« Վերջին Մոhիկանը » Ազատամարտիկ նոթատետրից

 stalin_wallpaper - копия

ՆԱԽԱԲԱՆ

Հարսնաքարի դաժան սպանությունը ցնցեց ազատամարտիկի հոգին: Նրա աչքի առաջ տեսաերիզի նման անցան տարիներ առաջ Արցախյան պատերազմում իր անցած ճանապարհի դաժան պատկերները: Պատերազմի դաշտում կատարված ահասարսուռ դեպքերը` հերոսությունները, սպանությունները, դավաճանություններն ու թալանի համար մարդկանց ոչնչացնելը խորը հետք էին թողել ազատամարտիկի հոգում: Եվ ահա Երևանի կենտրոնում, ուր թվում էր աշխարհի ամենախաղաղ ու ապահով անկյունն էր, հայաստանյան իրականոության մեջ վերջին տարիներին ի հայտ եկած օլիգարխներից մեկի հաստավիզ թիկնապահները դաժանաբար սպանում են Վահե Ավետյանին` մարդու, բժշկի, ով տարբերվում էր բոլորից իր մարդկային բարձր որակներով ու հատկանիշներով, ով մեծ պատասխանատվությամբ էր վերաբերում իր կոչմանը: Նա այն եզակիներից էր, ով հավատարիմ էր իր մասնագիտական երդմանը և սրբորեն կատարում էր իր պարտքը: Սպանության պատճառն ավելի ահասարսուռ էր, երբ այն չուներ անգամ պատճառ, նա զոհ դարձավ լկտիների քմահաճույքին ու դաժանությանը: Այն հյուրընկալ հայը, որ երբևէ իր հացն էր կիսում հյուրի հետ, այսօր դաժան ծեծի ենթարկելով՝ սպանում է այդ հյուրին:
Դա չէր կարող անտարբեր թողնել ազատամարտիկին, ով լավ էր ճանաչում Վահե Ավետյանին, և այս դաժան սպանությունը ստիպեց Վարդան Հովհաննիսյանին կրկին վերապրել պատերազմի դաժանությունները, վերհուշը կրկին ալեկոծեց նրա սպիացած, բայց մշտապես ծխացող վերքերը: Այս դեպքը ստիպեց Վարդանին՝ ընթերցողին հանձնել տարիների իր հուշերը, այն, ինչ ապրել էր պատերազմի դաշտում և արդեն հետագայում` հայրենիքի համար կյանքը չխնայած իր ազատամարտիկ ընկերների ծայրահեղ չքավորությունը տեսնելով: Նրա հոգին ցավում է պատերազմից մինչ օրս, քանզի այն հայրենիքի, որի համար կռվեցին ու պայքարեցին, մարտնչեցին, զոհվեցին ու վիրավորվեցին` դառնալով կիսամարդ, այդպես էլ չկայացավ, իրենց պատերազմը մնաց անավարտ, հայրենիքը պատերազմի մեջ, հայ զինվորն ու խաղաղ բնակիչները սպանդի ու վտանգների մեջ:
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Հարգելի ընթերցողներ, «Հարսնաքարում» կատարված վերջին իրադարձությունները ստիպեցին ինձ բացահայտել շատ կարեւոր փաստեր ու պատմություններ, որոնք լայն հասարակության համար անհասանելի են և փակ: Այն նյութերն ու աստերը, որոնք ներկայացնելու եմ Ձեզ, արտացոլում են մեր իրականությունը, որոնք պատմել են Արցախյան Ազատամարտի հերոսները: Ինձ հաջողվել է բազմիցս զրուցել ազատամարտիկների հետ, լսել նրանց սոցիալական եւ հոգեբանական խնդիրների եւ դրանց հետեւանքների մասին: Շատերին կարող է անհավանական թվա այս պատմությունները, սակայն այդ ամենը բազմաթիվ ազատամարտիկների եւ հերոսների իրական պատմություններ են, որոնց ես հանդիպել եւ լսել եմ Երեւանում: Բոլորն էլ Արցախյան ազատամարտի իրական հերոսներն են, ովքեր զգուշավորությամբ պատմեցին ինձ այս ամենը: Պատմությունս նրանց հոգուց դուրս եկած ճիչն էր, որ վստահելով` հանձնեցին ինձ: Այն, ինչ տեսա եւ լսեցի նրանցից, ապրեցի շատ ծանր զգացումներ, նրանց ցավը իմը դարձրեցի եւ այն ինձ ստիպեց այս պատմությունը վերնագրել հետևյալ կերպ` « Վերջին Մոhիկանները »: Այդ հայրենասեր տղաներից շատերը լավ ճանաչելով ինձ` առաջարկեցին հեռու մնալ նման թեմաներին անդրադառնալ, քանի որ ինչպես իրենք էին ասում` փորձանքից հեռու, վտանգավոր է: Նրանք շատ ավելի լավ էին հասկանում ու գնահատում իրավիճակը, քան ես: Մեր երկրում կարծես հայրենասիրությունը դարձել է վտանգավոր եւ հետապնդելի, այն համարվում է հանցանք եւ ահաբեկչություն: Այնպիսի տպավորություն է, որ ենիչերի իշխանավորները զավթել են Հայաստանի Հանրապետության պետականությունը եւ ամեն ինչ անում են կործանելու առանց այն էլ մի բուռ դարձած Հայաստանը: Երկար տարիներ ապրելով հայրենիքից հեռու, արտասահմանում` իհարկե անհաղորդ չեմ եղել նրանց ցավին, ծանոթ եմ եղել հայ իրականությանը, սակայն Երեւանում ներկայացրածն ու սեփական աչքերով տեսածը սարսափելի էր ու ցավալի: Ղարաբաղյան Ազատամարտի հերոսներից շատերն այսօր ապրում են ողբալի վիճակում, կարելի է այսպես ասել, ինչպես հենց իրենք` ազատամարտիկներն են ասում « Բոմժ »-ի կարգավիճակում են, եւ թող այս բառից չնեղանան իսկական ազատամարտիկները, քանի որ այդ է դաժան իրականությունը: Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առթիվ հավաքվել էինք Եռաբլուրում, երբ ազատամարտիկներից մեկն ասաց.
— « Եղբայր, դու երբեւէ տեսե՞լ էիր այսքան Բոմժ՝ միասին հավաքված »: Սիրտս կծկվեց ցավից: Ժամանակին այս մարդիկ առյուծ կտրած սարեր ու ձորեր էին շուռ տալիս, թուրքերին ահ ու սարսափի մեջ պահում, իսկ այսօր նրանք իրենց հանապազօրյա հացը չեն կարողանում վաստակել:
Իսկական ազատամարտիկը չպետք է ամաչի այդ բառից, պետք է ամաչեն մեր երկրի պետական այրերը, ովքեր պատերազմը հաղթած ազատամարտկների հաշվին հարստացան ու հզորացան, թե իրենց կարողություններով, եւ թե իրենց պաշտոններով ու դիրքով: Պատերազմ տեսած եւ սեփական մաշկի վրա զգացած մարդը երբեք չի կարող կորցնել բարոյականությունն ու մարդկային արժեքները, որոնք մշտապես ուղեկցում են նրանց: Դա է ստիպում նրանց զգուշավորությամբ մոտենալ ներկա իշխանության իրական գործելաոճը ներկայացնելուն: Նման ազնիվ ու մարդկային արժեքներ ունեցող հերոսներն են, որ մտահոգվում են իրենց մարտական ընկերների անվտանգության համար, ինչպես իմ դեպքում, երբ անընդհատ զգուշացնում էին, որ վտանգավոր է, եւ իրենց պատճառով հարվածը պետք չէ վերցնել իմ վրա: Ցավալի մի փաստ, այն ժամանակ այդ տղաները չվախեցան Խորհրդային ԿԳԲ-ից, ադրբեջանական ու մահմեդական միացյալ բանակներից, առանց վարանելու կամավոր մեկնեցին պատերազմի դաշտ, անմնացորդ նվիրվելով Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Ռազմաճակատում սոված ու անոթի պաշտպանեցին հայրենի երկրի սահմաններն ու ժողովրդին, իսկ այսօր այս լուսավոր դարում, կրկին անոթի՝ վախենում են անգամ հարազատների հետ պատերազմից ու իրենց հերոսություններից խոսել, հիշատակել, որ ժամանակին եղել են հայրենիքի զինվոր, քանի որ ինչպես իրենք ասում, այդ խոսքերի համար « Խփում են »: Իսկ ովքե՞ր… Եւ ինչու՞… Ի՞նչն է պատճառը…
Իմ զրուցակիցներից մի քանիսը ժամանակին եղել են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության բարձրաստիճան սպաներ, որոնք հիմա անցել են թոշակի: Պատերազմից հետո սակայն, երբ նրանք պետք է փառքով ապրեին ու երկիր ծաղկեցնեին, մինչեւ օրս աշխատանք չունեն, ոչ նրանք, ոչ իրենց զավակները, ոչ էլ ժողովուրդը: Ապրում են փշրանքներով, ով ինչպես կարողանում է: Ի՞նչ է կատարվում Հայաստանում, կարծես ամեն քայլափոխի քեզ հետապնդում են, վախ, սարսափ, չքավորություն, մաֆիա, տեռոր, հաշվեհարդար, « հաստավիզ ու տհաս պատգամավորներ » իրենց հաստավիզ թիկնազորերով ու թիկնապահներով:
Անդրադառնալով «Վերջին Մոhիկաններին »` շարունակեմ կիսատ թողած միտքս: Ազատամարտիկներից շատերն այսօր անգամ չոր հացի գումար չունեն, դրանում համոզվեցի, երբ այցելեցի նրանցից մի քանիսին, շատերն անգամ դեղորայքի համար գումար չունեն: Ազատամարտիկներից շատերի բերանում ատամնաշար չկա, եւ դա Անկախ Հայաստանի Հայկական Հզոր Բանակի հերոսների ծայրաստիճան տխուր կերպարն է: Մի ժամանակ, երբ նրանցից շատերը երիտասարդ էին, իրենց հպարտությունը թույլ չէր տալիս դիմել իշխանություններին, որպեսզի գոնե վիրավոր հաշմանդամի թոշակավորում ստանան, սակայն հիմա անցել են երկար ու ձիգ տարիներ եւ առողջական խնդիրներն ի հայտ են գալիս տարիքի հետ միասին, բայց արդեն, ինչպես իրենք են ասում, շատ ուշ է` ձայն բարբառո անապատի: Ազատամարտիկն ինչքա՞ն կարող է դռներ թակել եւ խնդրել, « նրանք չեն ուզում իշխանավորների դռներ թակել ու խնդրել, որովհետեւ իրենց հպարտությունը թույլ չի տալիս, նրանք չեն ուզում կրկին ու կրկին նվաստանալ ոմն չինովնիկի առջեւ, միեւնույն է նրանց ձայնը ոչ ոք չի լսելու եւ ակնկալիքներ սպասել իշխանություններից, դա ֆանտաստիկա կթվա »: Երբեմնի հպարտ հերոս ազատամարտիկներից հիմա մնացել են մի խումբ ծեր, անատամ, մոռացված, ընչազուրկ եւ բարոյալքված թոշակառու ծերեր, որոնք մինչեւ այսօր էլ ոտնատակ տրորվում են, մեծ դժվարությամբ պահելով իրենց ընտանիքների գոյը: Արգելված թեմայի շուրջ զրույցներից եւ ծանոթություններից ես եկա մի եզրահանգման, որ Հայ հասարկության մեջ « Ոսկե միջինը » բարբարոսաբար ու դաժանորեն ոչնչացվում է, ինչպես 1993 թվականի ձմռանը ոչնչացվեցին ու արմատախիլ արվեցին Հայաստանի կանաչ գոտիները, նույն կերպ էլ արմատախիլ արեցին հայոց Ազատամարտի Դյուցազուն հերոսներին:
Երեւանում Արցախյան պատերազմի բովով անցած շատ հերոս տղաների հանդիպեցի ու զրուցեցի, նրանց թվում էին գրոհային ջոկատի տղաները, որոնք դառնալով ՀՀ Պաշտպանության բանակի վաշտերի եւ գումարտակների հրամանատարներ, այնուամենայնիվ պատերազմից հետո, հայտնի պատճառներով հեռացան ծառայությունից, որոնց մասին դեռ կանդրադառնամ հետագայում: « Վերջին Մոհիկանները », որոնց ես անվանում եմ նաեւ « Մոռացված Հերոսները » պատահական չէ: Նրանցից շատերը, լինելով ծնողների միակ զավակներ՝ մեկնեցին ռազմաճակատ, թողնելով իրենց ծնողներին միայնակ, ձմռան ցրտին սառչելով իրենց բնակարաններում, որոնցից շատերը մահացան սովից կամ ցրտահարությունից, նրանք մեկնեցին ռազմաճակատ, քանզի գիտակցում էին, որ հայրենիքը իրենց պաշտպանության կարիքն ունի: Նրանք գնացին մարտադաշտ, որպեսզի պաշպանեն Հայրենի երկիրն ու ժողովրդին: Իսկ ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ թիկունքում, որոշ պաշտոնյաներ հայրենասիրության քողի տակ թալանում էին երկիրը: Փորձեք խոսել որեւէ ազատամարտիկի հետ հայրենասիրությունից, եւ ինքներդ կհամոզվեք, հիասթափությունն այնքան մեծ է, որ ոչ ոք չի ցանկանում արծարծի այդ թեման, իսկ ո՞րն է դրա գաղտնիքը…
Անկեղծ ասած, իմ կատարած ուսումնասիրություններից հետո, ես կարող եմ տալ այդ հարցի պատասխանը… Հայրենասիրություն եւ Ազգասիրություն բառերը դարձել են անարժան ու սրբապիղծ մարդկանց սեփականություն, դառնալով անիմաստ ու անարժեք բառեր` արատավորելով եւ արժեզրկելով այդ վեհ բառերը: Դավաճանների « հայրենասիրության » պտուղները նրանք վայելել են դեռեւս պատերազմի տարիներին, եւ կարիք չկա հակառակն ապացուցելու: Մեր ժողովրդին մատուցվել է կեղծիքը, թիկունքում թաքնված վախկոտներն ու հանցագործները դարձել են հերոսներ, եւ այս ամենից անտեղյակ է ժողովուրդը: Այդ է պատճառը, որ իրական հերոսները լռում են եւ չեն բարձրաձայնում, քանի որ երկիրը բռնազավթած կեղծ հերոսները կլռեցնեն նրանց: Ոչ ոք մինչեւ հիմա չի ցանկանում տեսնել, որ քաղաքական դաշտում հայտնված անհատականությունների մեջ չկա եւ ոչ մի ազատամարտիկ, բացառությամբ մի քանի գեներալ կոչվող բութ ու հաստագլուխ տականքների: Ինչո՞վ է պայմանավորված այդ բացթողումը… Իրականում ազատամարտիկները չեն ցանկանում հայտնվել դավաճանների ու խաչագող ավազակների կողքին, ինչպես ժողովուրդն է ասում՝ « իրենք իրենց յուղով են տապակվում »: Նրանք գերադասում են լռել եւ չանդրադառնալ իրականությանը եւ կրկին հորդորում, որ ընդհանրապես մամուլում կամ սոցիալական ցանցերում չհիշատակեմ այդ մասին, քանի որ այդ ամենը կարող է հակառակ « ազդեցություն » ունենալ, փոխարենը օգնելու` կարող է ավելի բարդացնել նրանց վիճակը .
— Առանց այն էլ մենք քիչ եք մնացել, իսկ մեր դավաճան իշխանավորները այդ մի բուռ մնացածներին էլ չեն խնայի… :
Սակայն լռել չեմ կարող: Նախապես ներողություն եմ խնդրում նրանցից` խոստումս չպահելու համար, գրելով այդ Աղետի մասին… Հարսնաքարի դեպքերը կարծես ազդակ էր ինձ, որ միեւնույն է` նրանց վիճակը ավելի վատ լինել չի կարող, քան հիմա է, քանզի նրանք կանգնած են ոչնչացման եզրին: Իշխանություններն անընդհատ շեշտում են, որ Հարսնաքարի դեպքը պետք չէ քաղաքականացնել, քանի որ դա պատահական միջադեպ էր, եւ որին պետք չէ քաղաքական կամ որեւէ այլ երանգավորումներ տալ: Ես չեմ փորձի գնահատականներ տալ, քանի որ բազմիցս արդեն ներկայացրել եմ իմ տեսակետը: Սակայն այն փաստերն ու պատմությունները, որոնք ներկայացնում եմ, կարծում եմ կտան նաեւ այս ամենի պատասխանը: Ներողություն եմ հայցում ազատամարտիկներից եւ իմ մարտական ընկերներից` խոնարհվելով նրանց առջեւ, եւ հիշեցնում, որ ես նպատակ չունեմ հարվածի տակ դնել եւ վտանգել նրանց կյանքը: Միայն նրանց անվտանգության նկատառումներից ելնելով` չեմ նշելու նրանց անունները, ուստի կներկայացնեմ միայն նրանց զինվորական կոչումները: Մինչ հիմնական թեմաներին անդրադառնալը` կցանկանայի մեջբերել տաղանդավոր հայ հեղինակների իմաստուն խոսքերը: « Մեր քարոզած ճշմարտությունը գուցե թե կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար »: Միքայել Նալբանդեան :
« Խաչագողի հիշատակարան »։ Ես էլ այդ անունը տվեցի իմ վեպին։ Բարեկամներիցս ոմանք խորհուրդ էին տալիս ինձ չտպել այդ վեպը։ Բայց մինչև ե՞րբ պիտի ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակում են մարմնի ամբողջ կազմվածքը… Րաֆֆի:
Վստահ եմ, մենք այժմ կարող ենք եւ պարտավոր ենք բարձրաձայնել այն ամենը, ինչ կա այսօր, այս աղետը, որ վտանգում է եւ կարող է ոչնչացնել մեր պետականությունը, հայի տեսակը: Այն հարկավոր է բուժել, դա է ցավոք սրտի Հայկական իրականությունը: Ի՞նչ կատարվեց Ղարաբաղյան պատերազմի տարիներին` երկրաշարժ, շրջափակում, սով, կոտորած, պատերազմ, դավաճանություն, սակայն մոռանում ենք այն կարեւոր գործոնը եւ շարժիչ ուժը, որով կարողացանք դուրս գալ այդ սարսափելի քաոսից, իսկ դա միայն ազատամարտիկների շնորհիվ էր, մենք այսօր հպարտանում ենք մեր անկախ Պետականությամբ, որ ունենք տարածաշրջանում հզոր բանակ, լավ զինված եւ այլն, սակայն, դա այդպես չէ, մեզ համար երբեք դաս չի լինում մեր ոչ վաղ անցյալի պատմությունը: Ղարաբաղյան պատերազմը մենք ոչ թե հաղթել ենք « Հմուտ » եւ « փորձառու գեներալների կամ սպարապետիկների » շնորհիվ եւ ոչ էլ զենքի քանակի, արտաքին ուժի կամ օգնության շնորհիվ, այլ մենք հաղթեցինք միայն Հայ Ազատամարտիկի ոգու ու նվիրվածության շնորհիվ: Ազատամարտիկները կամավոր գնացին պատերազմ` հասկանալով Հայրենիքի առաջ կանգնած վտանգը: Գեներալը հավասար է ոչնչի, եթե իր զորքը պատրաստ չէ ինքնազոհաբերության: Սա տաղանդավոր Ազատամարտիկի խոսքեր են, որի հետ, կարծում եմ, շատերը համաձայն կլինեն: Իսկ հիմա մենք հպարտանում ենք մեր բանակի կարողություններով եւ հնարավորություններով, արդյոք ներկայիս զինվորը պատրա՞ստ է կռվել նույն ոգով ու կրկնել նույն հերոսությունը, ինչ արեցին Արցախյան Ազատամարտիկները: Նախ ասեմ, որ բազմիցս եմ այդ հարցը տվել ոչ միայն ազատամարտիկներին, այլ նաեւ նրանց զավակներին, որոնք մեր ապագա զինվորն են, ապագա սերունդը, եւ գիտե՞ք, արձանագրվեց զարմանալի ու ցավալի փաստ, որը պետք չէ թաքցնել… Այդ երիտասարդներից ոչ մեկը պատրաստ չէ կրկնել իրենց հայրերի սխրանքը, այսինքն, նրանք ոչ թե վախենում են կամ խուսափում կրկնել իրենց հայրերի հերոսությունները, այլ հարցադրման պատասխանը հետևյալն էր.
— Իսկ ու՞մ համար գնանք կռվելու` Լֆիկների, Նեմեց Ռուբոների, թե՞ Քոչարյանների, որոնք այսօր վայելում են կյանքը՝ մեր ծնողների ձեռք բերածի հաշվին: Դեռ ավելին փաստարկներ բերեցին դավաճանությունների եւ իսկական հերոսների հանդեպ հաշվեհարդարների մասին: Մեր իրականությանը բնորոշ է մեկ երեւույթ` անձնազոհության են գնում իրենց հերոս հայրերը, որոնք այն ծանր տարիներին զրկանքներ կրելով հեռացան ընտանիքներից, զրկվեցին իրենց զավակների սիրուց եւ փայփայանքից, գնացին ճակատ եւ բերեցին մեր ժողովրդի համար այդքան սպասված հաղթանակը… Նրանք բերեցին հաղթանակ, որպեսզի ինչպես ազատամարտիկի զավակն է ասում.
— Դասալիքների զավակներն այսօր « Համերներով » քաղաքում տնօրինում եւ ահաբեկում են սեփական ժողովրդին: Ազգի այդ Տականքները իրենց պահակազորերով եւ հաստավիզ թիկնապահներով ցանկացած պահի կարող են հաշվեհարդար տեսնել հայրենիքը պաշտպանող սպայի կամ զինվորի հետ եւ մնալ անպատիժ: Այստեղ տեղին է հիշել մի դեպք, որի մանրամասներն ինձ քաջ հայտնի են: 1992 թվականին, երբ հայկական ջոկատները կատաղի կռիվներ էին մղում Արցախում եւ ՀՀ սահմանների վրա , « Հատուկ Գնդի » թիկունքի պետ Փոխգնդապետ Վաչագան Չիբուխչյանը, որպես ծառայության պետ, գնում է Երեւանի « Հայծխախոտ » գործարան, որպեսզի իր գնդի տղաների համար ծխախոտ գնի, սակայն գործարանի տնօրեն Լիդա Սարգսյանը նրան առանց ֆիլտր էժանագին գարշահոտ ծխախոտ է առաջարկում` լկտիաբար հայտարարելով` « Միեւնույն է, տղե՛րքդ գնալու են մեռնելու, եթե ֆիլտրով ծխախոտ չծխեն չի լինի՞… » խոսքերը ցնցում են Փոխգնդապետին: Եւ պատկերացնու՞մ եք, թե նման տնօրեններն ինչեր էին անում թիկունքում: Վրաստանում էր նրանց բիզնեսի կենտրոնը, որտեղ այդ ծխախոտի վաճառքով միլիոններ էին աշխատում, եւ հիմա հենց նման տականքները կուրծքները ծեծելով հայրենասեր են ձեւանում: Հենց նման մոլախոտերը եկան իշխանության եւ կարողացան թալանել ու հարստանալ ժողովրդի ու պետության հաշվին` ուրանալով ազգ, հայրենիք եւ ամեն տեսակ սրբություն: « Ցավալին այն է, որ շատ ազատամարտիկներ ժամանակին հաղթելով Ղարաբաղյան պատերազմը, հետագայում, կարճ ժամանակ անց հեռացան իրենց իսկ ազատագրած Հայրենիքից, նրանք մերօրյա Անդրանիկներն են, ինչպես Անդրանիկ Զորավարն ու Գարեգին Նժդեհը հեռացան հայրենիքից` խուսափելով հայ բոլշեւիկների դավադրությունից, կառափնարաններում զորավար Համազասպի եւ Չարենցների նման չկացնահարվելու եւ « Դավաճանի » պիտակը ճակատներին չխարանվելու համար, այդպես էլ մեր օրերում կրկնվեց, այս անգամ բոլշեւիկանման ՀՀՇ-ականների եւ նրանց փոխարինողների կողմից: Ցավալին այն է, որ մենք շարունակել եւ շարունակում ենք հպարտանալ մեր բանակով: Աշխարհի հզոր բանակներ ունեցող երկրները երբեք այդպես չեն գովազդում իրենց հզորությունը, ինչպես անում են մեր իշխանությունները: Կարող եմ վստահեցնել, որ սրանք սադրիչ հայտարարություններ չեն, շատերն ինձ գիտեն, որ ես եղել եմ Հայաստանի Հանրապետության բանակաշինության առաջին մասնակիցը եւ վկան, եւ ես ինձ իրավունք եմ վերապահում ասելու եւ լույս սփռելու ճշմարտության վրա: Դեռեւս Տիգրան Մեծի իշխանավարության ժամանակ նա մեծ ուշադրություն էր դարձնում Պետական Սահմաններին: Պետության սահմանները նա ամրացնում էր բնակչության վերաբնակեցման հաշվին: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում այսօր մեր սահմանային գյուղերում` իշխանություններն ամեն ինչ անում են, որ դատարկվեն սահմանամերձ շրջանների գյուղերը, ստեղծում են աննախադեպ սարսափելի պայմաններ, որ գյուղերի երիտասարդները երազում են օր առաջ հեռանալ բնակավայրերից, այնպես, որ անգամ հեռանալուց հետո այլեւս չեն էլ ցանկանում հիշել հարազատ գյուղի մասին… Իսկ ու՞ր մնաց մեր պետական իշխանավորների ազգային մտածելակերպը, հարկային բեռի տակ կքած ժողովուրդը հեռանում է սեփական հայրենիքից` օտար երկրներում իրենց հանապազօրյա հացը վաստակելու հույսով: Նրանք գերադասում են մուրալով քարշ տալ իր գոյը, բայց միայն հայրենիքից հեռու: Իսկ հսկայական կարողություններ դիզած պետական այրերը թալանած միլիոնները կուտակում են Եւրոպական բանկերում: Ասացեք խնդրեմ, ո՞վքեր են դավաճաններն ու հանցագործները… Արդյո՞ք ազատամարտիկները, որոնք իրավունք չունեն բարձրաձայնելու իրենց խնդիրները, որոնք վիրավորվել են պատերազմում եւ դարձել հաշմանդամ ու ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, հույս չունենալով, որ երբեւէ կգնահատվեն իշխանությունների կողմից: Ազատամարտիկներից մեկն ինձ խնդրում էր, որպեսզի իր զավակին ինձ հետ տանեմ արտասահման… որ գոնե նա « Հայկական Դժոխքից ազատվի »: Շատերի համար « Հայրենիք » կոչվածը մինչեւ իրենց տան շքամուտքն է: Հիշում եմ շատերը պատերազմի տարիներին ասում էին, « Մինչեւ թուրքերը չգան հասնեն մեր տան շեմին, ես կռիվ գնացող չեմ… » Սակայն մոռանում ենք, որ Հայ ժողովրդի գլխին միշտ կախված է լինելու Պանթուրքիզմի սարսափը… Հայաստանը նվաճելու փորձերը լինելու են մշտապես ցանկացած դարաշրջանում ու ժամանակներում… Անկախ նրանից` կլինի գումարով, թե պատերազմով, միեւնույն է` Թուրքիան Պանթուրքիզմի ծրագրից չի հրաժարվելու: Հենց դա գիտակցելով ոտքի կանգնեցին Ազատամարտիկ հայ նվիրյալները՝ հայկական մտքի ողբալի « Շքամուտքյան բանաձեւից » հրաժարվելով: Այդ ազգակործան գաղափարախոսությունը ուրացան, կամավորագրվեցին եւ տեր կանգնեցին մեր երկրի անվտանգությանը, նրանք գնացին վեհ ու նպատակային գիտակցությամբ` հաշվի չառնելով, որ իրենց թիկունքում լածիրակ դավաճանները թալանում են ու կողոպտոմ… Հաշվի չառան այն, որ զրկվելու են կյանքից, զրկվելու են իրենց զավակների սիրուց… Նրանք գնացին գիտակցելով, որ Հայրենիքը կանչում է իրենց, որպեսզի մեր թշնամին չպղծի Հայոց դարավոր պատմությունն ու ոգին… Նրանք գնացին, որպեսզի մեր դարավոր թշնամին չհամարձակվի ոչնչացնել հայի տեսակը: Իսկ հիմա ժամանակը ցույց տվեց հակառակը: Մեջբերեմ Արցախյան Ազատամարտի հերոսներից մեկի լուսավոր միտքը` « Այն ժամանակ մենք գնացինք պաշտպանելու հայրենիքը՝ անշահախնդիր եւ առանց հետին մտքեր հետապնդելու, միակ երազանքն ու նպատակը հաղթել եւ վերադարձնել երկրի խաղաղությունն ու անվտանգությունը: Այն ժամանակ դա էր հայ ազատամարտիկի գաղափարախոսությունը եւ մտածելակերպը` փրկել եւ մարտնչել հանուն հող հայրենիի, իսկ հող հայրենին, որ այդ ժամանակ հանրային սեփականություն էր, հիմա դարձել է ի՞նչ, մասնավոր սեփականություն: Ամեն ինչ պատկանում է անհատներին` անհատական սեփականության իրավունքով: Այսինքն, ես երբեք թույլ չեմ տա, որ իմ զավակը գնա եւ պատերազմի դաշտում իր կյանքը զոհաբերի ուրիշի՛ հարստության եւ ուրիշի անհատական սեփականությունը պաշտպանելու համար: Հայրենիքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է Անհատական Սեփականությունը »: Եւ այս խոսքերը ասում էր մի մարդ, ով պատերազմի սկզբից մինչեւ վերջ մարտնչեց իր ջոկատով` հասնելով մինչեւ Փոխգնդապետի աստիճանի: Ի՞նչ եք կարծում, արդյոք դա այդպես չէ՞: Փոխգնդապետի խոստովանությունը անակնկալ չէր ինձ համար, քանի որ նրանից ավելի բարձրաստիճան հրամանատարներ եւս նույնը ասացին, նույնիսկ զգուշացան եւ մնացին ստվերում: Տպավորությունն այնպիսին էր, կարծես հայտնվել էի Ստալինյան ժամանակաշրջանում եւ դարձել Սոլժենիցինի « Արխիպելագ Գուլագի » վկան, երբ ամեն քայլափոխի զգուշացնում էին` « Հիմա վտանգավո՛ր ժամանակներ են այդ թեմային անդրադառնալու համար »: Ես երկար տարիներ ապրելով Եւրոպայում` հեռացել եմ ներկայիս հայկական քաղաքական իրականությունից, կարծես Հայաստանը վերադարձել է 1937-1946 թվականները, երբ Խորհրդային բռնապետության ժամանակ Սովետական ՆԿՎԴ-ի գործակալները իրականացնում էին Կարմիր Բանակի զորահրամանատարների եւ մտավորականների սպանդը, երբ Ստալինյան եւ Բերիական հզոր մեքենան կուլ էր տալիս տաղանդավոր մարդկանց, այդ վտանգավոր քաղաքականության արդյունքում ցանկացած անզգույշ արտահայտության համար ցանկացածը կարող էր սեփական կյանքով պատասխան տալ: Այդպես էլ հիմա է, նույնիսկ ավելի սարսափելի…
— « Բանն այն է, որ 2008թ. մարտի մեկի ողբերկագան դեպքերը ապացուցեցին միայն, որ ներկա իշխանությունները պատրաստ են գնալ ամեն քայլի, անգամ սեփական ժողովրդին տալով դահիճների ձեռքը, մանուկ թե կին նրանց համար միեւնույն է, լինեն հազարավոր զոհեր կամ թեկուզ միայն մեկը, միայն թե պահեն իրենց բռնատրիական իշխանությունը: Ցավն այն է, որ նրանք խաբելով եւ կեղծելով փաստերը` արդարացնում են իրենց հանցավոր քայլերը: — Ահա այսպես բնութագրեց իշխանություններին բազում փորձությունների միջով անցած ազատամարտիկը:
Այդպիսի մարդիկ գիտեն ինչպես պահել իշխանությունը, նրանք Ստալինից եւ Բերիաներից են օրինակ վերցնում` բռնատիրության ճիրաններում պահելով սեփական ժողովրդին եւ դրան հասնելու համար, նրանք երիտթուրքերի նման գլխատեցին ազգին… Ես նկատի ունեմ իսկական ազատամարտիկներին, համոզվեք ինքներդ, ճանաչեք պատմությունը եւ պարզ կդառնա: Սկզբում անօրինական զենքը բռնագրավելու անվան տակ ձերբակալեցին ազգի պաշտպաններին, իսկ հետո ողջ ազգին սրի քաշեցին, սրանք էլ նույնն են անում, նույնիսկ ավելի սարսափելի, կեղծելով անգամ հայոց պատմությունն ու իրական փաստերը: Ես միայն զարմանում եմ, թե ինչու՞ է ապագա սերունդն այդքան անտարբեր իր ապագայի հանդեպ, դահիճներն անգամ ազգային գաղափարն ու ոգին են գլխատել: Մեր պատմության ողջ ժամանակաշրջանում ունեցել ենք Թեհլերյաններ եւ Նաիրի Հունանյաններ, իսկ հիմա մեզ գլխատել եւ անդամալուծել են: Այստեղ տեղին է հիշել հայ մեծանուն հեղինակներից մեկի՝ Պարույր Սեւակի խոսքը` « Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար » հենց այդ խենթե՛րն էին, որ 1988թ.-ին ոտքի կանգնեցին` տապալելու Խորհրդային բռնապետությունը… Հենց այդ Խենթե՛րն էին, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ բերեցին… Հենց այդ Խենթե՛րն էին, որ բերեցին խաղաղություն հայոց երկրին… » Այս ամենը Ազատամարտիկի հոգուց էր դուրս գալիս, լռել անկարող էր, սակայն կրկին միայն ինձ վստահելով: ինչու՞ էր նա խուսափում այդ ճշմարտությունը բարձրաձայնելուց: Պատճառները հասկանալի դարձան, երբ դիտեցի Ա-1 Պլյուս հեռուստաընկերության նկարահանած 2008թ. մարտի 1-ի դեպքերի կադրերը, որը կոչվում էր` « Հայաստանի կորցված գարուն »: Նույն Ստալինյան ձեռագրով հետապնդումների եւ հալածանքների ալիք բարձրացել էր 1994 -1995 թվականներին` Լեւոն Տեր-Պետրոսյանի գահակալության ընթացքում: Շատերին տարօրինակ կթվա այս մեջբերումը, սակայն, ի տարբերություն այժմյան իշխանության բացահայտ գործելաոճին, այն ժամանակ գաղտնի, ոչ բացահայտ Ֆիզիկապես ոչնչացվեցին կամ ձերբակալվեցին հարյուրավոր ազատամարտիկներ, դրանք անհերքելի փաստեր են, որ պետք է դառնան հրապարակային: Սակայն ինչու՞ մինչ օրս ոչ ոք հարց չի տալիս իշխանություններին, թե ինչու՞ պատերազմից հետո սկսեցին հետապնդվել ազատամարտիկները… Ի՞նչ վտանգ էին նրանք ներկայացնու՞մ… Ինչո՞ւ է նման հակազգային քաղաքականություն տարվում… Ինչու՞ հասարակությունը տեղյակ չէ ոչ հեռու անցյալում կատարված հաշվեհարդարների մասին… Հայաստանի նախկին եւ ներկա իշխանություններին ձեռնտու է խաբել ժողովրդին, հատկապես երիտասարդությանը, այդ դեպքում հեշտ է կառավարել նրան` տանելով Փարիսեցիների ետեւից, եւ ներկայացնել նրանց միակ « փրկիչ »: Ինչու՞ հիմա հաղթանակած երկրի զինվորը պետք է վախենա սեփական իշխանություններից, կամ վախենա անգամ ճշմարտությունը բարձրաձայնելուց: Տպավորություն է, որ պետական այրերը վախից են նման քաղաքականություն որդեգրել, կրկնելով նախորդների սխալը: Ինչպես ասում են « Շահին են մորթում, կամ Շահն է մորթում »: Սակայն բոլորս էլ լավ գիտենք, որ ազատամարտիկները երբեք բռնակալ եւ « Շահ » լինել չեն կարող, որովհետեւ իրենց կյանքը անմնացորդ հայրենիքին նվիրած անհատները բարոյական բարձր արժեքներ ունեցող անձինք են եւ երբեք թույլ չեն տա սեփական ժողովրդի արյան գնով պահել իրենց հարստությունն ու իշխանությունը: Այդ տղաներին իշխանություն հարկավոր չէ, այլ բարօրություն, խաղաղություն եւ համեստ աշխատանք, իսկ հայրենիքին իրենց մատուցած ծառայությունների համար միմիայն հարգանք եւ ուշադրություն… Իսկ մեր իշխանությունները ոչ միայն հարգանք չեն ցուցաբերում, այլ ոտնահարում են նրանց ինքնասիրությունն ու արժանապատվությունը: Ազատամարտիկներից մեկը կատակով ասաց.
— « Եղբայր, հիմա, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նամակ գրեմ իմ այս վիճակի մասին ու օգնություն խնդրեմ, համոզված եմ, որ նա կօգնի »: Զարմանալի է, սակայն այս խոսակցությունից մեկ ամիս անց, Փարիզի հյուրանոցներից մեկում հանդիպեցի ադրբեջանցի ամուսինների, զրույցի ընթացքում մեջբերեցի հայ ազատամարտիկի խոսքերը, ու գիտե՞ք, ամուսինները վստահեցնում էին ինձ, որ Իլհամ Ալիեւը նամակը ստանալու դեպքում անմիջապես օգնություն ցույց կտա… Երիտասարդ ադրբեջանցիները նույնիսկ պատրաստ էին միջնորդել այդ հարցում, երեւում էր, որ երիտասարդ զույգը բարեկեցիկ ապրող ընտանիքի զավակներ էին եւ նույնիսկ իրենք պատրաստակամություն հայտնեցին իրենց սեփական միջոցներով օգնել հայ ազատամարտիկի ընտանիքին, եւ խնդրում էին ազատամարտիկի հասցեն տրամադրել… Ի՞նչ եք կարծում, սա ադրբեջանցի ամուսինների ներկայացո՞ւմ էր, որպես բարեգործներ: Միեւնույն է, եթե անգամ կեղծ ներկայացում էլ լիներ, կարելի էր հասկանալ, որ մեզ թշնամի երկրի քաղաքացիներն ավելի մտահոգված են հայ ազատամարտիկի խնդիրներով, քան մեր իշխանավորներից որեւէ մեկը: Սեփական իշխանությունները անտեսում են հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին, հրաժարվում գնահատել նրանց, իսկ թշնամի պետության ղեկավարը կարող է ցուցաբերել մարդասիրություն եւ անգամ օգնել իր պետության դեմ կռվող հայ ազատամարտիկին: Այդ ամենը տարօրինակ է հնչում, զարմանալիորեն մեկ այլ պատահական հանդիպում մեկ ուրիշ ադրբեջանցու հետ եւս ցույց տվեց, որ իր պետությունը մտահոգ է սեփական քաղաքացիների համար եւ ոչ միայն իր քաղաքացիների: Նա Աղդամի բնակիչ էր եւ ուներ փախստականի կարգավիճակ: Նա կարող էր իր միջոցներով իրեն թույլ տալ գալ Փարիզ եւ բնակվել Փարիզի հյուրանոցներից մեկում: Այդ ադրբեջանցին նույնպես հավաստիացրեց ու կրկնեց գրեթե նույնը խոսքերը, ինչ ասում էին իր հայրենակից ամուսինները… Իրոք, ճանաչելով Ալիևի մարդ տեսակին, նա համոզված էր, որ Ադրբեջանի նախագահը կարող է օգնություն ցույց տալ աղքատության մեջ հայտնված հայ ազատամարտիկի ընտանիքին: Ադրբեջանցի զբոսաշրջիկի պատմածը անհավանական էր թվում, սակայն փաստը մնում է փաստ… Պարզվում է, որ նույնիսկ պատերազմից այսքան տարիներ է անցել, սակայն ադրբեջանցի փախստականներն ու իրենց զավակները` Արցախից եւ գրավյալ տարածքների ադրբեջանցի բնակիչները` որոնք ծնվել են պատերազմից հետո, Ադրբեջանի իշխանությունները նրանց մեծ օգնություն են ցուցաբերում, այսինքն բացի անհատույց բնակարանից, նրանք օգտվում են մի շարք արտոնություններից, նրանց համար անվճար է էլեկտրաէներգիան, գազը եւ ջուրը, ազատված են կոմունալ վճարումներից, անգամ պետական հարկերից, իսկ այն ադրբեջանցիները, որոնք մասնակցել են պատերազմական գործողություններին, այդ ամենից զատ, կրկին անհատույց ստացել են « ԿԻԱ » մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ ինչու՞ այս ամենի մասին չեն ասում հայկական լրատվամիջոցները, թաքցնում են եւ հասարակությանը հրամցնում սուտն ու կեղծիքը Ադրբեջանի վերաբերյալ: Հայկական լրատվական կայքերն ու հեռուստաընկերությունները համեմատություններ եւ զուգահեռներ են անցկացնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Ինչու՞ այս թեման չի շոշափվում, ինչու՞ Ադրբեջանի ղեկավարները կարող են հոգալ սեփական ժողովրդի մասին, իսկ մեր իշխանությունները ոչ, Հայաստանի իշխանությունները միայն հալածում եւ ստիպում են սեփական ժողովրդին հեռանալ հայրենիքից: Ի՞նչ եք կարծում, եթե հիմա ազատամարտիկն իր նամակը ուղարկի Բաքու… Ի՞նչ կարող է պատահել… Ես վստահ եմ, որ այդ ազատամարտիկին մեր իշխանությունները կպիտակավորեն դավաճա՛ն եւ օտարերկրյա լրտե՛ս, հազար անուն կկպցնեն, որ նա ուրացել է հայրենիքը, մեր ազգային գաղափարները, վեջիվերջո հայի պատիվը, անգամ ծախել է պետական գաղտնիքները եւ այլն: Սակայն սեփական ժողովրդին ահաբեկող եւ սարսափի մեջ պահող իշխանությունները, որոնք սովի են մատնել հազարավոր ընտանիքների եւ փախստական ու գաղթական դարձրել ազգի մի մասը, դավաճաններ չե՞ն… Իսկ ինչո՞վ է պայմանավորված հայ ազատամարտիկների այն զգուշավորությունը, որ անըդհատ ինձ խորհուրդ էին տալիս չհրապարակել եւ ոչ մի նյութ այդ մասին: Չէ որ նրանք անցան պատերազմի դաժան ճանապարհը եւ չվախեցան, այն ժամանակ գիտեին թշնամին որտեղ է, չնայած դեռեւս այն ժամանակ ազատամարտիկները տեսան, թե ինչպես պատերազմի տարիներին շատ հրամանատարներ ընկան յուրային դավաճանների գնդակից.
— Այդ դավաճանները հիմա բազմել են երկրի բարձր պաշտոններին, — ասաց մի ազատամարտիկ, որը ժամանակին եղել է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի մտերիմներից մեկը եւ միշտ մեղադրանքների առյուծի բաժինը համարել է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղքը, նա մեղադրում էր, որ ներկայիս ահաբեկումների հիմքը դրել է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը` Վազգեն Սարգսյանի հետ միասին, իսկ նրանց նախորդներն էլ շարունակել են նույն ավանդույթը եւ գործել նույն ոճով: Դեռևս 1990 թվականին Ճանաչում էի Խորհրդային Բանակում ծառայող մի ենթասպայի, որը այդ ժամանակ զինվորական հանդերձանք եւ զինամթերք էր վաճառում ազատամարտիկներին, երբ հետո 1993 թվականին հանդիպեցի նրան` արդեն Փոխգնդապետի ուսադիրներով, նա ՀՀ Պաշտպանության Նախարարության բարձրաստիճան սպա էր, ինչո՞վ էր պայմանավորված այդ ամենը, ի՞նչ էր կատարվել, նա հիմա ավելի « հայրենասեր » տղա՞ էր դարձել, կամ Հայրենիքի կարեւորությունն արդեն առեւտրից վե՞ր էր դասում: Այդ ամենը դեռեւս այն ժամանակ` երբ պատերազմը ավելի էր սաստկացել… Որտե՞ղ եւ ո՞վ էր դրել այդ անարխիայի հիմքը: Ինչու՞ եք վախենում բարձրաձայնել այդ լուրջ խնդիրների ու կարեւոր հարցերի մասին: Այդ հարցին տասնյակ ազատամարտիկներ ինձ միանշանակ պատասխանեցին.
— Եղբայր, մենք չենք վախենում մեր կյանիքից, մենք վախենում ենք, որ մեզ խփեն ու այդ ճշմարտությունը այդպես էլ մնա չբացահայտված : — Այո, կարելի էր հասկանալ նրանց մտահոգությունը, — Հայոց ժամանակակից պատմության էջերը կեղծվում են, հանցագործներն ու տականքները իրենց կեղծ կենսագրություն են գրում, հերոսացնում իրենց, որպեսզի դառնան « Ազգային փրկիչներ ու հերոսներ » : Նրանց մտահոգությունը տեղին է, որովհետեւ սարքված բազմաթիվ պատահակական միջադեպերից զոհվում են հարյուրավոր ազատամարտիկներ, ավելացնեմ, որ զգալի թիվ են կազմում նաեւ ինքնասպանություն գործած ազատամարտիկների թիվը: Ինչու՞ պետք է պատերազմ հաղթած հերոսը, ժամանակին բազում դժվարություններ ու փորձություններ հաղթահարելով` հասնի ինքնասպանության եւ այն էլ՝ խաղաղ պայմաններում: Այդ հարցի պատասխանը ու՞մ պետք է տալ… Մեր հասարակության մեջ ձեւավորված նոր խավը երբեք հարց չի տալիս, թե ու՞մ արյամբ են արդյոք ստեղծել իրենց հարստությունը, ինչու՞ ազատագրելով հայրենի հողը, ազատամարտիկը իր մինուճար զավակին խորհուրդ է տալիս հեռանալ այդ « Դժոխքից »: Ինչպե՞ս ստացվեց, որ իր ազատագրած հայրենիքը դարձավ « Դժոխք », արդյո՞ք նա այդ «Դժոխքի » մասին էր երազում, երբ գնում էր մարտադաշտ, արդյո՞ք նա մարտնչում էր, որ հետագայում իր զավակին հեռացնի իր ազատագրած հայրենիքից:
Ազատամարտիկներից մեկը, ժամանակին լինելով վաշտի հրամանատար եւ կապիտան, պատմեց մի ցավալի դեպքի մասին, որը կարծես թե արդեն արմատավորվել է մեր բանակում ու դարձել ավանդույթ: Նա անցնելով պատերազմի ողջ ուղին՝ հասել էր մինչեւ վաշտի հրամանատարի պաշտոնին: Իր զորամասում սովորականի պես զինվորներից մեկին նշանակում է վերակարգ, սակայն նրան վերեւից հրամայում են, որ նա իրավունք չունի այդ զինվորին վերակարգ նշանակել, քանի որ այդ զինվորը մեծահարուստ պատգամավորներից մեկի տղան է: Եւ պատկերացնու՞մ եք հրամանատարի վիճակը, մյուս զինվորներն իմանալով, որ հրամանատարը, վախենալով վերեւներից, տարբերություն է դնում զինվորների մեջ: Այսինքն հասարակ պատգամավորի տղային ամեն ինչ թույլ է տրվում, անգամ վերակարգից ազատվել, իսկ վաշտի հրամանատարն անգամ իրավունք չունի իր զինվորին նկատողություն անել: Ի՞նչ եք կարծում, զինվորները կարո՞ղ են հարգել այդ հրամանատարին: Վաշտի հրամանատարը` կապիտանը սեփական զեկուցագրի համաձայն հեռանում է բանակից: Այն մարդը, որը իր կյանքը ժամանակին նվիրաբերել էր Հայաստանի պաշտպանության ու բանակաշինության գործին, հիմա թոշակառու պահակ է, բոլորի աչքից հեռու եւ հազիվ հոգում է իր ընտանիքի ապրուստը: Եւ իմ հարցադրմանը, թե ի՞նչը դարձավ պատճառ, որ այդպես արատավորվեց Հայոց բանակը, պատասխանը ինձ համար զարմանալի էր.
—Երբ սկսեցին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ուսումնարանի շրջանավարտները լրացնել Հայոց Բանակի շարքերը, այնտեղից սկիզբ առավ մի նոր ավանդույթ` Գումարի, Մաղարիչի եւ Փողի, խնամու եւ բարեկամի, անգամ հանցագործ աշխարհի օրենքները ներդրվեցին բանակ եւ շարունակվում է մինչ օրս:
Հետաքրքիրն այն է, որ հետո նույնը լսեցի Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն բազմաբնույթ հրամանատարական զինվորական ուսումնարանի բարձրաստիճան մի սպայի կողմից, (ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ) նա միայն մատնանշեց, որ այդ ուսումնարանի առաջին պետը եղել է Գեներալ Սերգեյ Սահակի Մարտիրոսյանը, (1994 -1997թթ. ) որը ժամանակին եղել է Աբովյանի « Աբովյան » քրեակատարողական հիմնարկի՝ « Մանկական Գաղութի » պետը: Ինչու՞ էր Վազգեն Սարգսյանը նախընտրել Սերգեյ Մարտիրոսյանին տեսնել Ռազմական ուսումնարանի պետի պաշտոնում… Ի՞նչ է, Հայաստանի Հանրապետությունում չկայի՞ն բարձրաստիճան սպայական կադրեր, որոնք ռազմական գործից տեղյակ էին եւ մեծ փորձ ունեին կրթելու եւ դաստիարակելու իսկական սպաներ… Նոր Ռազմական ուսումնարանում հիմնական շեշտադրումը դրված էր արագ ավարտել շինարարական աշխատանքները, իսկ կուրսանտների կարգուկանոնը մղված էր երկրորդ պլան, արագ եւ անորակ կադրեր պատրաստելու արդյունքում Հայոց Բանակը համալրվեց Նոր ՍՊԱՆԵՐՈՎ, որոնք եւ բանակ բերեցին նոր Երանգավորումներ` ՉԱՍՏ ՆԱՅՈՂՆԵՐԻ եւ Մանկական ԳԱՂՈՒԹԻ սովորություններով… Քրեական աշխարհի շատ օրենքներ ներմուծելով բանակ` սկսվեցին անօրինականություններ, սպաների ոտնձգություններ զինվորների նկատմամբ, ինքնասպանություններ եւ հաշվեհարդար, այդ թվում զինվորների սպանություններ, դասալիքների ավելացում… Չնայած փաստում էին ավելի սարսափելի երևույթների մասին, քան գումրային եւ կաշառակերության հարցն է: ՊՆ-ում հսկայական գումարների եւ հեղուկ վառելիքի յուրացումները խայտառակ թվերի են հասնում, բացի ֆինանսական եւ տնտեսական թալանը, բանակում զգալի թիվ են կազմում բռնաբարության դեպքերը, որի մասին կարծես վախենում են բարձրաձայնել, քանի որ դա մտնում է քրեական ծանրագույն պատիժների մեջ է եւ Հայաստանում այդ մասին բարձրաձայնելը վտանգավոր է, բացի այդ` նաեւ ամոթալի: ՊՆ բարձրաստիճան հրամանատարներից ու գործից տեղյակ այլ սպաներ եւս դա հաստատեցին` անգամ օրինակներ ու անուններ տալով: Բռնաբարության դեպքերը դարձել են համատարած, ինչպես ասեցին, հարյուրավոր դեպքեր չեն բացահայտվում, տուժածները կամ լռում են, կամ հարցն ամիջապես փակվում է, որովհետեւ բողոքողներ չկան, լինելու դեպքում` լռեցվում: Ներկայացնեմ մի պատմություն, որին ականատես է եղել ազատամարտիկներից մեկը, որը պատերազմից հետո աշխատել է ՆԳՆԶՎ զորամասերից մեկում. « Զորամասի հրամանատարներից մեկը զինվորների հանդիսավոր երդման արարողության ժամանակ տեսնում է զինվորներից մեկի մորը եւ ցանկանում է « ժամանակ անցկացել » նրա հետ, զինվորի համար արհեստականորեն ստեղծվում են անտանելի պայմաններ, զինվորն անգամ ուղարկվում է ճակատային գիծ, հերթապահության ու արդյունքում մայրիկի « Բանակցություններից » հետո զինվորի նկատմամբ դադարեցվում է « հետապնդումը »: Այսպես ծուղակն են գցում հերթական զոհին, լինի զինվորի մայրը թե քույրը: Ասացե՞ք խնդրեմ, այդ զինվորը կարո՞ղ է Արցախյան ազատամարտի հերոսների նման անձնազոհություն ցուցաբերել, երբ հարկ լինի պաշտպանելու հայրենիքը, չեմ կարծում, որովհետեւ նման բացասական երեւույթներն այնքան շատ են, որ զինվորը առիթը բաց չի թողնի առաջին հնարավորության դեպքում այդպիսի « հրամանատարի » ճակատին արձակի գնդակը: Երբ զինվորը տեսնում է, թե ինչպես է հրամանատարը « քաղցր » աչքով նայում, անգամ քծնում է հարուստի անպատիժ զավակին, արտոնյալ պայմաններ ստեղծում ծառայության ընթացքում, կարո՞ղ է արդյոք նա հայրենիք պաշպանել, եւ կարծում եք բարոյազուրկ « հրամանատարը » կարո՞ղ է այսօր բռնաբարությամբ զբաղվել, իսկ հաջորդ օրը կյանքը դնել հայրենիքի պաշպանության զոհասեղանին: Իհարկե ո՛չ, տեսեք, ի՞նչ է կատարվում, ներկա իշխանությունները ու՞ր են տանում երկիրը, եւ ո՞րն է ճշմարիտ ուղին, որով պետք է տանենք մի բուռ մնացած ժողովրդին: Ազգովին դարձել ենք « լավ տղա », սակայն իսկական տղու շնորհք չի մնացել, ցանկացածը պատրաստ է մյուսին հոշոտել երթուղային տաքսու մեջ, կամ այլ մի վայրում, սակայն «Համերներով » երթևեկողների առաջ խոնարհվում ու վիզ են ծռում: Մենք շատ բաներ չգիտենք: Ազատամարտիկ հրամանատարներից մեկը հրաշալի միտք ասաց, որ տեղին է մեջբերել.
— « Պատերազմի ժամանակ երկիրը սահմանափակվում էր հողատարածքներով, որը հանրային սեփականություն էր, էսօր ինչ-որ օլիգարխիկներ` փնթիներ սեփականացրել են, յուրացրել հանրային սեփականությունը, այն, ինչ պատկանում էր ժողովրդին, հիմա պատկանում է նրանց: Սակայն նրանք պատրաստ չեն լինելու իրենց հողը պաշտպանելու, նրա փոխարեն իր հողը, տունը եւ երեխային դու ես պաշտպանելու ու համարելու ես, որ պաշտպանել ես հող հայրենին ու քո հայրենիքը: Դու՛ք չե՞ք տեսնում, որ այս իշխանությունները գործում են բոլորիս դեմ, պետականորեն վարում են հակազգային քաղաքականություն եւ սպանում հաղթանակներ պարգեւող ժողովրդին ոգին: Երեւի թե դրանից լավ բան չէին կարող մտածել, որ Ղարաբաղից բերեին Ռոբերտի նման մեկի՛ն, Վազգենի նման մեկի՛ն, Սերժի նման մեկի՛ն, ովքեր ծաղրի ենթարկելով` թքեցին հոգուդ խորքը: Այսինքն, պատերազմի ժամանակ քո՛ հարեւանը, որը ծախում կամ մատնում էր իր հետ իսկ կռվող ընկեր հարևանին, թե նրա տանը քանի փամփուշտ կար, նրան շնորհում են պետական պարգեւ, իսկ քեզ` երեք մատի կոմբինացիա` հեղափոխության անունից…— » : ( Ազգը բարոյալքելու երկու ուղի կա, պատժել անմեղին, եւ չպատժել մեղավորներին : Ֆրիդրիխ Էնգելս ) Ինչո՞վ է բացատրվում այս անտարբերությունը ազգային գաղափարախոսության հանդեպ, ովքե՞ր են ոչնչացնում ազգային ոգին, ի՞նչ ուժեր են, արտաքի՛ն թե ներքին: Հայաստանի Հանրապետության պետական մոտեցումը ազատամարտիկների հանդեպ կարելի է համեմատել Լավրենտի Պավլովիչի Բերիայի մոտեցմանը, այսինքն` « Չկա՛ անհատը, չկա՛ պրոբլեմը » Պատերազմի ժամանակ եռամսյա հավաքով ճակատային գիծ բերված « Կամավոր ազատամարտիկները » ավելի շատ արտոնություններ ունեն, քան վեց տարի ճակատային գծում կռվող կամավորագրված ազատամարտիկները: Ազատամարտիկներից մեկը այսպես ձեւակերպեց.
— Վազգեն Սարգսյանը հասկանալով, որ ազատամարտիկները իր համար վտանգ են ներկայացնում, իր հավատարիմ զինակիցների ձեռքերով փորձառու ազատամարտիկներին քշեց ճակատային գծի ականապատված հատվածները, ոչնչացրեց փորձառու եւ հմուտ զինվորականներին, իսկ դրանից հետո իր այդ զինակիցներին շնորհեց Գեներալական կոչումներ: Որքա՜ն աղաղակեմ, մի լռեք, ինչու՞ պետական քաղաքականության մասին ոչ ոք չի խոսում, կամ բարձրաձայնում: Մարտի մեկի դեպքերը ցույց տվեցին, որ այս իշխանությունները կարողանում են լռեցնել բոլորին` ահ ու սարսափ տարածելով, այդ տեսնելով մարդիկ կարծում են, որ ոչինչ փոխել չեն կարող: Այստեղ տեղին է հիշատակել նրանցից մեկի խոսքը.
— « Նաիրի Հունանյանը փորձեց հանրության ուշադրությունը սեւեռել ոճրագործների ուղղությամբ, սակայն ինքը դարձավ այդ մեքենայի զոհը: Նրա հիմար քայլը դարձավ ճակատագրական մեր ժողովրդի համար, եւ որ մինչեւ հիմա տառապում ենք »: Կաշառակերությունը ահռելի չափերի է հասնում ՊՆ-ում: Թոշակավորման հանձնաժողովը հաշմանդամության կարգը հաստատելու համար սահմանել է հստակ գումարային կաշառքի չափ եւ դա փաստում են բոլոր ազատամարտիկներ: Դեռեւս մի քանի ամիս առաջ եվրոպական երկրներից մեկում հանդիպեցի մասիսցի մի տարեց մարդու, որը հպարտորեն պատմեց, թե ինչպես է իր տղայի համար Արցախյան պատերազմի վետերանի փաստաթղթեր գնել եւ հիմա պատերազմի հաշմանդամության թոշակ է ստանում: Արդեն ազատամարտիկների շքանշաններն են վաճառվում : Զարհուրելի փաստ է, փաստորեն անգամ Ազգային Հերոս կարող է դառնալ ցանկացած մեկը, ով կարող է այն գումարով գնել: Ներքին գործերի նախարար Ալիկ Պետրոսյանին ես չեմ ճանաչում, միայն հեռուստացույցով բազմիցս տեսել եմ, կուրծքը զարդարված անթիվ շքանշաններով ու մեդալներով: Չեմ ցանկանում չարախոսել, գուցե նա էլ իր արժանիքներն ունի: Սակայն նրա բարեկամներից մեկը պատմեց, որ անգամ « զոքանչի կամ քենու ծննդյան տոներին են նրան մեդալներով պարգեւատրել»: Դա լավ է, թո՛ղ պարգեւատրեն ու չուզողն էլ թող ես լինեմ, սակայն ինչու՞ անտեսել նաեւ արժանիք ունեցող հայրենիքի պաշտպան ազատամարտիկներին: Ես ուրախ կլինեմ, որպեսզի շատ ազատամարտիկներ կուրծքները զարդարված հպարտ քայլեն իրենց հայրենիքում, ինչպես մի ժամանակ անում էին Հայրենական Պատերազմի վետերանները: Իսկ այսօր ազատամարտիկները վախենում են անգամ հիշել, որ երբեւէ եղել են ազատամարտիկներ ու հայրենիքի պաշտպաններ, նրանք ստորադասված ու մոռացված են: Ցավ ապրեցի, երբ Նոր տարվա նախաշեմին հանդիպեցի մի ազատամարտիկի, նա սոսկալի տեսք ուներ, չարքաշ ու տանջալից երթուղային տաքսի էր քշում, եւ անգամ մոռացել ու չէր էլ ցանկանում հիշել, որ երբեւէ հայրենիքի համար է մարտնչել: Պարոնա՛յք, մինչեւ ե՞րբ է շարունակվելու « Արխիպելագ Գուլագը », մինչեւ ու՞ր ենք ուզում հասնել այս ինքնախաբեությամբ ու մեր անվստահությամբ: Ինչու՞ ենք այդքան վստահ, որ պատերազմը չի կարող կրկնվել: Իսկ այդ ժամանակ արդյո՞ք մեր զինվորները ազատամարտիկների սովահար ու չարքաշ կյանքը տեսնելով` կցանկանա՞ն Զիմզիմովների համար իրենց կյանքը զոհաբերել: Լավ տղերքը այդ ժամանակ սահմանագծին կլինե՞ն, թե կշարունակեն Երեւանում հարյուր հոգով մի երկու հոգու դատաստանի ենթարկել: Հասարակության մեջ մի տեսակ էլ կա, երբ Պապայի բալեքը բանակ գնում են, որպեսզի հետագայում կարողանան պետական պաշտոններ զբաղեցնել, նրանք գնում են բանակ` իբրև թե ծառայում եւ համարում, որ ծառայել են հայրենիքին եւ իրենց պարտքը կատարել հայրենիքի հանդեպ: Արցախյան ազատամարտը դարձրել են ծաղր, ամեն կառույց ի զորու է պատերազմի մասնակցի կամ մարտական ուղի անցած ազատամարտիկի փաստաթղթեր շռայլել՝ ում անհրաժեշտ է: Վերջերս հանդիպեցի մեկին, ով մարտական ուղի անցնելու վերաբերյալ գյուղապետից թուղթ պետք է բերեր, իսկ այդ գյուղապետն ի՞նչ կապ ուներ պատերազմի հետ, ինչու՞ են շահարկում եւ ոչնչի հավասարեցնում հայրենիքի պաշտպանությունը: Այդպիսին է վերաբերմունքը ազատամարտիկների հանդեպ, որն էլ ավելի է հիասթափեցնում նրանց: Բայց մի մոռացե՛ք, որ դեռ այդ ազատամարտիկների զավակները տեսնում են այդ ամենը: Ինչպես ասաց ազատամարտիկներից մեկը` «Մանիկյուր տղերքը էսօր տիրում են երկրին ու ոտնահարում են տղամարդ տղերքի ինքնությունը »: Այնուամենայնիվ ազատամարտիկները դեռ չեն կորցրել այն ոգին, որն ունեցել են պատերազմի ժամանակ: — « Անդրանիկը խելոք մարդ է եղել, որ փախել եւ փրկվել է : Մենք թուրքի տանկի դեմ հանդիման կանգնել ենք նաուռա՛ կռվել, չենք վախեցել, հիմա եկել ենք ու Հայաստանում վախենում ենք խոսել » —այս բառերն ասում էր Արցախյան պատերազմի Գրոհային ջոկատի հրամանատարը, ում ջոկատը կռվում էր ճակատային ամենավտանգավոր տեղամասերում: — « Մենք այնտեղ կռվի դաշտում չենք վախեցել, էսօ՛ր այստե՛ղ ենք վախենում խոսել… » — Այս արտահայտությունը հնչում էր բազմաթիվ ազատամարտիկների շուրթերից, որոնց տանջում էր մեկ հարց` ինչու՞ են վերացնում կամ ոչնչացնում մեր պատմությունը կերտողներին: Հայկական Բանակի 20-ամյա տարելիցի առթիվ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, որին հրավիրվել էին բազմաթիվ հյուրեր, սակայն նրանց մեջ բացակայում էին իրական ազատամարտիկները, հերոսները, ազգի նվիրյալները, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել Հայոց Բանակի կազմավորման եւ բանակաշինության գործին: Նրանց փոխարեն նվերներ, պետական պարգեւներ ու շքանշաններ ստացան մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեին բանակի հետ: Իրական հերոսները մնացել են անտեսված ու լքված: Հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ բարձրաստիճան գերերալներից մեկը մի դրվագ պատմեց պատերազմի մասին, դեպքը հետաքրքիր էր, ու ներկաները իսկապես հուզվեցին, սակայն այդ ամենը կեղծ էր: Ազատամարտիկներից մեկը եւս դիտել էր հեռուստատեսությունում գեներալ դարձած մարդու ելույթը եւ միանշանակ հերքեց այդ գեներալ կոչվածի ճակատում լինելու փաստը: Ուրեմն ի՛նչ, մենք ինքնե՛րս ենք կեղծում պատմությունը: Երեւանյան գրախանութներում պատահաբար մի քանի գրքեր տեսա` Ղարաբաղյան պատերազմի մասին, շատ գեղեցիկ ձեւավորումով: Բայց ամենը կեղծ էին ու հորինված, նկարագրված էին կեղծ հերոսներ եւ պատմություններ: Այդ ամենը հենց այնպես չի արվում, սրանք ապացուցում են, որ դա ծրագիր է եւ հատուկ քաղաքականություն: Կեղծել իրական պատմության էջերը, ինչպես արեցին բոլշեւիկ պատմաբանները, ինչպես անում են ադրբեջանցի պատմաբանները` Զիյա Բունյաթովաներն ու նրա նմանները: Հասկանալի է, որ ազերիներն իրենց պատմությունը կեղծում են ի շահ իրենց ժողովրդի, իսկ հայերն ինչու՞ են կեղծում իրական պատմության փառապանծ էջերը: Ո՞րն է դրա նպատակը: Դեռեւս պատերազմի ժամանակ էին ազատամարտիկները հասկացել, թե ինչ էր կատարվում ճակատում եւ ում անուններն էին հայտնվում մամուլի էջերում ու հերոսանում: Ընկերներիցս մեկը հետաքրքիր ու սրամիտ մի միտք ասաց.— «Եղբա՛յր, ինձ թվում է, թե Հայոց հազարամյա պատմությունը սուտ է, այն որ « ծովից ծով » Հայաստան ենք ունեցել, եղբայր, երբեք չհավատա՛ս: Համոզված եմ, Տիգրան Մեծը իր պատմիչներից մեկին մի քանի քսակ ոսկի է տվել ու պատվիրել, որ գրի ծովից ծով Հայաստանի հորինված հեքիաթի մասին, իսկ մենք էլ հավատացել ենք այդ գրվածքին »:— Այո՜, նրա հումորը շատ տեղին էր, քանզի այսօր շատ մարդիկ հերոսական էջեր գրեցին իրենց համար, այն եռամսյա հավաքներով ստիպողաբար ճակատ բերված մարդիկ այսօր հպարտանում են, որ « Կամավոր » են մեկնել ռազմաճակատ, իսկ ոստիկանները, որոնք այդ ժամանակ գումար էին աշխատում, դարձել են « հերոսական » կերպարներ: Մենք` հայերս չգիտենք ինչպես գնահատել վեհ ու անձնազոհ հայ ազատամարտիկներին: Դեռեւս 1994 թվականի պատերազմի թեժ ամիսներին ճակատային գծում ադրբեջանցիներն ամեն օր իրենց «Արազ» ռադիոկայանով հայերեն հաղորդումներում իրազեկում էին Երեւանում կատարվող անարդարությունների մասին, այն, որ մեծահարուստների ընտանիքների տղաները երբեք ճակատային գիծ չէին գնում, իսկ նրանց փոխարեն, որոնցից ոստիկանները մեծ գումարներ էին աշխատում, փողոցներից էին բռնում պատահական անցորդների, խցկում Ղարաբաղ մեկնող ավտոբուսները եւ ուղարկում ռազմաճակատ: Ադրբեջանցիները հատուկ էին իրենց ռադիոկայաններով հեռարձակում այդ տեղեկատվությունը` ցանկանալով այդ ճանապարհով կազմալուծել հայ ազատամարտիկների շարքերը, կոտրել նրանց մարտական ոգին: Սակայն ազատամարտիկները տեղյակ էին այդ ճշմարտությանը, սակայն լռությամբ չենթարկվեցին ադրբեջանցիների սադրանքներին: Ներկայացնեմ մի հետաքրքիր պատմություն, որի ականատեսը ես եմ եղել, թե ինչպես պատահական ռազմաՃակատ բերվեց Վրաստանի մի քաղաքացի` ազգությամբ վրացի, որը Հայաստան էր եկել միայն առևտրի նպատակով: Հայ ոստիկանները Լենինականում գնումներ կատարելու ժամանակ նրան բռնելով խցկել էին ավտոբուսն ու ուղարկել Ղարաբաղ` ճակատային գիծ: Եվ նա ստիպված մնաց մեզ մոտ` մինչեւ զինադադարի ավարտը, որից հետո ինքս նրան Ղարաբաղից ճանապարհեցի Երեւան: Ադրբեջանական ,, Արազ ,, Ռադիոյի սադրիչ հայտարարությունները ազզատամարտիկներն անտեսեցին, լռեցին, հասկանալով երկրին սպառնացող վտանգը, եւ դա գնահատելու փոխարեն արժանանում են հալածանքների: Ինչու չի հերիքում ճշմատությունն ասելու Ձեր համարձակությունը: Մեր չակերտավոր գեներալներն այնքան գեղեցիկ ու հզոր Ֆանտազիա ունեն, որ հայ գրականության Ֆանտաստիկ գրող` Կարեն Սիմոնյանն անգամ չի կարող մրցել նրանց հետ: Հրաշալի կլիներ, եթե նրանք իրենց ֆանտաստիկ տաղանդը օգտագործեին հայ գրականության մեջ, այլ ոչ պղծեն եւ կեղծեն ժամանակակից հայոց պատմության հերոսական էջերը՝ իրենց դարձնելով « Ազգային փրկիչներ »: Զրուցելով ազզատամարտիկներից շատերի հետ հասկանալի է դառնում եւս մեկ փաստ` իշխանությունները փորձում են աղավաղել եւ ուռճացնել Ղարաբաղյան պատերազմին մասնակից ազատամարտիկների իրական թիվը: Ինչու՞ է դա արվում եւ ո՞րն է նպատակը: Զարմանալին այն է, որ, ինչպես ասում են ազատամարտիկները « հայկական կողմը համոզում է, որ Ղարաբաղյան պատերազմին մասնակցել են մոտ 150 հազար հայորդիներ » ինչքանո՞վ է դա ճիշտ: Զրուցեցի ազատամարտիկների հետ, ովքեր մեծ ներդրում են ունեցել Արցախյան պատերազմում, ովքեր պատերազմի սկզբից մինչեւ վերջին օրերը գտնվել են կռվի դաշտում եւ քաջատեղյակ են ամեն փաստի, մանրամասն տիրապետում են ողջ տեղեկատվությանը: Իմ փորձերը հանդիպելու Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի հետ չհաջողվեց, նրա տեղակալները չէին ցանկանում եւ արգելքներ էին ստեղծում մեր հանդիպմանը: Այնուամենայնիվ, արձանագրված փաստերն ապացուցում են, որ ներկայացված թվերն ահռելի չափերով ուռճացված են: Մեջբերեմ միայն կենդանի վկաների խոսքերից.
— « Ղարաբաղյան Պատերազմին մասնակից ազատամարտիկների թիվը չի գերազանցում հինգ ( 5000 ) հազարը: Արդյոք որտեղի՞ց են վերցրել մեր պատմաբաններն ու մասնագետները այդ 150 հազար թվաքանակը »—: Պատկերացնո՞ւմ եք, 5 հազարի փոխարեն 150 հազար, ո՞վ է այս նկարած թվերի հեղինակը: Շատ ազատամարտիկներ են պնդում, որ այժմ` պատերազմից հետո իրենց գումարտակներում թոշակի անցած «Ազատամարտիկների » թվաքանակը բազմապատկված է: Հաջորդ  տարօրինակ հարցը, որ առաջ էին քաշում ազատամարտիկներից շատերը: ՊՆ-ն կամ այլ կառույցներ պատերազմին մասնակցած ազատամարտիկից տեղեկանք կամ բնութագիր են պահանջում, բառացիորեն` «Մարտական ուղի» բառակապակցությամբ: Այդ փաստաթղթի կարեւորությունը մեծ է, եւ եթե դա լիներ օրինական եւ նպատակային, ապա մեծ դեր կխաղար իրական ազատամարտիկների համար: Սակայն դուրս է գալիս, որ այս փասթաթուղթն էլ դարձել է բիզնեսի աղբյուր: « Մարտական ուղի » փաստաթուղթը լրացվում է ցանկացած գյուղխորհրդի կամ տարածքային կառավարման ղեկավարի կողմից: Հարց է առաջանում` ի՞նչ կապ ունեն այդ մարդիկ, որոնք ընդհանրապես պատերազմից տեղյակ չեն, արդյոք իրավասություն ունեն տրամադրելու նման փաստաթուղթ: Նշանակում է ունի, եւ նա կարող է անգամ իր « Զոքանչի » կամ « Քենու » համար գեղեցիկ «Մարտական ուղի» գրել: Ցավալին այն է, որ արդեն իսկ բազմաթիվ են մարտական ուղի չունեցող ազատամարտիկները, որոնք թիկունքային ծառայությունում լինելով, Ղարաբաղի տեղն անգամ չիմանալով, ստացել են անգամ գնդապետի աստիճան եւ պետական պարգեւներ` անհատ « սխրագործությունների » համար: Այդ է պատճառը, որ ՊՆ-ում վստահեցնում են, թե արխիվներն այրվել են եւ ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել: Կեղծիքները կոծկելու լավագույն միջոցն է՝ կեղծ տեղեկատվություն տարածել փաստաթղթերի ոչնչացմամբ: Ազատամարտիկներից շատերն են համակրում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` իրենց մարտական ընկերոջը, նրանք համոզված են, որ նախարարը շրջապատաված է մարդկանցով, ովքեր չեն թողնում, որ նա գործի ինչպես հարկն է, նա մենակ է գործում, իսկ մեկ հոգին, թեկուզ նախարար ոչինչ անել չի կարող: Ճշմարտություն կա այս ամենի մեջ: Անգամ ես հավատացած եմ, որ ՊՆ-ի ընդունարանում մշտապես հավաքված քաղաքացիների մասին նրան չեն էլ զեկուցում: Ես՝ որպես քաղաքացի, խորհուրդ կտայի նախարարին գոնե տեսախցիկների օգնությամբ կարողանար վերահսկել եւ հետեւել աշխատասենյակից դուրս կատարվող դեպքերին: Այսօր դեռ ողջ են պատերազմի բովով անցած իրական ազատամարտիկները, որոնց միջոցով կարելի է գրի առնել պատերազմի մասին հուշերն ու պատմությունները: Սակայն ցավալի է, որ մեր իշխանությունները ճշմարտությունը վերականգնելու փոխարեն որդեգրել են ճշմարտությունը ոչնչացնելու քաղաքականություն եւ ամեն գնով պայքարում են դրա դեմ: Ի՞նչ նպատակով են մարդիկ գրում պատերազմի մասին կեղծ գրքեր ու հոդվածներ, եթե գաղափար անգամ չունեն դրանից: Ստեղծել են Վազգեն Սարգսյանի մասին հերոսական կերպար, ով հեռու է հերոս լինելուց: Ինչու են հերոսացնում մի քանի հոգու, եւ ինչու՞ ստվերում թողնում իրական հերոսներին: Անդրադառնամ Վազգեն Սարգսյանին, դեռևս 1992թ.-ին տարածքային կորուստների արդյունքում նա կորցրեց իր վստահությունը ազատամարտիկների շրջանում, եւ պատահական չէր նրա փոխված վերաբերմունքն ու կեցվածքը կռվի դաշտում թրծված հրամանատարների ու ազատամարտիկների հանդեպ: Նրա ամենամոտ զինակիցներից մեկը խոստովանեց եւ հաստատեց այդ փաստը.
— « Վազգենն արդեն սկսել էր տղաների հանդեպ ատելություն դրսեւորել, այդ էր պատճառը, որ շատ հարցերում սկսել էր հենվել ներքին գործերի իր զինակիցների վրա, քան ազատամարտիկների »: — Պատերազմի ժամանակ եւ դրանից հետո նրա կողմից իրագործվող բռնությունները ազատամարտիկների դեմ շարունակվեցին անգամ նրանից հետո, այդ « էստաֆետը » փոխանցվեց նորերին, քանզի որդերված քաղաքականությունը նույնն էր՝ երկիրը տանել կործանման, իսկ դրա համար ազգին նվիրյալներ պետք չէին, այլ հանցախումբ ( Ահա եւ գաղութապետին Ռազմական Ուսումնարանի պետի նշանակման հարցի պատասխանը…) Սպասենք, որ երբեւէ կգան ժամանակներ, որ պետությունը արժանվույնս կգնահատի իսկական հերոսներին, որոնց թիվը մնացել է մի քանի տասնյակ: Նրանք դարձել են Արցախյան Ազատամարտի « Վերջին Մոհիկանները », իսկ նրանցից շատերը զոհ գնացին չքավորությանն ու անարդարությանը: Նրանցից շատերը բախվեցին կյանքի անարդարություններին ու դաժանություններին, հաշմանդամ ազատամարտիկները մնացին լքված ու միայնակ, դատապարտվեցին միայնության, անգամ սեփական ընտանիքիների կողմից՝ ի զորու չլինելով արժանապատիվ պահել ու հոգալ ընտանիքի կարիքները: Իսկ դաժան իրականությունն այն էր, որ հաշմանդամները ոչ ոքի հարկավոր չեն` ոչ պետությանը, որի համար դարձել են հաշմանդամ, ոչ ընտանիքին: Այժմ մեզ մնացել է հաղթահարել ու վեր խոյանալ կործանումից, կարողանանք փրկել եւ փրկվել: Օգնե՛նք Հայոց Ազատամարտի Վերջին Մոհիկաններին, որոնք իրենց հոգում թաքցնում են Հայոց Պատմության հերոսական էջերը: Ես կոչ եմ անում աշխարհի հայ լրագրողներին եւ իրավասու կազմակերպություններին` լծվել հայրենանվեր այս գործին` մաքրելու պատմության կեղծ էջերը, եւ գրել ճշմարիտ պատմությունը` ի հայտ բերելու իսկական հերոսների պատմությունները: Նրանք անձնվիրաբար իրենց նվիրեցին հայրենիքի ազատագրմանը` չխնայելով իրենց կյանքը: Մենք պետք է կարողանանք գնահատել նրանց` պատմությունը հավերժացնելով, քանզի պատմությունը ոչ թե նրանց է պետք, այլ սերունդներին: Մենք պետք է փրկենք պատմությունն ու Ազատամարտի Վերջին Մոհիկաններին: Մենք պարտավոր ենք:

27/ 06 /2012 Վ.Հ © VH Վարդան Հովհաննիսյան, Իսպանիա:

;

 

 

Реклама
Запись опубликована в рубрике Uncategorized. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s