ԿՐԱԿՈՑ` ԹԻԿՈՒՆՔԻՑ…

Dos_e - копияՆԵՐԵ՝Ք  ՄԵԶ,  ՏՂԱՆԵՐ… 

http://www.louysworld.com/archives/15136

Ճշմարտությունից փախչել չեմ ուզում… Ճշմարտության առաջ աչքերս փակել չեմ կարող… Հոգիս ընդվզում Է բանտված Ճշմարտության համար և ինձ թելադրում ասել.՝  Ներեք մեզ ՏՂԱՆԵՐ,՝ ներեք ինձ՝ ապերախտիս, որ լռել եմ այսքան տարիներ, որ իմացել եմ իրականությունը, գնահատել ձեր արարքը, բայց եղել եմ ապերախտ ժողովրդի մի մասնիկը… Ներեք ու հասկացեք, որ մեր ազգին շաաա՜տ բնորոշ բացասական հատկանիշներից մեկը, դա ապերախտությունն Է իր մեծերի, իր Ճակատագիրը կերտողների հանդեպ… Այս նույն ցավն զգաց իր մաշկի վրա նաև Մեծն Նժդեհը, երբ Հայրենիքից ստիպված եղավ հեռանալ ասելով՝ Իմ սերն ու օրհնանքը քեզ, ապերախտ ժողովուրդ… Նժդեհին լքեց նույն այն ժողովուրդը, որի համար նա մաքառել Էր, նվիրելով իր կյանքն ու ապագան, որի կանանց ու մայրերին բազմաթիվ անգամներ փրկել Էր պղծությունից, այն ժողովուրդը, որի համար ՆԱ հայրենիք Էր ապահովվել…  Այսօր ես, որպես մի մասնիկն այդ ապերախտ ժողովրդի, պարտքս եմ համարում բարձրագոչել այս մասին ու խնդրել ներում… Մենք ապերախտ գտնվեցինք ձեր հանդեպ, մեր լռությամբ, վախկոտությամբ, երեսպաշտությամբ ապականեցինք, ցեխին հավասարեցրինք կյանքեր արժեցած Ձեր այն մեծ գործը, որին դուք ձեռնամուխ եղաք հանուն մեզ, հանուն ձեր ժողովրդի ու երկրի ապագայի… Դուք հավատացիք մեզ, իսկ մենք՝ ոչ, դուք եղաք թիկունք ձեր մի բուռ դարձած, հարստահարված, թալանված, խոշտանգված, խաբված ու ծաղրված ժողովրդին ու երկրին, իսկ մենք լքեցինք Ձեզ, մենք թույլ տվեցինք որ տեղի ունենա ՀՐԵՇՆԵՐԻ հաղթարշավ, մեր լռությամբ ու վախկոտությամբ մենք լուռ համաձայնություն տվեցինք արդարության կշռաքարերի կամավոր տեղաշարժման և դուք, ձեր նվիրման ծանր բեռը շալակած հայտնվեցիք կյանքի հատակում, այնտեղ, որտեղ պետք Է հայտնվեր իրականում ձեր զոհը՝ ժողովրդի հոգեառը… Մենք Ձեզ «պարգևատրեցինք» ցմահ բանտարկությամբ, մենք մերժեցինք մեզ օգնության հասած Ձեր բազուկը և պատվո պատվանդանին բարձրացրեցինք « նրան», ով կեղեքեց, լլկեց մեզ, ով մեր նվիրումը շուկա հանեց ու վաճառեց և միակ գնորդն էլ ինքը եղավ, սեփականացնելով այդ նվիրումի պտուղները, մենք վճռական պահին, մե´զ համար վճռական պահին չկանգնեցինք Ձեր կողքին… Դուք եկաք դեպի մեզ, եկաք որպես ապավեն, բայց մենք դավաճանաբար երես դարձրեցինք ձեզանից, մենք շղթայեցինք ձեր ձեռքերը, այն ձեռքերը, որոնք ազատության, արդարության լույսն էին բերում մեզ… Ինչպե՞ս պիտի դուրս գանք այս ահավոր մեղքի տակից, ի՞նչ պատասխան պիտի տանք Աստծո ու սերունդների առաջ… Գիտեմ ծիծաղելի, քստմնելի են աղաչանքներն իմ ներման, բայց…Ներեք մեզ, ՏՂԱՆԵՐ, եթե կարող եք, որովհետև ԴՈՒՔ ավելի, անհամեմատելի բարձր եղաք մեզանից՝ ձեր ապերախտ ժողովրդից… 

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

31.10.2009թ.

ՊԱԿ-ի նախկին կալանավոր Սվետլանա Մարգարյան

«Հարգելի խմբագրություն, ձեր թերթի փետրվարի 7-ի և 10-ի համարներում դուք զետեղել էիք «Նամակ Բելգիայից» վերտառությամբ իմ հոդվածը: Այնտեղ ես խոսում էի լևոնյան բռնակալության տարիների, ՊԱԿ-ի բանտից (ուր անցկացրեցի ճիշտ 2 տարի) Վազգեն Սարգսյանին գրած իմ բաց նամակի մասին` ի պատասխան նրա պահանջների, այն է՝ հանուն մեր ազատության «վաճառվել» իրենց և մտնել ՀՀՇ: Այդ բաց նամակս, որը ժամանակին բազմացրել ու վերցրել էին Գլխավոր դատախազության շատ աշխատողներ, որը նաև կցվել էր մեր գործին, ուղղակի ցնցել էր «սպարապետ» Վազգեն Սարգսյանին` իր իսկ ասելով: Եվ վրեժխնդիր «սպարապետի» անմիջական կարգադրությամբ, նամակիցս ուղիղ 5 օր անց ինձ վրա բարդվեցին այն ժամանակվա Քրեական օրենսգրքի բոլոր, ամենածանր մեղադրանքները, որոնցից մի քանիսը մինչև մահապատիժ էին սահմանում: Ինչպես դատարանում իմ վերջին խոսքում ասացի՝ այս վրիժառու, փոքրոգի «մեծ հայրենասերը», եթե մի փոքր էլ առաջ գնար իր հիվանդագին երևակայության մեջ, գուցե մոռանար իմ կին լինելու հանգամանքը և ինձ վրա բարդեր բաց թողած ևս մի վերջին մեղադրանք՝ բռնաբարության մեղադրանքը, քանզի մնացած բոլոր մեծ ու փոքր, ծանր ու խայտառակ մեղադրանքներն արդեն իսկ բարդել էր տվել ինձ վրա, և դա այն դեպքում, երբ ջոկատի ձերբակալված ոչ մի անդամ դեռևս իր վրա չուներ այդպիսի ծանր և ոչ մի մեղադրանք:

Հայրենասերի, ազգային հերոսի վառ լուսապսակով զարդարել մի մարդու, որը ժամանակին իր քաջնազարյան բախտից արբած` կործանեց բազմաթիվ կյանքեր ու ճակատագրեր, որն, իրոք, խայտառակ, ազգադավ գործարքների մեջ մտավ մեր թշնամու՝ ադրբեջանցիների հետ, ինչի հետևանքով կորցրինք մեր՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքներ ու նաև Շահումյանի շրջանն ու Գետաշենը, որի հանցավոր արարքները, թալանը չափ ու սահման չունեին, մարդ՝ որին դեռ հաշված տարիներ առաջ անիծում էին հազարավոր հայ մայրեր, որի նորակառույց ապարանքի ամեն մի քարը դրվել էր աղետի գոտու մեր ազգակիցների զրկանքների հաշվին, զոհված ազատամարտիկների թափած արյան, նվիրաբերած կյանքերի հաշվին, առնվազն, այո՜, դավաճանություն է: Եվ եթե ոմանց ուղղակի ինչ-ինչ նպատակներով անհրաժեշտ էր և այսօր էլ դեռ անհրաժեշտ է Վազգենին հավերժացնել որպես ազգային «հերոս», ապա շատերը, անտեղյակ իրականությանը, հոսանքի տակ ընկած երկրպագում են ոչ մի ճակատում երբեք և ոչ մի գնդակ չարձակած այս «քաջ սպարապետին», որն այն տարիներին, ըստ Շահեն Մեղրյանի հայտարարության, ուղղակի մերժել էր Երևանից զրահատեխնիկա ուղարկել դավաճանաբար լքված ու թշնամու կատաղի գրոհի դեմ մեն-մենակ մարտնչող շահումյանցիներին, ինչի հետևանքով Մեղրյանի համոզմամբ և ունեցած փաստերի՝ ներքին փոխադարձ պայմանավորվածությամբ Շահումյանը հանձնվեց թշնամուն, իսկ Մեղրյանը դարձավ «օդային աղետի զոհ»: Ոմանք էլ՝ իրոք տեղյակ, Վազգենին լավ ճանաչող մարդիկ, լռում են, ուղղակի աչք փակում այս խայտառակության վրա` հանցավոր կերպով թույլ տալով ստի և կեղծիքի հաղթարշավը: Մեր լռությունը ստի և անարդարության հաղթանակն է, ինչը ոչ մի կերպ թույլ տալ չի կարելի՝ հանուն զոհված մեր ընկերների, հանուն մեր սերունդների և մեր պատմության…

Ահա թե ինչու, հարկ համարեցի ձեզ տրամադրել այն տարիներին Վազգեն Սարգսյանին գրած իմ «բաց նամակը» ` առանց որևիցե փոփոխման, ինչը գտնում եմ, որ դեռ այսօր էլ շատ արդիական է: Թող սա դիտվի որպես «Իմ սպարապետը» անցկացվելիք շարադրություն-մրցույթի մի օրինակ, և մարդիկ իմանան, թե ինչպիսին էր իրականում «ԻՄ սպարապետը» …

«Բաց նամակ Վազգեն Սարգսյանին

Նախ ասեմ, որ այս նամակը գրում եմ ձեզ Երևանի ՊԱԿ-ի բանտից, ուր գտնվում եմ ճիշտ մեկ ամիս: Հավատացած եմ, որ տեղյակ եք և դեռ ավելին… Միայն կցանկանայի նամակս ընթերցեիք մինչև վերջ, որը ձեզ գուցե խորհելու առիթ տար: Մեր ծանոթությունը կայացավ 1989թ-ի երկրորդ կեսին: Ինչպես ինձ թվաց, դուք ուրախությամբ իմացաք, որ ես Սամվելի քույրն եմ: Եվ ընդամենը 2-3 ամիս հետո դուք մեր հանդեպ դրսևորում էիք ոչ հարգալից վերաբերմունք: Պատճառն այն էր, որ մենք՝ լինելով ԱԻՄ անդամ, «հանդգնել» էինք միտինգիում պատմել Արտաշատի ՀՀՇ-ի անդամների կողմից կատարված խայտառակությունների մասին: Խոսքս Գորիսում գտնվող մեր ջոկատին կրկնակի գներով զինվորական կոշիկ, տափաշիշ և նույնիսկ փամփուշտներ վաճառելու մասին է: Այդ մասին ես հայտնեցի ձեր վարչությանը: Եվ դուք՝ անձամբ ինքներդ, սկսեցիք իմ դեմ ձեռնարկել մի գործողություն, որը վայել էր միայն ստախոս, բամբասկոտ և խառնակիչ կնոջ (խոսքս Լայերթին ձեր կողմից հաղորդածների մասին է): Հետո ես տեսա, որ «Անկախության բանակ» -ի անվան տակ անձնուրացաբար կռվող տղաների փառքն ու պատիվը ձեզ այնքան էլ դուր չեն գալիս: Բազմաթիվ անգամներ ի սկզբանե առաջարկվել էր մեր ջոկատին մտնել ՀՀՇ-ի ենթակայության տակ, և միշտ էլ մերժվել էր տղաների կողմից:

Իսկ ովքե՞ր էին նրանք` սկսած Սամվելից և վերջացրած վերջին մարտիկով: Դրանք այն տղաներն էին, որ եռագույն փոքրիկ դրոշները գլխարկներին ամրացրած` իրենց կյանքն էին նվիրաբերում ազգին Կոռնիձորում, մինչդեռ դուք, այդ ժամանակ, Ազատության հրապարակում ոտքերի տակ գցած պատառոտում էիք Մովսեսի բարձրացրած այդ նույն եռագույնը: Նրանք մարտիկներ էին, որոնք հենց անձամբ ձեր օգնության կանչին առաջինը նետվեցին թշնամու դեմ՝ Երասխում: Ես էլ, թողած տանը 7-ամյա դստերս, 2-րդ անգամ մայրանալու վիճակիս մեջ, մահացու գնդակների տակ զինամթերք էի հասցնում նրանց մինչև լուսաբաց: Մինչդեռ դուք ինքներդ և ձեր ընկերները անցել էիք «կաբինետային» հրամանատարության: Այո, հպարտությամբ եմ գրում այս բոլորը, որովհետև մենք ոչինչ չխնայեցինք ազգի պաշտպանության համար: Մեր ընտանիքից մասնակցում էինք չորսս, որովհետև այդ ոգով էր մեզ դաստիարակել ու մեծացրել վանեցի պապս, որի հոր՝ դաշնակցական Խաչատուր Մարգարյանի և Վանի ինքնապաշտպանական կռիվների մարտիկ պապիս արյունն էր հոսում մեր երակներում:

Վերջապես, Վայքի կռվից հետո սկսվեցին Արտաշատում մինչև օրս շարունակվող դեպքերը: Ո՞ւր էիք դուք այդ ժամանակ, ինչո՞ւ չեկաք հաշտեցնելու թշնամացած 2 խմբավորումներին, մանավանդ որ, ինչպես լսել եմ, բավականին մտերիմ էիք լանջազատցի Ռուբիկ Հակոբջանյանի հետ: Թե՞ այդ ժամանակ ձեզ ձեռնտու էր այդ վիճակը: Մեր զենքը, որ միշտ գործել էր թշնամու դեմ, այժմ ուղղվել էր հայի դեմ, և ոչ թե սպանելու դիմացինին, այլ՝ դիմացինից պաշտպանվելու համար: Եվ այդ բոլորը հրաշալի առիթ էր` տապալելու և վարկաբեկելու մեզ, որովհետև մենք չէինք ընդունում պաշտոնների ձգտող ձեր մոլուցքը: Անվիճելի ճշմարտություն է, երբ մի կառավարություն իր գործունեության սկիզբը դնում է բանտերում նորանոր մարդիկ ավելացնելով` դա իսկական բռնակալություն է: Իսկ դուք սկսեցիք այդպես: Այսօր բանտերում են բազմաթիվ մարտիկներ, և կավելանան դեռ շատերը: Խեղկատակություն է թվում ամնիստիայի անցկացումը, որովհետև ազատվածների փոխարեն, լի ու լի կհամալրվեն բանտարկյալների շարքերը: Եթե դատելու լինենք մեր, կամ՝ ՀԱԲ-ի ու մյուսների կատարած «հանցագործություններով», ուրեմն հանցագործների այդ շարքը պետք է գլխավորեն հենց ձեր կազմակերպության անդամները, որոնք, 1988թ-ից սկսած, մեծ ջանասիրությամբ հավաքեցին ու վատնեցին ժողովրդի գումարները, հենց ձեր ղեկավարած Արարատի ՀՀՇ-ի տղաները յուրացրեցին Խալիսայի ադրբեջանցիներից թալանած մեծ քանակությամբ ոսկեղենն ու փողերը, մինչև այսօր էլ «Երկրապահ» կոչվող ջոկատները մորթում և վաճառում են հակառակորդից խլած անասունները և՜ մեզ մոտ, և՜ Արցախում: Ավտոմեքենաների մեծ մասը գողացվել, վաճառվել և օրինականացվել է ձեր կազմակերպության անդամների կողմից, օդանավակայանի զենքերը, որոնք մի քանի օր շարունակ խնդրում էին վերադարձնել, գտնվեցին Արտաշատի ՀՀՇ-ի տղաների մոտից, Գորիսի գյուղերում մի քանի ամիս առաջ վաճառված պարկերով ալյուրը, կատարվել էր նորից ձեր դրոշի տակ «կռվող» տղաների կողմից, և այսպես կարելի է երկար թվարկել: Իսկ այդ բոլորի առաջ այսօր աչք եք փակում` հարվածն ուղղելով միայն մի՜ կողմ՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» — սկզբունքով: Դուք որդեգրել եք բոլշևիկների 1921 թվականի գործը, և «բանդա» եք համարում նրանց, ովքեր ունեն ուրիշ համոզմունքներ, ճիշտ այնպես, ինչպես կարմիրները՝ սպիտակներին: Ձեր շարքերում կան որոշ խելացի մարդիկ, ովքեր առաջնորդվում են իրոք ազգային մտածելակերպով: Սակայն դուք և ձեր նման մի քանիսը, պատահականություն եք ձեր գրաված դիրքերում: Ամբողջ իրավաբանների հսկա «բանակը», թեկուզ նրանցից շատերը կոմունիստական տոմս ունեն գրպաններում, այսօր հաշվետու են ձեզ: Սա շատ զավեշտական է, և հենց այդտեղից է բխում չարիքը: Դուք չունեք հոգու մեծություն և ծանրակշիռ մարդ չէք: Այս իրողությանը հանգեցի վերջնականապես, երբ լսեցի, որ Գերագույն խորհրդի վրա կատարված կրակոցները դուք բարդում եք ինձ վրա և կապում Սամվելին ձերբակալելու հետ: Կարող եմ ձեզ տեղեկացնել, եթե «չգիտեք» մինչ այժմ, որ դուք բռնություններով ու սխալներով ձեր դեմ եք հանել բավականին մարդկանց: Սակայն նման մի քայլ կատարողը, ով էլ որ լինի նա և ինչի համար էլ որ կատարած լինի, արժանի է ծանր պատժի, քանզի կույր գնդակը չի տարբերում շենքում գտնվող ազնիվ և անազնիվ մարդկանց: Դուք շատ լավ գիտեք, որ Սամվելից հետո տղաները կլսեին ինձ, ուրեմն պետք է քաջ գիտենայիք, որ ես, համենայնդեպս թույլ չէի տա, որ նույն օրը առավոտյան Մոսկվայից տրվող «120 րոպե» հաղորդման ժամանակ մեզ «բանդա» որակելը հաստատվեր այդպիսի անմիտ քայլով: Եթե տրամաբանորեն դատելու լինենք, այդ կրակոցները ավելի շուտ ուղղված պետք է լինեին այն տան ու մարդկանց վրա, ովքեր հոկտեմբերի 16-ին, օրը ցերեկով, հենց դատախազության դռան մոտից առևանգել էին հորս: Սակայն ես դեմ էի նույնիսկ դրան, էլ ուր մնաց Գերագույն խորհրդի շենքի պատերին կրակելու անմիտ քայլին: Այդ օրերին մեզ մոտ նույնիսկ ատրճանակ չի եղել, բոլոր զենքերը վաղուց հավաքված էին: Ձեզ կասեմ հետևյալը՝ դեպքը պարզապես վատ կազմակերպված կեղտոտ պրովոկացիա է: Կազմակերպիչները չեն մտածել, որ այդ նույն ժամանակ մենք Արտաշատում միտինգ ենք անցկացնում, քանի որ միտինգի հայտարարությունը ես գրել և փակցնել էի տվել նույն օրը` ժամը 13-ին, այսինքն` կրակոցներից 2 ժամ առաջ, որը, բնականաբար, նախատեսել ու հաշվարկել չէին կարող պրովոկացիան կազմակերպողները: Ես կասեի, որ դա նույն ձեռքի գործն է, որը Երասխում գնդակահարեց Մովսեսին, հետո Կիրովի սովխոզցի Պարգևին, հետո՝ Գեղազնիկին ու Վիտյային և Նոյեմբերյանում կռվող ՀԱԲ-ի Գդլյանին ու նրա նմաններին… Ներեցեք, բայց ինչ-որ մեծ ջանքեր եմ տեսնում ձեր կողմից, այդ դեպքը հատկապե՜ս մեզ վերագրելու համար: Ինձ թվում է, որ հատկապես ի՜նքդ շատ կցանկանայիր, որ դա իրոք մեր կողմից կատարված լիներ…

Հատուկ միտում եմ տեսնում նաև այն բանում, որ ձերբակալվում են միայն մե՜ր ջոկատի մարտիկները` անկախ կատարած կամ՝ չկատարած հանցանքից, որովհետև ձերբակալվածների մեջ կա ն մարդիկ, որոնք ոչ մի հանցանք չեն կատարել: Եթե Ադրբեջանին պատկանող մեկ վագոնի «թալանման», վաճառքի և գումարը ծախսելու հետ ես և շատերը ոչ մի կապ չունենք, չնայած մեղադրվում ենք նաև դրանում՝ ըստ ձեզ՝ «եղբայրական Ադրբեջանին» նյութական վնաս պատճառելու համար, ապա ինչու՞ մեր կողքին չեն ՀՀՇ-ի այն անդամներն ու ջոկատի տղաները, որոնք ոչ միայն իրոք մասնակցել են ադրբեջանական այդ վագոնի «թալանին», այլև գործարաններ ու գյուղեր են տարել վաճառելու ապրանքը: Նրանք երևի հանդես կգան որպես վկաներ, քանի որ Սամվելի ջոկատից չեն: Չմտածեք, որ ես ցանկանում եմ նրանց ևս տեսնել մեղադրյալի աթոռին: ՈՉ: Պարզապես մեր հանդեպ իրագործվող դիտավորությունն է հարցը: Հորս առևանգելուց, մեկ ու կես ամիս պահելուց ու տանջելուց հետո, տեղափոխելով նրան Սոչի, այնտեղ են բաց թողել այնքան մեծ չարիքների, սպանությունների պատճառ հանդիսացող մարդիկ՝ ՀՀՇ-ի զինված ջոկատ ներկայացող լանջազատցի սրիկաները, որոնք այս դժվարին օրերին թիկունքից հարվածելով շարժմանն ու նրա նվիրյալ մարտիկներին` մինչ օրս վայելում են իրենց ազատությունն ու ձեր հովանավորությունը: « Ուժն է ծնում իրավունք »,- ասել է Նժդեհը, և ես չեմ ցանկանում մտածել, որ այս իմաստուն խոսքերն են ձեր ամենաթողության խթանիչը հանդիսանում: Սակայն առ այսօր դա է իրականությունը, քանզի շրջանում տիրող վիճակի, նաև հորս հարցով ձեզ ուղղված բոլոր դիմումները մնացին որպես «ձայն բարբառո հանապատի»:

Եվ հենց այս բոլորն է, Վազգեն, որ վաղ թե ուշ, մի մեծ հարցական դարձած` դրվելու է հատկապես քո, քո զավակների և թոռների առջև: Մի օր, եթե ոչ ես՝ քեզ, ապա իմ դուստրը գուցե քո զավակներին հարց կտա, թե ի՞նչն էր պատճառը, որ ինքը զրկվեց մայրական խնամքից ու գուրգուրանքից: Եվ ինչ էլ լինի պատասխանը՝ արդարացում չի գտնի, քանի որ նա ևս կիմանա վերը թվարկած դեպքերի մասին և կիմանա դեռ ավելին…

Այսօր դուք կգնաք տուն, ոմանք կվայելեն զավակների սերն ու քնքշանքը, իսկ մեր զավակները, իմ դուստրը, գուցե շատ երկար սպասեն այդ օրվան: Եվ այստեղ «լավ կլիներ ձեզ մեկ անգամ ևս հիշելու զորավար Անդրանիկի խոսքերը. « երբ գլուխդ բարձին կդնես քնանալու, մի փոքր հիշիր ու մտածիր հարևանիդ մասին, ով էլ որ լինի նա…»:

Թող անհամեստություն չթվա, եթե ասեմ, որ ես, կյանքում եղա շատ, չափազանց ազնիվ, պայքարեցի անազնվության յուրաքանչյուր դրսևորման դեմ, և ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք ինձ տեսավ հենց այդպիսին: Այսօրվա կատարած մեր յուրաքանչյուր քայլը, ճակատագիր ու պատմություն է մեր սերունդների համար: Այս առումով, ես շատ հպարտ եմ ու հանգիստ, մինչդեռ դուք, ձեզ դատապարտում եք գլխիկոր կանգնելու պատմության դատաստանի առաջ:

Դուք մեզ դարձրեցիք ձեր իսկ կողմից ստեղծված իրավիճակի քավության նոխազ: Մենք՝ ազգային ողբերգության հերթական զոհերն ենք, ձե՜ր ստեղծած ողբերգության, և ապագայի համար, ես խղճում եմ ձեզ ու ձեր սերունդներին, որովհետև՝ դու՜ք, մեր ժամանակի ավիսներն ու աթարբեկյաններն եք…

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ`

ՊԱԿ-ի նախկին կալանավոր Սվետլանա Մարգարյան 04.12.1990թ.»

ԽՈՍՔ   ՊԱԿ-ի   ՄԵԿՈՒՍԱՐԱՆԻՑ  

ՈՒՂՂՎԱԾ   ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ   ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ  

Սիրելի հայրենակիցներ, ես գիտեմ, որ դուք, փետրվարյան այս ցրտաշունչ օրը, հազարավոր անմեղ զոհերի ու նահատակների կսկիծը ձեր սրտում, եկել եք կրկին Անկախության Հրապարակ: Այսօր, Սումգայիթյան արյունոտ ջարդի չորրորդ տարելիցի կապակցությամբ, իմ վշտահար, բայց և ըմբոստ հոգու կսկիծն պայքարի անկոտրում կամքն եմ միացնում Ձեր կսկիծին ու կամքին:

Ես հոգով քեզ հետ եմ, Ա´զգ: Ես, ՊԱԿ-ի կիսախավար նկուղում, վանդակապատ պատուհանից իմ հայացքն եմ ուղղում միշտ երկնքի այն փոքրիկ պատառիկին, որի տակ թևածում է այժմ քո բողոքի ու արդարացի պահանջի ձայնը: Անվիճելիորեն ճշմարիտ ես Դու:

Ավա՜ղ, կալանավորի իմ այսօրվա վիճակը, ինձ հնարավորություն չի տալիս լինել Ձեզ հետ: Ես ներկա ժամանակի զոհերից մեկն եմ, մեկը այն հարյուրավորներից, որոնք թեպետ ակտիվորեն պայքարեցին ազգի ազատության համար, բայց հայտնվեցին մեկուսարաններում, քանի որ մերժեցին ընդունել ազգային-ազատագրական պայքարը աթոռակռվի նենգափոխելու ՀՀՇ-ի «քաղաքական կուրսը»: 1990թ.-ի սեպտեմբերի 30-ին Անկախության Հրապարակում ԱԻՄ-ի անցկացրած Ազգահավաքի ժամանակ, իմ ելույթում արտահայտած մտքերիցս մեկը ես ավելի համոզված կրկնում եմ այսօր՝. «Իշխանության անցած ՀՀՇ-ի լիդերները որդեգրել և իրականացնում են 1921 թ.-ի բոլշևիկների խայտառակ գործը: Այսօր, ինչպես 21 թվականին, բանտերում են գտնվում նոր ժամանակի Համազասպները՝ ազգի զինվորները, նրանք՝ ովքեր իրենց կյանքն են դրել Ազգի ազատության զոհասեղանին Կոռնիձորում,, Վայքում, Մեղրիում, Երասխավանում, Նոյեմբերյանում և Արցախում: Ոչ մի երկրի, ոչ մի ազգի պատմության մեջ հնարավոր չէ գտնել այսպիսի մի դեպք, որ զինվորին, շինծու մեղադրանքներով, հանցագործի անվան տակ պահեն բանտում ա´յն ժամանակ, երբ երկիրը պատերազմի մեջ է: Իշխանության հեղինակավոր դեմքերը, իրավապահ մարմինների աշխատողները տեղին-անտեղին խոսում են և փորձում հավատացնել, թե ամեն ինչ անում են կառուցելու իրավական պետություն: Այդ ինչպե՞ս են փորձում կառուցել՝ լեփ-լեցուն բանտերո՞վ, հանուն իրենց խմբակային, կուսակցական շահերի մեզ նմաններին զոհ դարձնելո՞վ, իրավապահ մարմիններում բույն դրած հանցագործ կադրերո՞վ, որոնք ինչպես նախկինում, ճիշտ նույնությամբ էլ այսօր, ազգադավ մոտեցում են ցուցաբերում՝ գրչի մի հարվածով աշխատելով խորտակել մարդկային ճակատագրեր:

Այսօր էլ, ինչպես նախկինում, այսպես ասած՝ « իր դիմումի համաձայն», աշխատանքից ընդհամենը ազատում են բարձրաստիճան հանցագործին, ինչպես օրինակ Ներքին Գործերի նախարարի տեղակալ` Կառլեն Թորոսջանին, որի կազմակերպած ու ղեկավարած բանդայի անդամներ Ռուբիկ Հակոբջանյանը, Միշա Խուդավերդյանը (կծան Միշան) և մյուսները, որոնք բոլորն էլ կրկնակի և բազմակի դատապարտված հանցագործներ են, նույն այդ «ընկեր» նախարարի տեղակալ Թորոսյանի հրամանով ամբողջ 90 թվականին արյունոտ մարտերի թատերաբեմ էին դարձրել ողջ Արտաշատի շրջանը: Նրանք ելել էին ոչնչացնելու Սամվել Մարգարյանի կողմից ղեկավարվող «Անկախության Բանակ»-ի Արտաշատի ինքնապաշտպանական ջոկատը, ստիպելու՝ կամ ծառայել իրենց, կամ՝ հեռանալ ասպարեզից: Դա, Կոմունիստական Կուսակցության օրեցօր խարխլվող հիմքերը փրկելու վերջին ճիգերից մեկն էր, որին զոհ գնացին մոտ երկու տասնյակ կյանք, մաֆիայի կողմից տարածված սուտ ու հորինովի, սարսափազդու լուրերով վարքաբեկվեց Սամվել Մարգարյանի ղեկավարած ջոկատը, որն իր մարտունակությամբ առաջիններից մեկն էր ողջ Հանրապետությունում: Այսօր բանտերում են գտնվում այդ ջոկատի 14 մարտիկներ, որոնք ամիսներ շարունակ սահմանամերձ շրջանների անդորրը պահպանելու հետ մեկտեղ, մասնակցել են Հանրապետության սահմաններում տեղի ունեցած համարիա բոլոր մարտերին: Մեղադրյալ է դարձել նաև քաղաքական հայտնի գործիչ, նախկին քաղբանտարկիալ Հակոբջան Թադևոսյանը, որը 90 թ-ի մարտ-ապրիլ ամիսներին եղել է ջոկատի շտաբի պետը: Իրավական պետություն ստեղծելու մասին գեղեցիկ խոսքեր են ասվում, մինչդեռ ազատ շրջում են Արտաշատյան խայտառակ դեպքերի կազմակերպիչներ` Կառլեն Թորոսյանը, Արտաշատի Գործադիր Կոմիտեի նախկին նախագահ` Սեդրակ Սեդրակյանը, որին թեև կոմունիստներն հեռացրեցին զբաղեցրած պաշտոնից հենց այդ դեպքերի կապակցությամբ, բայց նոր կառավարության օրոք բազմեց Արտաշատի գինու գործարանի փոխտնօրենի բազկաթոռին, Արտաշատի ՆԳ բաժնի պետի նախկին տեղակալ Էդիկ Ալխասյանը, որին ևս այսպես ասած պատժեցին ընդհամենը աշխատանքից իր դիմումի համաձայն ազատելով: Մինչդեռ բանտերում ենք մենք: Մենք, որ չցանկացանք կույր գործիք դառնալ երկար տարիներ շրջանում հանցագործություններ կատարող մաֆիայի ձեռքին: Եվ դատապարտվում ենք, որ փորձել ենք պաշտպանել մեզ և մեր ընտանիքներին «օրենքի պաշտպաններ» կոչվող հանցագործների ղեկավարած մաֆիայից: Այդ ինչպե՞ս եղավ, որ հանկարծ ավելի հարազատ դարձան ընկեր կոմունիստները, իսկ խորթ՝ մենք: Ինչպե՞ս համընկան հանկարծ Կոմունիստական մաֆիայի ու իշխանության շահերը, որ նրանք մնացին իրենց տեղում, իսկ մենք հայտնվեցինք բանտերում բանդիտիզմի, մարդասպանության և խուլիգանության մեղադրանքներ վաստակած: Ինչու՞ հատուկ մոլուցքով մեզ վրա շինծու մեղադրանքներ բարդող ՀՀ Գլխավոր Դատախազությունը այնքան «անզոր» գտնվեց, որ չփորձեց հայտնաբերել 90թ-ի հոկտեմբերի 17-ին ՀՀ Գերագույն Խորհրդի վրա կատարված կրակոցների հեղինակին, դեպք՝ ինչը մի ժամանակ Վզգեն Սարգսյանի անմիջական ջանքերի շնորհիվ, կապում էին իմ անվան հետ, ինչն էլ, իմ խորին համոզմամբ՝ ինձ և դրսում եղած մյուս տղաներին ձերբակալելու առիթով կազմակերպված կեղտոտ պռովոկացիա էր: Հավատա՞լ, որ այդքան անզոր են հայտնաբերելու հանցագործին: Ո՞վ պետք է պատասխան տա տարիներ շարունակ Արտաշատի շրջանում կատարված մարդկանց անհայտ կորուստների, այսպես կոչված՝ չբացահայտված սպանությունների, 90-91թ-ին մաֆիայի զոհը դարձած բազմաթիվ կյանքերի, ավերածությունների համար: Ինչու՞ են թաքցվում դրանց հեղինակները, ինչու՞ են կոծկում կատարված դեպքերը: Ահա´, այսպես են ներկայումս փորձում իրավական պետություն կառուցել: Բանտերը դարձրել են անմեհջ-մեղավորների բնակավայր: Մարդկանց դատապարտում են հաշվի առնելով առաջին հերթին նրանց հավատարմության չափը իշխողներին, իսկ ամենաիսկական հանցագործներն ազատ շրջում են, քանի որ հավատարիմ են իշխող կուսակցությանը:

Մայրս ծնել է երեք զավակ, երեքս էլ Ազգային-ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցներ: Եվ այսօր երեքս էլ բանտերում ենք: Ջոկատի հրամանատարը՝ Սամվել Մարգարյանը, որն իմ ավագ եղբայրն է, Արտաշատի քաղխորհրդի պատգամավոր է, պատգամավորներ են նաև ջոկատի ուրիշ 4 անդամներ, բայց ոչ ոքի մտքով չանցավ երբևէ հարգել այս 5 պատգամավորների անձեռնմխելիությունը: Ի պատասխան, բերվում են ինչ որ սովետական օրենքներ, նրանց տառապանքները երկարաձգելու համար:

Ինքս, շուրջ մեկ ու կես տարի է, որ գտնվում եմ ՊԱԿ-ի բանտում: Երիտասարդ կին եմ, ունեմ անչափահաս երեխա, իսկ ինձ վրա բարդված են բանդիտիզմի մեղադրանք (չիմանալով թե այդ ի՞նչ բանդայի անդամ եմ եղել), և մարդասպանության մեղադրանք (չիմանալով մինչ օրս, թե այդ ու՞մ եմ սպանել): Համոզված եմ, հնարավորության դեպքում չէին զլանա նաև ինձ վրա բարդել բռնաբարության մեղադրանք: Չէ՞ որ, ինչպես ամիսներ առաջ հայտարարեց Վազգեն Սարգսյանը, պատժվելու են միայն սպանողները, թալանչիներն ու բռնաբարողները: Իսկ նրանք իրոք շատ են ցանկանում ինձ պատժել: Պատժել, որովհետև ըստ Վազգեն Սարգսյանի, շատ եմ հանդուգն և ի ցավ նրա, ունեմ փայլուն հիշողություն և հանդգնում եմ բաց նամակով հիշեցնել իր ղեկավարած Արարատի ՀՀՇ-ի և Արտաշատի ՀՀՇ-ի երբեմնի «քաջագործությունները»: Հենց դրա համար էլ ինձ մեկ ու կես տարի է հայտնում են, որ կմնամ բանտում այնքան ժամանակ, ինչքան որ անհրաժեշտ է: Միայն չեն հասկանում, որ բանտը ի զորու չէ ընկճելու մարդու ազատատենչ ոգին, այն մարդու, որը միշտ ձգտում է լույսը ճշմարտության, այն մարդու, որը նոր ոգի է ստանում քաջերի հաղթության լուրն առնելիս և ՊԱԿ-ի մգլոտ նկուղից սլանում է դեպի Անկախության Հրապարակ, բռունցք բարձրացնելու ընդդեմ բռնության ու կեղծիքի:

ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ստորագրություն)

ՊԱԿ-ի նկուղից 28/02/1992թ.

 

Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s