«Յուրահատուկ անձնավորության» «տոնական» տրամադրությունն ու գեներալական քծնանքը

41a6dd625dc46bf03569f9a09cc5c774

Հեռուստաընկերություններից մեկի ռեպորտաժն եմ նայում:

Պարզվում է՝ այսօր Էջմիածին քաղաքի 2699-ամյակն է: Ցույց են տալիս մի փողոց, հետո դահլիճային միջոցառում, որտեղ կանգնած են գեներալ Մանվելն ու գեներալ Սեյրանը, ու նրանց կողքին` տոնական օրվա մթնոլորտին չհամապատասխանող՝ մռայլ–մթնած հայացքով մի դեմք: Սերժ Սարգսյանն է: Նա մասնակցում է քաղաքի տոնին: Գեներալների մեջտեղում կանգնած՝ դիտում է շքերթանման ինչ-որ մի բան: Իրենք ու իրենք են. փողոցում այլ մարդիկ չկան:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը եթե ի մի բերի իր լուսանկարները, կպարզի, որ դրանց մեծ մասում իր կողքին նմանատիպ դեմքեր են: Ամենուր նրա կողքին կարելի է տեսնել կիսաքրեական ու քրեական անցյալով, կասկածելի կենսագրություն ունեցող եւ հանրության կողմից անընդունելի ու պախարակված անձանց, որոնք անպակաս են նրա կողքից, եւ որոնց հետ նա հաճույքով է լուսանկարվում:

Ինչ արած, ամեն մարդ ինքն է ընտրում իր շրջապատը: Ինչեւէ:

Տեսարանը տարգիկոմիկական է. Գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը հրճվանքի մեջ են, ՀՀԿ առաջնորդը եկել է իրենց քաղաք ու դիտում է տոնական միջացառումը. անցնում են զինվորականներ, հոգեւորականներ, երեխաներ՝ ձեռքներին այբուբենի տառեր ու քաղաքի դրոշներ:

Ինքը՝ Սերժ Սարգսյանը, մի կերպ «բացում» է մռայլ դեմքն ու ժպտալու փորձեր է անում: Դե, քանի որ կողքի գեներալները շա՜տ են ուզում, որ շեֆը հավանի իրենց կազմակերպած թամաշան, որն առավելապես արվել է հենց Սերժ Սարգսյանի համար: Իսկ վերջինս, ինչպես արդեն նկատեցի, մթամած դեմքով «տոնի» է մասնակցում:

Զարմանում ես. ախր, իրենց շքախմբից բացի՝ մոտակայքում այլ մարդիկ չկան, որ գային ու խանգարեին իրենց տոնը, ուրեմն ինչո՞ւ է այսքան մռայլված Սարգսյանը ( չնայած, մեծ հաշվով՝ նրա դեմքը մշտապես է այդպիսին՝ բացառությամբ հատուկանետ դեպքերի, օրինակ՝ Գյուլի հետ ֆուտբոլային խաղ դիտելիս):

Գեներալ Մանվելի քաղաքապետ որդին՝ Կարեն Գրիգորյանը, իրեն այս ու այն կողմ է գցում, ուրախությունից համարյա թռչկոտում է: Տոնական անցուդարձի կազմակերպիչը կարծես դեռ չի հավատում, որ իրենց հրավերն ընդունել, ու Էջմիածնում է հայտնվել Սերժ Սարգսյանը: Ուրախությունից հեռուստախցիկի առաջ անկապ մտքեր է արտահայտում:

Նրա համար ասես Քրիստոսն է հայտնվել իր տարածքում: Դա դեռ հերիք չէ՝ «Քրիստոսը» կանգնել է իր հոր ու Սեյրան Սարոյանի կողքին:

Գեներալ-պատգամավոր Սեյրանն իր հերթին համարյա կռացած է ժպտում, որպեսզի «Քրիստոսը» տեսնի, թե իր գալստյան համար ինքն ինչքա՜ն ուրախ է:

Երեւի, ըստ Սեյրան Սարոյանի, ՀՀԿ առաջնորդը լսել է իր հորդորը «մի անգամ էլ ժողովիդի սրտով մի բան անելու» մասին եւ ահա, քաղաքի տոնին ներկայանալով՝ կատարել է «ժողովրդի սրտի ուզածը»:

Բայց, կրկնում եմ, շրջակայքում ժողովուրդ չկա: Խիստ ռեժիմով «տոն» է:

Հետո արդեն մշակույթի պալատում լսում եմ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ելույթը։

«Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ քաղաքի տոնին մի նոր նորոգված շենք, մի նոր նորոգված փողոց, նորոգված բակ ունենանք: Բայց, հիրավի, ես կուզեի առանձնացնել մի կարևոր պայման՝ շատ-շատ են մաղթանքները, բայց օգնողները քիչ են: Ես կուզեի առանձնացնել մի յուրահատուկ անձնավորության, որ միշտ օգնել է մեզ: Կոմիտասի անվան մշակույթի պալատ, Հովհաննես Հովհաննիսյանի անվան տուն-թանգարան, բարեկարգ Մաշտոց փողոց, Հոկտեմբեր փողոց: Սա կատարվել է մեր հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Դուք կարողացաք ամեն ինչով կանգնել մեր կողքին ու սատարել»,- հայտարարեց գեներալ–պատգամավորի որդին:

Գիտեինք, որ այս կամ այն փառատոնն անցկացվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Բայց չգիտեինք, որ բակ ու փողոց էլ է բարեկարգվում ՀՀԿ առաջնորդի բարձր հովանու ներքո:

Ասենք՝ պետբյուջեի հաշվին մշակույթի պալատ ու անհայտ բանաստեղծի ինչ-որ թանգարան են «ռեմոնտ» անում (վերջին կառույցն, ի դեպ, հաջողացրեց իր հոր անունով դարձնել Հովիկ Հովեյանը, երբ զբաղեցնում էր մշակույթի նախարարի պաշտոնը), ու դա հայտարարվում է Սարգսյանի բարձր հովանու ներքո արված գործ:

Զավեշտ է:

Մի խոսքով, տպավորությունն այնպիսին էր, որ ոչ թե Էջմիածնի, այլ «յուրահատուկ անձնավորությանը» նվիրված տոն էր:

Չնայած վերջինս ահագին «դիլխոր» էր, բայց դե, նա սիրում է, որ իրեն քծնեն ու շողոքորթեն, ինչն էլ հերթական անգամ տեսանք, բայց այս անգամ՝ գեներալական մակարդակով:

Բայց թե ինչով կարելի է բացատրել «յուրահատուկ անձնավորության» «տոնական» տրամադրությունը, թերեւս, ենթադրելի է:

Երկու օր հետո դրսում եւ ներսում բեկումնային իրադարձությունների մեկնարկ է սպասվում։

Կիմա Եղիազարյան

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s