ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԱՆԵԿԴՈՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

clipart4 - копияԻր «Նամակներում» Բիսմարկը գրել է, որ քաղաքական գործչի համար առաջին տեղում պետք է լինի ազգային, պետական, մարդկային տան կառուցումը. «Հեշտ է շահել մեր համակրանքը սիրով, միգուցե նույնիսկ՝ չափազանց հեշտ, բայց ոչ սպառնալիքներով, ոչ կույր դիմադրությամբ, ոչ անըմբռնողությամբ։ Մենք վախենում ենք Աստծուց, եւ աշխարհում ուրիշ ոչ մի բանից ու ոչ մեկից՝ բացի Աստծուց»։
Նաեւ, կարծում ենք, քաղաքական գործիչների մեջ անպայման պիտի «աղ» լինի, ինչի մասին ասվում է Մարկոսի Ավետարանում.
«Հովհաննեսը ասաց Հիսուսին. «Վարդապե՛տ, մեկին տեսանք, որ քո անունով դեւեր էր հանում, բայց մեր հետեւից չի շրջում։ Նրան արգելեցինք՝ մեր հետեւից չշրջելու համար»։
Հիսուսն ասաց. «Մի՛ արգելեք նրան, քանզի չկա մեկը, որ Իմ անունով հրաշք գործի եւ կարողանա Ինձ չարախոսել։ Քանզի նա, ով մեր դեմ չէ, մեզ հետ է։ Ուստի նա, ով ձեզ մի գավաթ ջուր կխմացնի Իմ անունով, որովհետեւ դուք Քրիստոսինն եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձքը չի կորցնի։ Եվ ով որ գայթակղեցնի այս պստիկներից մեկին, որ հավատում են Ինձ, թող ավելի լավ է ջաղացի քարը վզին կախի եւ ծովը նետվի։
Եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր այն. ավելի լավ է պակասավոր մուտք գործել կյանք, քան երկու ձեռք ունենալ եւ գեհենը գնալ՝ անմար կրակի մեջ, որտեղ նրանց որդը չի մեռնի եւ կրակը չի մարի։
Եթե ոտքդ գայթակղեցնի քեզ, կտրիր այն. ավելի լավ է կաղ մտնես կյանք, քան երկու ոտք ունենաս ու գեհեն նետվես։
Եթե աչքդ գայթակղեցնի քեզ, հանիր այն. ավելի լավ է մեկ աչքով մտնես Աստծո թագավորություն, քան երկու աչք ունենաս եւ գեհենի կրակը նետվես։
Քանզի ամեն մարդ կրակով պիտի աղվի եւ ամեն զոհ աղով պիտի աղվի։ Աղը բարի է, բայց եթե աղն անհամանա, ինչո՞վ պիտի համեմեք. ձեր անձի մեջ աղ ունեցեք եւ իրար հետ խաղաղություն ունեցեք» (Ավետարան ըստ Մարկոսի, գլ.9, 38-50)։
Դե ինչ, թանկագին քույրեր եւ եղբայրներ, որպեսզի անցումը աստվածաշնչյան սյուժեներից մեր իրականություն չափից ավելի կտրուկ չստացվի, սկսենք անեկդոտից։
Մի մարդ գալիս է հոգեբույժի մոտ.
-Բժիշկ, ես տառապում եմ հետապնդման մոլուցքով, ինձ թվում է, որ ուր էլ գնամ, հետեւիցս ահռելի ամբոխ է շարժվում։ Ես գնում եմ անապատ, նրանք՝ իմ հետեւից, ես՝ ծով, նրանք՝ իմ հետեւից…
-Այո՜, ծանր դեպք է։ Ի՞նչ է ձեր անունը։
-Մովսես։
Ասենք, մեր քաղաքական կյանքը վերջին քսան տարիներին առանց այդ էլ վերածվել է մի համատարած անեկդոտի, որի զվարճալի ավարտը չի երեւում նույնիսկ հորիզոնում։
Անեկդոտը լավ բան է։ Մանավանդ եթե ծիծաղելի է։ Բայց նախ՝ մեր հայրենի տափակ անեկդոտը գնալով ավելի է կորցնում ծիծաղելիությունը։ Երկրորդ՝ անվերջանալի անեկդոտի տարածքում տեւականորեն ապրելը բավական տանջալից է։
Անեկդոտն ընդհանրապես լավ է նախեւառաջ նրանով, որ գոյություն ունի բոլորի կողմից ընդունված նորմայի խորապատկերի վրա։ Հենց դրա համար էլ, անեկդոտ է, որ մեր ընթացիկ կյանքում բացահայտում է անեկդոտային գծերը։ Բայց երբ անեկդոտն ու կյանքը սկսում են չտարբերվել իրարից, աղետի հոտ է գալիս։
Այդ աղետի մոտենալու համար շատ բան է անում հայոց Մովսեսը՝ «Ժառանգության» առաջնորդ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, որն անցած շաբաթ հայտարարեց իր դաշնակից Խ.Քոքոբելյանի մասին. «Համատեղ պայքարը սխալ չէր. նորամուծություն էր եւ որոշ չափով՝ ռիսկային, բայցեւ հիմնավոր ու ապագայամետ։ Սխալն ընդամենը մեկ մարդու խաբեությունն է ու նաեւ մյուսների չհիմնավորված վստահությունը «տղամարդու»՝ նրա խոսքի նկատմամբ։ Այդ մեկը՝ եթե երբեւէ եղել է, արդեն չկա։ Մնացածը նրա եւ Աստծո օրենքի միջեւ է»։
-2 միավոր ստացած Ր.Հովհաննիսյանի հերթական կերպարանափոխությունը, ճիշտն ասած, արդեն քչերին է հետաքրքրում ու զարմացնում։ Նա միշտ աչքի է ընկել քաղաքական դաշտի, որպես կանոն, ամենակասկածելի սուբյեկտների սնայպերական դիպուկ ընտրությամբ՝ որպես սիրո եւ կարեկցանքի օբյեկտներ, իսկ հետո կազմակերպել ամուսնալուծության հիստերիկ տեսարաններ։
Ահավասիկ այս անգամ էլ պայմանավորվեց Քոքոբելյանի հետ, թե երկուսն էլ հրաժարվում են պատգամավորական մանդատներից։ Կարծես թե՝ առավել քան պարզ դրեց պայմանը։ Բայց ոմանք հայերեն չեն հասկանում։ Ու Քոքոբելյանը ձեւացրեց, թե նման բան չի եղել։
Անկման անկյունը, ինքներդ էլ գիտեք, հավասար է անդրադարձի անկյանը։ Ոչ մի անձնական բան. ֆիզիկա։ Մի խոսքով… Դե, դուք հասկացաք։ Հասկացաք, հասկացաք։ Հո բութ չեք։
«Այո, օրը խոստանում է այնքան էլ թեթեւ չլինել»,- այսպես զգուշորեն արտահայտվեց ժամանակին Լյուդովիկոս XVI-ի դեմ մահափորձի համար մահապատժի ենթարկված ֆրանսիացի Ռոբեր Ֆրանսուա Դամիենը, տեղեկանալով, թե ինչ է իրեն սպասում. կտտանքներ շիկացած աքցաններով, վերքերի մեջ հալած կապար ու եռացող յուղ լցնելով, այնուհետ՝ քառատում տարբեր կողմեր ձգող ձիերի օգնությամբ։
Իսկ ահա նախկին արտգործնախարար ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, որին, դատելով ամենից, սպասում են ոչ պակաս ծանր փորձություններ, անցած շաբաթ յուր ֆրանսիացի բախտակցից զգալիորեն ավելի վճռական էր տրամադրված. «Եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, եւ կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը»։
Այո, Սասունցի Դավթի եւ Մսրա Մելիքի մարտից ու Միխելսոնի գործարան Վ.Ի.Լենինի այցելությունից հետո համաշխարհային պատմությունը չի մտաբերում այդօրինակ անձնական արիության որեւէ դեպք։
Բայց արդյոք ամեն ինչ հաշվարկե՞լ է մեր թանկագին բարեկամը, մարտական ընկերը, ուսուցիչն ու առաջնորդը։ Չէ՞ որ դեռեւս հին չինական հանրահայտ «Պատերազմի կանոնը՝ հարյուր գլուխներով» աշխատությունն է (II դար) ուսուցանում. «Ռազմավարության գործերում ամեն ինչի սկզբում ընկած է հաշվարկը։ Ռազմական գործողությունները սկսելուց առաջ պետք է հստակ պատկերացում ունենալ զորահրամանատարների կարողությունների մասին, իմանալ երկու ճամբարների ուժեղ եւ թույլ կողմերը, զորքերի թվաքանակը, տեղանքի առանձնահատկությունները… Ինչպես նաեւ օժանդակ ուժերը, որոնց կարող են ապավինել յուրաքանչյուր ճամբարում»։
Թե՞ -3 միավոր ստացած Վ.Օսկանյանը հույսը դրել է միայն, այսպես կոչված՝ «անուղղակի ներշնչման» վրա։ Ճիշտ է, անուղղակի ներշնչման ուժը ապացուցված է բազմաթիվ գիտափորձերով։ Դրանցից մեկում, որն անցկացվեց հոգեբուժական կլինիկայում, հիվանդներին բաժանեցին երկու խմբի. առաջինը հոգեթերապիա էր անցնում կես տարի շարունակ, իսկ երկրորդն այդ ընթացքում սպասում էր բուժմանը։ Երբ համեմատեցին արդյունքները, պարզվեց, որ վիճակի բարելավման տոկոսը նույնն է երկու խմբերում։ Ապաքինման հույսը ազդեցությամբ հավասար էր բուն բուժմանը։
Մեկ այլ գիտափորձում նեւրոզով տառապող հիվանդներին դեղերի փոխարեն շաքարի հաբեր էին տալիս (բուժման տեսանկյունից՝ բացարձակ անօգուտ), հավատացնելով, թե դրանք «կօգնեն ճիշտ այնպես, ինչպես այլ դեղամիջոցները»։ Տասնչորս մարդուց բաղկացած խումբն ընդունում էր շաքարի հաբերը օրական երեք անգամ՝ մեկ շաբաթ շարունակ, ինչից հետո հիվանդներից տասներեքի վիճակը բարելավվեց բոլոր ցուցանիշներով։
Մի բան է այստեղ անհասկանալի. ինչի՞ համար է այդ ամոթխած «եթե պարոն Ծառուկյանը չուզենա»-ն։ Պետք չէ ամաչել, բոլորը յուրայիններ են։ Ասացեք պարզորոշ ու բարձրաձայն. կասկածվում եմ քրեական հանցագործության մեջ, բայց երազում եմ դառնալ նախագահ, եւ դեպի ձեզ կձգվեն գրգռված օտարերկրյա դեսպանների ու Եվրախորհրդի չինովնիկների նորանոր զանգվածներ։
Յուրաքանչյուրն իր գործն ունի կյանքում։ Աշխատեք։ Արեւը դեռ մայր չի մտել։ Իսկ ես վազեմ իմ ճանապարհով։
Որոշ տեսողական պատկերներ այնքան տարածված են զանգվածների մեջ եւ այնքան ամրագրված միլիոնավոր մարդկանց գիտակցությունում ու հիշողությունում, որ վերածվել են, ըստ էության, սրբապատկերների։
Խաչված Քրիստոսը, Լենինը՝ ծածանվող կարմիր դրոշի տակ, Չառլի Չապլինը՝ իր գլխարկով ու ձեռնափայտով, նացիստների համագումարում մոլեգնող Հիտլերը, V նշանը՝ հաղթանակի խորհրդանիշը ցույց տվող Չերչիլը, Ռուզվելտը՝ հաշմանդամի սայլակով, Մերիլին Մոնրոն՝ քամու վեր հանած փեշով, չորրորդ խոսափողի մոտ կանգնած Սադոյանը եւ այլն։
Բայց նույնիսկ զրկվելով խոսափողից, ԱԺԴ առաջնորդ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ չդադարեց հոգ տանել ժողովրդի մասին։ Ավելին՝ արժանավայել կերպով հետ մղեց ինքնակոչների գրոհը, որոնք փորձում են գողանալ իրենից փշե պսակը. «Բագրատյանի՝ վարչապետ եղած ժամանակ ես 10 անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու առաջարկն արել եմ՝ հիմնավորելով, որ դա բյուջեի վրա ծախսեր չի էլ նստի, որովհետեւ ստվերի կրճատման կբերի։ Այն, ինչ որ հիմա Բագրատյանն ասում է, ես ասում էի Բագրատյանին։ Հիմա պլեճ ա արել՝ իրա անունից է ասում»։
Ինչպես տեսնում ենք, այս հարցում +1 միավոր վաստակած Ա.Սադոյանը լուրջ տարաձայնություններ ունի ոչ միայն Հ.Բագրատյանի, այլեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր, լիբերալ տնտեսական մտքի նահապետ Ավգուստ ֆոն Հայեկի հետ։ Վերջինս համարում էր, թե մենք չպետք է հոգ տանենք ապագա սերունդների մասին, քանի որ նրանք հնարավորություն չունեն հոգ տանել մեր մասին։
Իսկ ընդհանրապես, եթե անկեղծ, իշխանության իրականացրած տնտեսական ու սոցիալական քաղաքականությունից դժգոհությունը հաճախ բացարձակապես անհիմն է։ Ո՞վ է ասում, օրինակ, թե մեր պետությունը հոգ չի տանում հաշմանդամների մասին։ Մտավոր հետամնացների համար մեզանում թողարկվում է ամեն ինչ. ե՛ւ սերիալներ, ե՛ւ երաժշտություն, ե՛ւ թերթեր ու գրքեր։
Պարզապես վատն այն է, որ կառավարությունները փոխվում են չափազանց հաճախ։ Չես հասցնում վարժվել լավ կառավարությանը, երբ նրան փոխարինում են ավելի լավով։
Ավա՜ղ, որպեսզի ուղեղով շեղվես հեղափոխության կողմը՝ բնավ պարտադիր չէ լիբիացի լինել։ Հեղափոխական մանրէն երբեմն բնակություն է հաստատում նույնիսկ ամենանուրբ կազմակերպված օրգանիզմներում։ Պետք է մշտապես հետեւել սեփական առողջությանն ու պաշտպանվել։
Հեղափոխականությունը, թե կուզեք իմանալ, սիֆիլիսի տարատեսակ է, իսկ սիֆիլիսով, ինչպես հայտնի է, հիվանդացել են նաեւ հանճարները։ Բարձիթողի վիճակում, սակայն, այդ հիվանդությունը հավասարաչափ ավերակի է վերածում ե՛ւ հանճարին, ե՛ւ տխմարին։
Խոսելով հեղափոխական մանրէով հիվանդ գործիչների, ինչպես նաեւ իբր բարեգործության համար Օսկանյանին հատկացված միլիոնավոր դոլարների մասին, ՍԻՄ առաջնորդ, պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ անցած շաբաթ հայտարարեց. «Այդ ամենը մաքուր ծխածածկույթ է։ Իրականում գումարները տրվել էին Վարդան Օսկանյանին քաղաքական նպատակներով։ Իսկ թե դրանք ի՞նչ նպատակներ են, Օսկանյանն ասել է սույն թվականի ապրիլի 22-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում ելույթ ունենալու ժամանակ։ Նա ասել է, որ Հայաստանում պետք է իրականացնել իշխանափոխություն լիբիական տարբերակով»։
Այո՜, ապշեցուցիչ է պատմական շրջանաձեւ ճանապարհին ոչ մի փոցխ բաց չթողնելու մեր այդ ձգտումը։ Հենց դա էլ հավանաբար մեր առանձնահատուկ ուղին է, որից խենթանում են օտարազգիները։ Ապուշնե՞ր են փոցխի սիրահարները։ Այո, բայց վտանգավո՛ր ապուշներ։ Այդ «կեղծ հեղափոխականներին» քաղաքական գործիչներ անվանելը նույնն է, թե անվանել Հիտլերին Վիեննայի գեղարվեստական ակադեմիայի շրջանավարտ՝ գեղանկարչությամբ զբաղվելու պատանեկան փորձերի համար։
Դե ինչ, մնում է միայն շնորհել Հ.Բաբուխանյանին +3 միավոր եւ հիշել, թե ինչպես երեկ խմբագրության ճանապարհին կանգ առա անցումի մոտ՝ կարմիր լույսի տակ։ Մտածելով, ինչպես միշտ, հայրենի հեղափոխական գործիչների մասին, այլ զրուցակցի բացակայության պատճառով դիմեցի կողքիս կանգնած տղային.
-Այո՜, քաղաքականությունը մեզանում, տղա ջան, չի՛ ստացվում։
-Իսկ ի՞նչն է ստացվում, հոպար։
-Գնա, տղա ջան, գնա…

Քաղաքական գործիչներին հետեւում էր ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ    աղբյուրը   http://www.armworld.am/

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s