքի պտուղները մեզ կմնան։ Գրեթե մեկ օրում մենք ազատ ու հարուստ կդառնանք։ Ուրեմն ի՞նչ անել։ Անշո՛ւշտ՝ գիշեր ու ցերեկ, հոգով ու մարմնով, ջանք չխնայել մարդկային ցեղը տապալելու համար։ Ահա իմ պատգամը ձեզ, ընկերներ՝ Ապստամբությո՛ւն։ Ես չգիտեմ, թե երբ կգա Ապստամբությունը, գուցե մի շաբաթից կամ թերեւս հարյուր տարուց, բայց ես գիտեմ, նույնքան ստույգ, ինչպես տեսնում եմ ոտքիս տակի հարդը, որ վաղ թե ուշ կհաստատվի՛ արդարությունը։ Մի՛ մոռացեք այդ մասին, ընկերներ, ձեր կյանքի չնչին մնացորդների ընթացքում։ Եվ, ամենակարեւորը, փոխանցեք իմ այս պատգամը ձեզ հաջորդողներին, որպեսզի ապագա սերունդները պայքարը շարունակեն մինչեւ հաղթանակ։

Հիշե՛ք, ընկերներ, որ ոչինչ չի կարող սասանել ձեր հաստատակամությունը։ Ոչ մի փաստարկ չպետք է ձեզ ուղուց շեղի։ Մի՛ լսեք, երբ ձեզ հորդորեն, թե Մարդն ու կենդանիներն ընդհանուր շահեր ունեն, թե մեկի բարգավաճումը նաեւ մյուսների բարգավաճումն է։ Բոլորը սո՛ւտ է։ Մարդն ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում, բացի իրենից։ Թող եւ մեր՝ կենդանիներիս միջեւ կատարյալ միասնություն տիրի, կատարյալ ընկերություն հանուն պայքարի։ Բոլոր մարդիկ թշնամիներ են։ Բոլոր կենդանիներն՝ ընկեր են։

Այդ պահին իսկական մի իրարանցում սկսվեց։ Գնդապետի ճառի ընթացքում չորս մեծ առնետ դուրս էին սողացել իրենց ծակուռներից եւ հետեւի թաթերին նստած ականջ էին դնում։ Շները հանկարծ նկատել էին նրանց, եւ առնետներին փրկել էր միայն կայծակնային փախուստը։ Գնդապետը բարձրացրեց տոտիկը, լռության հրավիրելով։

Ընկերներ,— ասաց նա,— այդ հարցը պետք է քննել։ Արդյո՞ք վայրի էակները, ինչպես, օրինակ, առնետներն ու նապաստակները, մեր բարեկամն են, թե՞ թշնամին։ Եկեք քվեարկենք։ Ժողովին առաջարկում են հետեւյան հարցը․ բարեկա՞մ են արդյոք առնետները։

Տեղնուտեղը քվեարկելով, ճնշող մեծամասնությամբ որոշվեց, որ առնետները բարեկամ են։ Այլախոհներն ընդամենը չորսն էին՝ երեք շներն ու կատուն, որն, ինչպես պարզվեց հետագայում երկու կողմից էլ քվեարկել է։ Գնդապետը շարունակեց․

Ես ուրիշ ասելիք համարյա չունեմ։ Պարզապես կրկնում եմ՝ երբեք չմոռանաք մարդու եւ նրա հետ կապված ամեն ինչի հանդեպ թշնամության պատգամը։ Ամեն երկոտանի թշնամի է։ Ամեն չորքոտանի կամ թեւավոր՝ ընկեր է։ Հիշեցեք նաեւ, որ Մարդու դեմ պայքարելով, մենք չպետք է նմանվենք նրան։ Անգամ նրան նվաճելով, մի՛ որդեգրեք նրա արատները։ Ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է ապրի տան մեջ, կամ քնի անկողնում, հագուստ կրի, գործածի ոգելից խմիչքներ, ծխի, շփվի փողի հետ կամ առեւտուր անի։ Մարդու բոլոր սովորույթները չարիք են։ Եվ, ամենից կարեւորը՝ ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է բռնանա իր նմանների վրա։ Ուժեղ, թե տկար, խելոք, թե միամիտ, մենք բոլորս եղբայրներ ենք։ Ոչ մի անասուն երբեւէ չպե՛տք է սպանի մի ուրիշ անասունի։ Բոլոր կենդանիները հավասար են։

Իսկ այժմ, ընկերներ, ես կպատմեմ երեկվա իմ երազը։ Ես չեմ կարող այն ձեզ նկարագրել։ Դա մի երազ էր այն երկրի մասին, որը կլինի, երբ վերանա Մարդը։ Այդ երազն ինձ հիշեցրեց վաղուց մոռացված մի բան։ Շատ տարիներ առաջ, երբ ես փոքրիկ մի խոճկոր էի, մայրս եւ ուրիշ մերունները մի հին երգ էին երգում, որի միայն մեղեդին գիտեին եւ առաջին երկու բառը։ Ես էլ էի իմացել այդ մեղեդին, բայց այն վաղուց արդեն ջնջվել էր իմ հիշողությունից։ Բայց եւ այնպես անցյալ գիշեր երազում ես նորից այն գտա։ Դեռ ավելին՝ խոսքերը նույնպես վերադարձան։ Վստահ եմ, որ կենդանիներն անհիշելի ժամանակներից են երգել այդ երգը, բայց հետագա սերունդները կորցրել են խոսքերը։ Ընկերներ, հիմա ես ձեզ համար կերգեմ այդ երգը։ Ես ծեր եմ եւ իմ ձայնը՝ խռպոտ, բայց երբ ես ձեզ մեղեդին սովորեցնեմ, դուք ավելի լավ կերգեք։ Երգը կոչվում է «Անգլիայի գազաններ»։

Ծեր գնդապետը մաքրեց կոկորդն ու սկսեց երգել։ Ձայնը, ինչպես եւ նա զգուշացրել էր, խռպոտ էր, բայց նա բավական լավ էր երգում, իսկ մեղեդին հուզիչ էր՝ «Clementine»֊ի եւ «La Cucuracha»֊ի միջեւ ընկած մի բան։ Բառերը հետեւյալն էին․

Օ՜, գազաններ Անգլիայի

Եվ գազաններ ողջ աշխարհի,

Ավետի՜սն եմ բերել ես ձեզ

Մեր գալիքի ոսկեդարի։


Շուտով անդարձ կտապալվի

Բռնակալ Մարդը չարանենգ,

Եվ բերրի հողն Անգլիայի

Մենք, միայն մենք կկոխկրտենք։


Կընկնի լուծը մեր ուսերից,

Կժանգոտեն սանձ ու լկամ,

Կփշրվե՜ն բիրտ մտրակներն

Ու շղթաները ստրկական…


Այդ օրը մերը կլինեն

Լափն ու կերը ողջ աշխարհի —

Առվույտ լինի, թարմ ճակնդեղ,

Թե անհատնում խոտ ու գարի…


Ազատության այդ մեծ տոնին

Ջրերն ուրախ կկարկաչեն,

Լույսն ավելի վա՜ռ կշողա,

Դաշտ ու արոտ կկանաչեն։


Կովեր, ձիեր, սագ ու հավեր,

Առա՜ջ հանուն ազատության,

Եթե անգամ մարտում զոհվենք,

Չտեսած օրն այդ փրկության։


Օ՜, գազաններ Անգլիայի

Եվ գազաններ ողջ աշխարհի,

Ավետիսն եմ բերում ես ձեզ

Մեր նոր կյանքի ոսկեդարի։


Երգն ալեկոծեց կենդանիներին։ Գնդապետը դեռ չէր հասցրել վերջացնել, երբ նրանք իրենք սկսեցին երգել։ Նույնիսկ ամենից տխմարներն ընկալել էին մեղեդին եւ որոշ խոսքերը, իսկ խելացիները՝ ինչպես, օրինակ, խոզերը կամ շները, ամբողջ երգն արդեն անգիր էին արել։ Ի վերջո, մի քանի նախնական փորձից հետո, ամբողջ ֆերման միաձայն պոռթկաց «Անգլիայի գազանները»։ Կովերն այն բառաչում էին, շները՝ կաղկանձում, ոչխարները՝ մայում, ձիերը՝ խրխնջում, բադերը՝ կռկռում։ Երգն այն աստիճան բոլորի սրտովն էր, որ այն երգեցին հինգ անգամ անընդմեջ, եւ թերեւս շարունակեին ամբողջ գիշեր, եթե նրանց չընդհատեին։

Դժբախտաբար աղմուկն արթնացրել էր միստր Ջոնզին, որն անկողնուց վեր էր ցատկել, միանգամայն վստահ, թե սակն աղվես է մտել։ Նա ճանկեց ննջարանի անկյունում մշտապես դրված իր հրացանն ու 6 համարի կոտորակը պարպեց մթության մեջ։ Գնդակները մխրճվեցին ամբարի պատը, եւ ժողովը շտապ կարգով ցրվեց։ Ամեն մեկը պատսպարվեց իր քնելու տեղում։ Թռչունները ցատկեցին իրենց թառերին, անասունները թաղվեցին հարդի մեջ, եւ քիչ անց ամբողջ ֆերման խորը քուն մտավ։

ԳԼՈՒԽ 2

Երեք գիշեր անց ծեր Գնդապետը քնի մեջ խաղաղ վախճանվեց։ Նրան թաղեցին բոստանում։

Մարտի սկիզբն էր։ Հաջորդ երեք ամիսները լցվեցին ակտիվ ընդհատակյա գործունեությամբ։ Գնդապետի ճառը ֆերմայի առավել խելացի անասուններին հիմնովին նոր աշխարհայացք էր պարգեւել։ Նրանք չգիտեին, թե երբ է գալու Գնդապետի կանխագուշակած Ապստամբությունը եւ հիմքեր չունեին կարծելու, թե այն պիտի հենց իրենց կյանքի ընթացքում լինի, սակայն նրանք պարզ գիտակցում էին այն նախապատրաստելու իրենց պարտքը։ Մնացածներին կազմակերպելու եւ քարոզելու աշխատանքը բնականաբար վիճակվեց խոզերին, որոնք բոլորի կողմից ճանաչված էին որպես անասուններից ամենախելացիները։ Խոզերի մեջ ամենից շատ աչքի էին ընկնում երկու երիտասարդ արու՝ Ձնագնդին ու Նապոլեոնը, որոնց միստր Ջոնզը բուծում էր վաճառքի հանելու համար։ Նապոլեոնը խոշոր, կատաղի տեսքով բերքշիրյան մի *ինճ էր, ֆերմայում բերքշիրյան ցեղի միակ նմուշը, սակավախոս, ուզածին հասնողի համբավով։ Ձնագնդին ավելի աշխույժ մի խոզ էր, ավելի պերճախոս եւ հնարամիտ, սակայն, ըստ ընդհանուր կարծիքի, պակաս կուռ խառնվածքի տեր։ Ֆերմայի բոլոր մնացած արու խոզերը մսացու էին։ Դրանց միջի ամենահայտնին Զռանն էր, փոքրիկ գիրուկ մի խոզ, կլոր այտերով, պրպտուն աչքերով, ժիր շարժուձեւով եւ բացառիկ զիլ ձայնով։ Նա փայլուն բանախոս էր, եւ, որեւէ խրթին հարց քննելիս, սովորություն ուներ տեղից ցատկել եւ պոչը շարժել, որը բավական համոզիչ էր։ Զռանի մասին ասում էին, որ նա կարող է սեւը սպիտակ դարձնել։

Երեքով նրանք մշակեցին ծեր Գնդապետի ուսմունքը, վերածելով մի ավարտուն, բանական համակարգի, որն անվանեցին Անասնիզմ։ Շաբաթական մի քանի գիշեր, երբ միստր Ջոնզը քուն էր մտնում, նրանք ամբարում գաղտնի ժողովներ էին վարում, լուսաբանելով Անասնիզմի հիմունքները։ Սկզբում նրանք դեմ առան բացառիկ տխմարության ու անտարբերության։ Անասուններից ոմանք վկայակոչում էին միստր Ջոնզին հավատարիմ մնալու պարտքը, «Տեր» կոչելով վերջինիս, մյուսները տարրական դիտողություններ էին անում, ինչպես, ասենք, «Միստր Զոնզը կերակրում է մեզ։ Եթե նա չլինի, մենք սովամահ կլինենք»։ Ուրիշներն ասում էին․ «Մեր ի՜նչ գործն է, թե մեր մահից հետո ինչ կլինի», կամ հարցնում․ «Եթե ապստամբությունն անխուսափելի է, էլ ի՞նչ տարբերություն, մենք դրա համար կպայքարե՞նք, թե՞ ոչ»։ Խոզերից մեծ ջանքեր էր պահանջվում պարզաբանելու համար, որ այդ ամենը հակասում է Անասնիզմի ոգուն։ Ամենից տխմար հարցերը տալիս էր Մոլլին, սպիտակ զամբիկը։ Ձնագնդուն ուղղված նրա առաջին իսկ հարցն էր․ «Ապստամբությունից հետո շաքար կլինի՞»։

Ոչ,— վճռական ասաց Ձնագնդին,— մենք այս ֆերմայում շաքար արտադրելու հնարավորություն չունենք։ Բացի այդ, դուք շաքարի կարիք չեք էլ ունենա։ Դուք ինչքան հարկն է գարի ու հարդ կունենաք։

Իսկ ինձ թույլ կտրվի՞ բաշիս մեջ ժապավեններ կրել։— Հարցրեց Մոլլին։

Ընկեր,— ասաց Ձնագնդին,— ձեր սրտին այդքան մոտ ժապավենները ստրկության կնիքն են։ Մի՞թե չեք կարող հասկանալ, որ ազատությունը ժապավեններից ավել արժե։

Մոլլին համաձայնեց, սակայն այնքան դժվար էր պայքար մղել Մովսեսի՝ ձեռնասուն ագռավի տարածած ստերի դեմն առնելու համար։ Մովսեսը, միստր Ջոնզի սիրեցյալը, լրտես էր ու փչան, բայց միեւնույն ժամանակ նաեւ խելացի հռետոր էր։ Նա պնդում էր, որ գիտե խորհրդավոր մի երկրի՝ Շաքարաքլոր Լեռան գոյության մասին, ուր մահից հետո հայտնվում են բոլոր անասունները։ Երկիրն այդ գտնվում էր ինչ֊որ տեղ երկնքում, ամպերից քիչ վեր, ասում էր Մովսեսը։ Շաքարաքլոր Լեռան վրա շաբաթական յոթ օր կիրակի է, կլոր տարի կանաչում է երեքնուկը, իսկ թփերի վրա աճում են կտոր շաքար ու կտավատի սերմերից կեքսեր։ Անասունները Մովսեսին չէին սիրում, որովհետեւ նա հեքիաթներ էր պատմում ու չէր աշխատում, բայց ոմանք հավատում էին Շաքարաքլոր Լեռանը, եւ խոզերը ստիպված էին բացատրական ակտիվ աշխատանք տանել համոզելու համար, որ նման վայր գոյություն չունի։

Նրանց ամենահավատարիմ աշակերտները երկու լծկան ձիերն էին՝ Դմբուզն ու Երեքնուկը։ Այս երկուսը մեծագույն դժվարությամբ էին սեփական մտքեր ծնում, սակայն, խոզերին ուսուցիչ ընդունելուց հետո, նրանք հեշտությամբ ընկալեցին ուսմունքը եւ տարրական փաստարկների միջոցով սկսեցին տարածել մնացած անասունների մեջ։ Նրանք անխտիր ներկա էին բոլոր գաղտնի ժողովներին եւ առաջինն էին սկսում «Անգլիայի գազանները», որով միշտ ավարտվում էին այդ ժողովները։

Այնպես ստացվեց, որ ապստամբությունը գլուխ եկավ շատ ավելի վաղ եւ դյուրին, քան որեւէ մեկը կարող էր ակնկալել։ Անցյալում միստր Ջոնզը, չնայած իր անխղճությանը, ընդունակ ֆերմեր էր, սակայն վերջերս նրա համար վատ օրեր էին սկսվել։ Դատական գործի հետ կապված զգալի գումար կորցնելով, նա թեւաթափ էր եղել եւ սկսել էր խմել ավելին, քան կարող էր տանել։ Երբեմն նա օրերով մնում էր խոհանոցի իր աթոռին փռված, լրագրեր կարդալով, խմելով եւ մեկ֊մեկ էլ Մովսեսին գարեջրի մեջ թաթախած հացի փշրանքներ տալով։ Նրա աշխատավորները ծույլ էին ու խարդախ, դաշտերը՝ մոլախոտերով լի, շինությունները նորոգման կարիք էին զգում, ցանկապատերը բարձիթողի վիճակում էին, իսկ անասունները՝ սոված։

Հունիսին հասավ խոտհնձի ժամանակը։ Շաբաթ օրով միստր Ջոնզը գնաց Վիլինգդոն եւ այնպես հարբեց գինետանը, որ տուն չհասավ մինչեւ հաջորդ կեսօր։ Նրա աշխատավորներն առավոտյան կովերին կթել ու թողել֊գնացել էին նապաստակ բռնելու, առանց անասուններին կերակրելու։ Տուն գալուն պես միստր Ջոնզը փռվեց հյուրասենյակի թախտին, Աշխարհի լուրերը դեմքին խռմփացնելով, այնպես որ իրիկնամուտին անասուններին դեռեւս ոչ ոք չէր կերակրել։ Վերջիվերջո նրանց համբերությունը հատնեց։ Կովերից մեկը պոզահարեց շտեմարանի դուռը, եւ անասունները հարձակվեցին պահակների վրա։ Ահա այստեղ էր, որ միստր Ջոնզն արթնացավ։ Հաջորդ ակնթարթին նա իր աշխատավորների հետ արդեն շտեմարանում էր, չորս կողմը մտրակելով։ Դրան դիմանալը քամված անասունների ուժերից վեր էր։ Միասնական մի պոռթկումով, չնայած նախօրոք ոչ մի նման բան չէր ծրագրված, նրանք նետվեցին իրենց կեղեքիչների վրա։ Ջոնզն ու իր մարդիկ հանկարծ հայտնվեցին քացի տվող ու պոզահարող շրջանի կենտրոնում։ Նրանք այլեւս չէին տնօրինում իրավիճակը։ Անասունների նման վարքագիծ նրանք երբեք չէին տեսել եւ քիչ էր մնում վախից խելքները կորցնեին այն էակների անսպասելի ըմբոստացումից, որոնց մինչ այդ սովոր էին քեֆներն ուզածի պես մտրակել ու քամահրել։ Մեկ֊երկու պահ չանցած՝ նրանք դադարեցրին պաշտպանվելու ապարդյուն փորձերը եւ թողեցին֊փախան։ Հաջորդ րոպեին բոլոր հինգը լեղապատառ սուրում էին մայրուղի տանող ճանապարհով, իսկ անասունները ցնծագին հետապնդում էին նրանց։

Միսիս Ջոնզը, այդ ամենը տեսնելով ննջարանի պատուհանից, հապճեպ մի երկու փալաս հավաքեց եւ ուրիշ ճանապարհով ֆերմայից դուրս սպրդեց։ Մովսեսն իր ցցից վեր թռավ ու հետեւեց նրան, բարձր կռկռալով։ Այդ ընթացքում անասունները Ջոնզին ու իր մարդկանց արդեն ֆերմայի սահմաններից դուրս էին քշել, նրանց հետեւից շրխկացնելով հնգահեծան դարպասը։ Այսպիսով, դեռ ոչ ոք չհասցնելով գիտակցել կատարվածը, Ապստամբությունն ամենայն հաջողությամբ իրագործվեց՝ Ջոնզը վռնդված էր, եւ «Մենրը» ֆերման իրենցն էր։

Առաջին րոպեներին անասուններն իրենց բախտին չէին հավատում։ Նախ եւ առաջ նրանք բոլորը միասին վազքով շրջանցեցին ամբողջ ֆերման, ասես համոզվելու համար, որ ոչ մի մարդ այնտեղ չի ծպտվել, ապա հետ վազեցին շինությունների մոտ, որպեսզի բնաջնջեն Ջոնզի ատելի իշխանության վերջին հետքերը։ Նրանք ջարդեցին գոմի պահասենյակի դուռը՝ լկամները, քթօղակները, շների շղթաները, անգութ դանակները, որոնցով Ջոնզը կտրում էր խոզերին ու գառներին, այդ ամենը նետվեց ջրհորը։ Սանձերը, ակնակապերը, նավստացուցիչ քթապարկերը շպրտվեցին բակում վառվող աղբախարույկի մեջ։ Դրանց հետեւեցին նաեւ մտրակները։ Բոլոր անասունները թռչկոտում էին ցնծությունից, տեսնելով մտրակները խժռող բոցը։ Ձնագնդին կրակի մեջ գցեց նաեւ շուկա գնալիս սովորաբար ձիերի բաշերը զարդարող ժապավենները։

Ժապավենները,— ասաց նա,— համարվելու են հագուստ, իսկ դա մարդու հատկանիշ է։ Բոլոր անասունները պետք է մերկ լինեն։

Այդ լսելով, Դմբուզը բերեց փոքրիկ ծղոտե մի գլխարկ, որն ամռանը պաշտպանում էր նրա ականջները ճանճերից, եւ մնացածի հետ այն նետեց խարույկի մեջ։

Շատ չանցած անասունները ոչնչացրին այն ամենը, ինչ հիշեցնում էր միստր Ջոնզի մասին։ Դրանից հետո Նապոլեոնը նրանց առաջնորդեց շտեմարան եւ բոլորին կրկնակի բաժին հացահատիկ բաշխեց, իսկ շներին՝ երկուական բլիթ։ Ապա նրանք յոթ անգամ ծայրից ծայր երգեցին «Անգլիայի գազանները», որից հետո պառկեցին եւ քնեցին այնպես, ինչպես մինչ այդ երբեք չէին քնել։

Սովորականի պես առավոտյան արթնանալով եւ հանկարծ վերհիշելով փառավոր եղելությունը, բոլորը միասին դուրս վազեցին արոտավայր։ Դաշտի մեջ մի բլրակ կար, որից երեւում էր համարյա ամբողջ ֆերման։ Անասունները նետվեցին բլրակի գագաթը եւ այգաբացի ջինջ լույսի ներքո սկսեցին չորս կողմ նայել։ Այո՛, այն ամենն, ինչ նրանք տեսնում էին, իրենցն էր։ Այդ մտքի բերկրանքից նրանք անդադար թռչկոտում էին բլրակի շուրջը, հսկա ցնծագին ոստյուններով օդ նետվելով։ Նրանք թավալվում էին եղյամի մեջ, ամառային քաղցր խոտ ճաշակում, վեր էին նետում սեւահողն ու ըմբոշխնում նրա թարմ հոտը։ Նրանք ստուգայցով շրջեցին ամբողջ ֆերման, անխոս հիացմունքով դիտելով վարելահողը, արոտը, բոստանը, լճակը, անտառուտը, ասես առաջին անգամ տեսնելով եւ նույնիսկ այժմ չհավատալով, որ այդ ամենն իրենց է պատկանում։

Ապա նրանք վերադարձան ֆերմայի կառույցների մոտ եւ կանգ առան տան մուտքի առջեւ։ Տունը նույնպես իրենցն էր, չնայած վախենում էին ներս մտնել։ Ինչեւէ, հաջորդ պահին Նապոլեոնը եւ Ձնագնդին ուսերով հրեցին դուռը, եւ անասունները շարքով ներս մտան, որեւէ բան վնասելու երկյուղից ծայրաստիճան զգույշ շարժվելով։ Կճղակների ծայրերի վրա նրանք շրջեցին սենյակից սենյակ, վախենալով բարձր խոսել, մի տեսակ երկյուղածությամբ դիտելով անհավատալի շքեղությունը՝ փետուրե ներքնակներով անկողինները, հայելիները, բազմոցը, բրյուսելյան խալին, Վիկտորիա թագուհու վիմագրությունը հյուրասեղանի բուխարու վրա։ Նրանք արդեն իջնում էին աստիճաններով, երբ հայտնաբերեցին, որ պակասում է Մոլլին։ Հետ վերադառնալով, նրան գտան ննջասենյակում։ Միսիս Ջոնզի զարդասեղանից մի կապույտ ժապավեն դնելով ուսին, նա հայելու մեջ զմայլվում էր իր հիմար արտացոլումով։ Մնացածները խստիվ հանդիմանեցին նրան, եւ բոլորը միասին տնից դուրս եկան։ Ճանապարհին վերցրին խոհանոցում կախված ապխտած բդերը եւ դուրս տարան թաղելու, իսկ Դմբուզը սմբակով ծակեց լվացքասենյակի գարեջրի տակառը։ Մնացած ամեն ինչ մնաց անձեռնամուխ։ Տեղում միաձայն որոշում ընդունվեց տունը պահպանել որպես թանգարան։ Բոլորը համաձայնեցին, որ ոչ մի անասուն տանը երբեք չպիտի ապրի։

Նախաճաշից հետո Ձնագնդին եւ Նապոլեոնը նորից բոլորին հավաքեցին։

Ընկերներ,— ասաց Ձնագնդին,— դեռեւս վեցն անց կես է եւ առջեւում մեզ երկար օր է սպասում։ Այսօր մենք սկսում ենք խոտհունձը։ Սակայն մինչ այդ մենք եւս մեկ խնդիր ունենք։

Այստեղ խոզերը բացահայտեցին, որ անցած երեք ամսվա ընթացքում նրանք աղբակույտում գտած Ջոնզի երեխաների նախկին այբբենարանով գրել եւ կարդալ են սովորել։ Նապոլեոնն ուղարկեց սեւ եւ սպիտակ ներկի հետեւից եւ բոլորին առաջնորդեց հնգահեծան դարպասի մոտ։ Ապա Ձնագնդին (քանի որ ամենագրագետը նա էր) վրձինը սեղմեց իր տոտիկի երկու հոդերի միջեւ, դարպասի վերին վերանից ջնջեց «ՄԵՆԸՐ ՖԵՐՄԱ» գրությունը եւ փոխարենը գրեց․ «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ»։ Այդուհետեւ ֆերման այդպես էր կոչվելու։ Դրանից հետո նրանք վերադարձան շինությունների մոտ, ուր Ձնագնդին եւ Նապոլեոնը կարգադրեցին սանդուղք բերել եւ դեմ տալ ամբարի պատին։ Նրանք բացատրեցին, որ անցած երեք ամսվա պրպտումներից հետո խոզերին հաջողվել է Անասնիզմի հիմունքները շարադրել Յոթ Պատվիրաններում։ Այժմ այդ Յոթ Պատվիրանները պիտի գրանցվեն պատին, վերածվելով անխախտ մի օրենքի, որով Անասնաֆերմայի բոլոր անասունները պարտավոր են այսուհետեւ առաջնորդվել հավիտյան։ Որոշ դժվարությամբ (քանի որ խոզի համար հեշտ չէ սանդուղքի վրա հավասարակշռություն պահպանելը) Ձնագնդին վեր բարձրացավ եւ անցավ գործի, մինչ Զռանը փոքր֊ինչ ներքեւ ներկի դույլն էր պահել։ Պատվիրանները սեւ պատի վրա գրվեցին խոշոր սպիտակ տառերով, որոնք կարդացվում էին երեսուն մետրից․

ՅՈԹ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ


1. Բոլոր երկոտանիները թշնամի են։

2. Բոլոր չորքոտանիները կամ թեւավորները բարեկամ են։

3. Անասունը երբեք հագուստ չի հագնի։

4. Անասունը երբեք անկողնում չի քնի։

5. Անասունը երբեք ոգելից խմիչք չի գործածի։

6. Անասունը երբեք ուրիշ անասունի չի սպանի։

7. Բոլոր անասունները հավասար են։


Ամեն ինչ լավ էր գրված, եւ, եթե չհաշվենք, որ «բարեկամ»֊ը գրված էր «բարիկամ», իսկ «տ»֊երից մեկը շուռ էր տրված, ուղղագրությունն անթերի էր։ Ձնագնդին բոլորի համար բարձրաձայն կարդաց գրությունը։ Բոլոր անասունները գլխով էին անում ի նշան հավանության, իսկ ամենից խելացիները սկսեցին հենց տեղում անգիր անել Պատվիրանները։

Իսկ այժմ, ընկերներ,— ասաց Ձնագնդին, վրձինը ցած նետելով,— դեպի դաշտ։ Եկեք մեր պատվի խնդիրը դարձնենք խոտը հնձել ավելի արագ, քան կարող էին Ջոնզն ու իր մարդիկ։

Սակայն այդ պահին երկու կովերը, որոնք արդեն բավական ժամանակ անհանգիստ էին, սկսեցին բարձրաձայն բառաչել։ Նրանց արդեն քսանչորս ժամ չէին կթել, եւ նրանց կուրծքերը քիչ էր մնում պայթեին։ Որոշ մտորումներից հետո խոզերն ուղարկեցին դույլեր բերելու եւ կովերին բավական հաջող կթեցին՝ նրանց տոտիկներն այդ գործի համար հարմար էին։

Իսկ կաթն ի՞նչ է լինելու։— Հարցրեց ինչ֊որ մեկը։

Ջոնզը երբեմն մի քիչ խառնում էր մեր կուտին։— Ասաց հավերից մեկը։

Այժմ էականը կա՛թը չէ, ընկերներ։— Գոռաց Նապոլեոնը, դույլերի առջեւ կանգնելով։— Դրանով կզբաղվեն։ Խոտհունձը հիմա ավելի կարեւոր է։ Ընկեր Ձնագնդին ձեզ կառաջնորդի։ Մի քանի րոպեից ես կմիանամ ձեզ։ Առա՛ջ, ընկերներ։

Արտը մեզ է սպասում։

Եվ այսպես անասունները գնացին արտ խոտհունձը սկսելու, իսկ երբ երեկոյան վերադարձան, կաթը անհետացել էր։

ԳԼՈՒԽ 3

Պիտի տեսնեիք, թե ինչպե՜ս էին նրանք քրտնաջան աշխատում խոտը հնձելու համար։ Սակայն նրանց ջանքերը լիովին վարձատրվեցին, որովհետեւ խոտհունձն ավելի հաջող ընթացավ, քան ակնկալվում էր։

Դժվարություններ կային՝ չէ՞ որ գործիքները նախատեսված էին մարդու համար, ոչ թե անասունների, եւ այն փաստը, որ նրանցից ոչ մեկն ի վիճակի չէր կանգնել՝ հետեւի ոտքերի վրա, մեծ թերություն էր ներկայացնում։ Բայց խոզերն այնքան խելացի էին, որ ամեն դժվարությունից գտնում էին համապատասխան ելքը։ Ինչ վերաբերում է ձիերին, ապա նրանք ճանաչում էին դաշտի ամեն մի թիզը, եւ, փաստորեն, հնձելու ու դիզելու գործն ավելի լավ գիտեին, քան երբեւէ կկարողանային Ջոնզն ու իր մարդիկ։ Խոզերը որոշակի աշխատանք չէին կատարում, բայց վերահսկում ու ղեկավարում էին մնացածներին։ Նրանց հարուստ գիտելիքներով հանդերձ միանգամայն բնական էր, որ հենց իրենք պիտի ստանձնեին ղեկավարությունը։ Դմբուզն ու Երեքնուկը լծվում էին հնձանին (լկամի կամ սանձերի կարիք, ի՜նչ խոսք, այդ օրերին չէր զգացվում) ու դոփում դաշտով մեկ։ Նրանց հետեւից քայլում էր խոզերից մեկն ու ըստ հանգամանքների բացականչում «Ընկեր, չո՛շ», կամ «Ընկեր, հո՛»։ Անասուններից ամեն մեկը, անգամ ամենից նվաստները, օգնում էին խոտը հնձելուն ու դիզելուն։ Նույնիսկ բադերն ու հավերը ամբողջ օրն արեւի տակ դես ու դեն էին անում, կտուցներում ծղոտներ կրելով։ Ի վերջո նրանք խոտհունձն ավարտեցին Ջոնզի եւ իր մարդկանց սովորական ժամկետից երկու օրով շուտ։ Դեռ ավելին՝ կուտակված հարդն ամենաշատն էր ֆերմայի ամբողջ պատմության ընթացքում։ Ոչինչ չէր կորել՝ հավերն ու բադերն իրենց կտուցներով ու սուր աչքերով հավաքել էին վերջին ծղոտն անգամ։ Անասուններից ոչ մեկը կես բերան անգամ չէր յուրացրել։

Ամբողջ ամառ ֆերմայի աշխատանքներն ընթանում էին ժամացույցի ճշտությամբ։ Անասունները երջանիկ էին իրենց երբեւէ երեւակայած հնարավորից առավել։ Ամեն կերակուր սուր հաճույքի աղբյուր էր՝ այժմ, երբ ամբողջ ուտելիքն իսկապես իրենցն էր, սեփական աշխատանքի արդյունքը, եւ ոչ թե բաշխվում էր տիրոջ դժկամ ձեռքով։ Պորտաբույծ ու անպետք մարդկանց վերանալու հետ նաեւ ավելացել էր սննդի քանակը։ Ազատ ժամանակը նույնպես շատացել էր, չնայած անասուններն այդ հարցում դեռեւս անփորձ էին։ Ավելի ուշ, բերքահավաքին, անասունները բազմաթիվ դժվարությունների առնչվեցին, օրինակ ստիպված եղան հացահատիկը սմբակներով ծեծել եւ թեփն անջատել փչելով, քանի որ ֆերմայում կալսիչ չկար, բայց խոզերն իրենց խելքով եւ Դմբուզն ամեհի մկաններով ամեն անգամ փրկում էին իրադրությունը։ Բոլորը զմայլվում էին Դմբուզի վրա։ Նա լավ աշխատող էր նույնիսկ Ջոնզի ժամանակներում, իսկ այժմ կարծես երեք ձի դարձած լիներ՝ պատահում էին օրեր, երբ ֆերմայի ամբողջ աշխատանքը նրա ամուր ուսերին էր։ Առավոտից երեկո նա քաշում էր ու ձգում, միշտ հայտնվելով այնտեղ, ուր աշխատանքն ամենից ծանրն էր։ Նա պայմանավորվել էր աքլորներից մեկի հետ, որ վերջինս իրեն արթնացնի մնացածներից կես ժամ շուտ, եւ այդ ընթացքում կամավոր որեւէ պիտանի գործ էր անում, նախքան առօրյա աշխատանքները սկսելը։ Ցանկացած հարցի, ամեն դժվարության նա պատասխանում էր մի նախադասությամբ․ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ», դարձնելով այն իր անձնական նշանաբանը։

Ամեն մեկն աշխատում էր ուժերի ներածին չափ։ Հավերն ու բադերը, օրինակ, բերքահավաքի ընթացքում թափված հատիկները հավաքելով, հինգ բուշել ցորեն խնայեցին։ Ոչ ոք չէր գողանում, ոչ ոք իր բաժնի վրա չէր փնթփնթում։ Հին կյանքի համար բնական գզվռտոցն ու նախանձը համարյա վերացել էին։ Գլուխ պահողներ չկային կամ գրեթե չկային։ Ճիշտ է, Մոլլին լուսաբացին արթնանում էր դժվարությամբ, իսկ աշխատանքից հեռանում էր սովորականից շուտ, պատրվակ բռնելով սմբակի միջի քարը։ Կատվի վարքագիծը նույնպես յուրօրինակ էր։ Շուտով նկատեցին, որ գործ լինելու դեպքում նրան ոչ մի կերպ գտնել չէր լինում։ Կատուն ժամերով չքվում էր, սակայն միշտ, կարծես ոչինչ չի եղել, հայտնվում էր ճաշի կամ հանգստի ժամերին, երբ ամեն ինչ արդեն արված էր լինում։ Բայց նա միշտ անթերի պատճառաբանություններ էր ներկայացնում եւ այնքան սիրալիր էր մռլտում, որ նրա մտադրությունների ազնվությունը կասկածի տակ առնել հնարավոր չէր։ Ծեր Բենիամինը, ավանակը, թվում էր, թե Ապստամբության օրերից ամենեւին չէր փոխվել։ Նա աշխատում էր նույն համառ դանդաղկոտությամբ, ինչ եւ Ջոնզի ժամանակ, առանց գլուխ պահելու, բայց եւ առանց ավելորդ խանդավառության։ Ապստամբության եւ նրա արդյունքների մասին նա ոչ մի կարծիք չէր հայտնում։ Երբ հարցնում էին, թե արդյո՞ք նա ավելի երջանիկ չէ հիմա, երբ Ջոնզը չկա, նա սոսկ ասում էր․ «Էշերը շատ երկար են ապրում։ Ձեզանից ոչ մեկը դեռ սատկած էշ տեսած չկա»։ Բոլորը ստիպված էին բավարարվել այդ առեղծվածային պատասխանով։

Կիրակի օրերն աշխատանք չկար։ Նախաճաշը մեկ ժամով ուշ էր լինում, որից հետո սկսվում էր անխտիր ամեն շաբաթ անցկացվող արարողությունը։ Սկզբում բարձրացվում էր դրոշը։ Գոմի պահասենյակում Ձնագնդին գտել էր միստր Ջոնզի հին կանաչ սփռոցը եւ վրան սպիտակ ներկով կճղակ ու պոզ էր նկարել։ Ամեն կիրակի առավոտ դրոշը հանդիսավոր կերպով բարձրացվում էր տան հետեւի պարտեզում։ Դրոշի կանաչ գույնը, բացատրում էր Ձնագնդին, մարմնավորում է Անգլիայի արոտները, իսկ կճղակն ու պոզը խորհրդանշում են ապագա Անասնական Հանրապետությունը, որը պիտի հաստատվեր մարդկային ցեղի վերջնական տապալումից հետո։ Դրոշի արարողությունից հետո բոլոր անասունները լցվում էին մեծ ամբարը ընդհանուր հավաքի, որը կոչվում էր Միտինգ։ Այստեղ պլանավորվում էր գալիք շաբաթվա աշխատանքը, առաջարկվում եւ քննարկվում էին բանաձեւերը։ Բանաձեւերը միշտ խոզերն էին առաջ քաշում։ Մյուս անասունները հասկացել էին քվեարկելու էությունը, բայց իրենք երբեք բանաձեւ հորինել չէին կարողանում։ Քննարկումների ընթացքում ամենամեծ ակտիվությունը ցուցաբերում էին Ձնագնդին ու Նապոլեոնը։ Ստացվել էր այնպես, որ այս երկուսը երբեք համաձայնության չէին գալիս՝ եթե մեկը մի առաջարկ էր անում, մյուսն անպայման դրան հակադրվում էր։ Երբ որոշվեց (որին ինքնին ոչ ոք չէր կարող հակադրվել) բոստանի հետեւի փոքրիկ ցանկապատած տարածքը հատկացնել որպես տարիքն առած անասունների հանգստավայր, անգամ այդ դեպքում փոթորկոտ բանավեճ բռնվեց անասունների տարբեր դասերի հանգստի անցնելու ճշգրիտ տարիքների շուրջ։ Միտինգները միշտ ավարտվում էին «Անգլիայի գազանները» երգով, եւ օրվա մնացած մասը նվիրվում էր հանգստին։

Պահասենյակը խոզերն առանձնացրին որպես սեփական շտաբ։ Այստեղ նրանք երեկոները տնից բերված գրքերով ուսումնասիրում էին դարբնություն, փայտամշակում, եւ այլ անհրաժեշտ արհեստներ։ Ձնագնդին նաեւ զբաղվում էր մյուս անասուններին կազմակերպելով իր այսպես կոչված Անասնական Կոմիտեների մեջ, երբեք չհոգնելով այդ աշխատանքից։ Նա կազմեց Ձվաստեղծ Կոմիտե հավերի համար, Մաքուր Պոչերի Միություն կովերի համար, Վայրի Ընկերների Վերապատրաստման Կոմիտե (վերջինիս նպատակն առնետներին ու նապաստակներին ընտելացնելն էր), Առավել Ճերմակ Բրդի Կոմիտե ոչխարների համար եւ նման շատ ուրիշներ, չհաշված գրել֊կարդալու դասընթացները։ Ընդհանուր առմամբ, սակայն, այդ նախաձեռնությունները հաջողությամբ չպսակվեցին։ Վայրի ընկերներին ընտելացնելու փորձը ձախողվեց հենց սկզբից։ Նրանք իրենց շարունակում էին առաջվա պես պահել, պարզարես օգտվելով կոմիտեի առատաձեռնությունից։ Կատուն անդամագրվեց Վերապատրաստման Կոմիտեին եւ որոշ ժամանակ ակտիվ աշխատանք էր ծավալել։ Նրան տեսել էին կտուրին նստած ծիծեռնակների հետ, բացատրական աշխատանք տանելիս։ Նա պատմում էր, որ բոլոր կենդանիներն արդեն ընկերներ են, եւ որպես ապացույց ցանկացած ծիծեռնակ կարող է գալ ու հանգիստ թառել թեկուզ իր թաթին։ Ծիծեռնակները նախընտրում էին չմոտենալ։

Ինչեւէ, գրել կարդալու դասընթացները մեծ հաջողություն էին վայելում։ Աշնան դեմ համարյա բոլոր անասուններն արդեն քիչ թե շատ գրագետ էին։

Ինչ վերաբերում է խոզերին, ապա նրանք կատարելապես տիրապետում էին գրագիտությանը։ Շները նույնպես բավական լավ էին կարդում, բայց Յոթ Պատվիրաններից բացի ուրիշ ոչ մի ընթերցանությամբ չէին հետաքրքրվում։ Մյուրիել այծը շներից փոքր֊ինչ լավ էր կարդում եւ երբեմն երեկոյան մյուսների համար կարդում էր աղբարկղում գտած լրագրերի պատառները։ Բենիամինը խոզերից պակաս գրագետ չէր, սակայն երբեք չէր բանեցնում իր իմացությունը։ Որքանով որ ինքը գիտի, ասում էր նա, կարդալու արժանի ոչ մի բան չկա։ Երեքնուկն ամբողջ այբուբենը սովորել էր, բայց բառեր կազմել չէր կարողանում։ Դմբուզը Դ տառից այն կողմ չէր անցնում։ Նա փոշու մեջ իր խոշոր սմբակով գծում էր Ա, Բ, Գ, Դ, ապա, ականջները ցցած՝ հայացքը հառում այդ տառերին, երբեմն թափ տալով բաշը, ամբողջ ուժով ջանալով ու չկարողանալով վերհիշել, թե ինչ է գալիս հետո։ Թեպետ մի քանի անգամ նրան իսկապես հաջողվել էր սովորել Ե, Զ, Է, Թ֊ն, բայց նա միշտ հայտնաբերում էր, որ այդ դեպքում արդեն չի հիշում Ա, Բ, Գ, եւ Դ֊ն։ Վերջապես նա որոշեց բավարարվել առաջին չորս տառով եւ օրը մեկ֊երկու անգամ դրանք գրում էր, որ հիշողությունը թարմացնի։ Մոլլին հրաժարվեց սովորել իր անունը գրելու համար պահանջվող հինգ տառից ավելին։ Նա փոքրիկ ճյուղերից խնամքով շարում էր անունը, ապա ծաղիկներով զարդարում ու զմայլվելով պտտվում շուրջը։

Ֆերմայի մնացած անասուններից ոչ մեկը չկարողացավ Ա տառից այն կողմ անցնել։ Պարզվեց նաեւ, որ առավել բթամիտ անասունները, ինչպես, օրինակ, ոչխարները, հավերն ու բադերը, ի վիճակի չէին Յոթ Պատվիրաններն անգիր անել։ Երկար խորհրդակցություններից հետո Ձնագնդին ազդարարեց, որ Յոթ Պատվիրանները, փաստորեն, կարելի էր հանգեցնել մի ասույթի, մասնավորապես․ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ»։ Այդ ասույթը, ասաց նա, պարունակում է Անասնիզմի հիմնարար սկզբունքը։ Դրան կատարելապես տիրապետողն արդեն ապահով է մարդկային ազդեցություններից։ Սկզբում թռչուններն առարկում էին, քանի որ նրանց թվաց, թե իրենք նույնպես երկու ոտք ունեն, սակայն Ձնագնդին նրանց ապացուցեց, որ դա այդպես չէ։

Թռչնի թեւը, ընկերներ,— ասաց նա,— շարժման եւ ոչ թե գործառության օրգան է։ Այդպիսով առկա են բոլոր հիմքերը այն ոտք համարելու։ Մարդու որոշիչ հատկանիշը ձեռքն է, չարիք գործելու նրա հարմարանքը։

Թռչունները Ձնագնդու ասածից բան չհասկացան, բայց բացատրությունն ընդունեցին, եւ բոլոր բթամիտ անասունները սկսեցին անգիր անել նոր ասույթը։ ՉՈՐՍ ՈՏՔ ԼԱՎ, ԵՐԿՈՒ ՈՏՔ ՎԱՏ գրվեց ամբարի պատին, Յոթ Պատվիրանների վերեւում եւ ավելի խոշոր տառերով։ Անգիր անելով, ոչխարները խիստ սկսում էին մկկալ․ «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ, չորս ոտք լավ, երկու ոտք վատ» եւ այդպես շարունակ, երբեք չհոգնելով։

Նապոլեոնը Ձնագնդու կոմիտեներով չէր հետաքրքրվում։ Նա ասաց, որ մատաղ սերնդի դաստիարակությունը շատ ավելի կարեւոր խնդիր է, քան այն, ինչ կարելի է անել արդեն հասունացածների համար։ Այնպես պատահեց, որ բերքահավաքից անմիջապես հետո Զանգակն ու Ջեսին ցնկնեցին, երկուսը միային ինը ժիր քոթոթ բերելով։ Ծծից կտրելուց անմիջապես հետո Նապոլեոնը մայրերից նրանց անջատեց, ասելով, որ նրանց դաստիարակության համար ինքն է պատասխանատու։ Նա քոթոթներին տարավ աղավնատուն, ուր կարելի էր հասնել միայն պահասենյակից բարձրացող սանդուղքով, եւ այնտեղ նրանց պահեց այնպիսի մեկուսացման մեջ, որ շուտով ֆերման նրանց գոյության մասին մոռացավ։

Կաթի անհայտանալու առեղծվածը որոշ ժամանակ անց պարզվեց։ Այն ամեն օր ավելացնում էին խոզերի լափին։ Վաղահաս խնձորներն արդեն լցվել էին, եւ պարտեզի խոտին ցիրուցան էին եղել քամուց թափված պտուղները։ Անասունները բնականաբար ենթադրեցին, որ դրանք կբաժանվեն իրենց միջեւ, սակայն մի օր հրահանգ ստացվեց թափված խնձորները հավաքել եւ տեղափոխել պահասենյակ խոզերի համար։ Այստեղ մնացած անասուններից ոմանք մրթմրթացին, բայց ապարդյուն։ Տվյալ կետում խոզերը ոչ մի տարաձայնություն չունեին, անգամ Ձնագնդին ու Նապոլեոնն էին համերաշխ։ Զռանին ուղարկեցին մնացածներին անհրաժեշտ բացատրությունները տալու։

Ընկերներ,— բացականչեց նա,— հուսով եմ, որ դուք չեք կարծում, թե մենք, խոզերս, այդ անում ենք եսասիրության ու արտոնվածության ոգով դրդված։ Մեզանից շատերն իրականում չեն սիրում կաթը եւ խնձորները։ Ես ինքս դրանք չեմ հավանում։ Դրանք վերցնելիս մեր միակ մտահոգությունը մեր առողջության ապահովումն է։ Կաթը եւ խնձորները (դա ապացուցված է գիտության կողմից, ընկերներ) պարունակում են խոզերի բարեկեցության համար վճռականապես անհրաժեշտ նյութեր։ Մենք, խոզերս, մտքի աշխատավորներ ենք։ Ֆերմայի կազմակերպչական եւ վարչական ամբողջ աշխատանքը մեր ուսերին է։ Մենք գիշեր֊ցերեկ մտահոգված ենք ձեր բարեկեցությամբ։ Մեզ համար չէ՛, որ մենք խմում ենք կաթն ու ուտում այդ խնձորները։ Գիտե՞ք, թե ինչ կլիներ, եթե խոզերը թերանային իրենց պարտականություններում։ Ջոնզը կվերադառնար։ Այո՛, Ջոնզը կվերադառնար։ Անշուշտ, ընկերներ,— համարյա պաղատագին վնգստաց Զռանը, պոչը շարժելով,— ձեր մեջ, իհարկե, չկա մեկը, որը ցանկանար Ջոնզի վերադարձը։

Եթե կար մի բան, որում անասունները միանգամայն վստահ էին, դա այն էր, որ Ջոնզի վերադարձը ոչ ոք չի ուզում։ Երբ հարցը դրվեց այդ կտրվածքով, նրանք այլեւս ասելիք չունեին։ Խոզերի առողջությունը հոգալու անհրաժեշտությունը չափից ավելի ակնհայտ էր։ Եվ այդպիսով, առանց հետագա վիճաբանության որոշվեց, որ կաթը եւ քամուց թափված խնձորները (ինչպես նաեւ հասուն խնձորների հիմնական բերքը) առանձնացվելու են միայն խոզերի համար։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼ    ՀԵՏևՅԱԼ  ՀՂՈՒՄՈՎ

https://www.scribd.com/doc/242854874/Անասնաֆերմա

546586_original

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s